Լրահոս

Ինչ խուճապ է Մոսկվայում. Հայաստանի հույսը

 

arm148458855445

Օբամայի պացիֆիզմը, արտաքին քաղաքականությամբ զբաղվելու ցանկության բացակայությունը հանգեցրին նրան, որ հանրապետականները, եւ ոչ միայն նրանք, փորձում են արդիականացնել ՆԱՏՕ-ն եւ պնդել հին ու օրինաչափ գաղափարը՝ Եվրոպական պետությունները պետք է մեծացնեն ռազմական ծախսերը: Դրա հետ մեկտեղ, առայժմ չի խոսվում ՆԱՏՕ-ի կազմի ու առաքելության ընդլայնման տարբերակների մասին:
Դրանով զբաղվում է մի մարդ, ով հեռու է քաղաքականությունից ու ասում է հակասական բաներ՝ ԱՄՆ նոր նախագահ Թրամփը: Դա շարունակվելու է այնքան, քանի դեռ իմփիչմենթի գաղափարն իրական չդառնա:
ՆԱՏՕ-ն անկասկած նոր զարգացում կստանա, այդ թվում Սեւծովյան-կովկասյան տարածաշրջանում:
ԱՄՆ հայկական կազմակերպությունները ոչինչ չեն ձեռնարկում ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրման համար, թեեւ կա այն բանի ընկալումը, որ դա Հայաստանը ֆիզիկապես պահպանելու միակ ճանապարհն է: Դա կապված է ոչ միայն անգործության ու ծուլության հետ: Կա այլ եւ չափազանց ամոթալի պատճառ:
Հայ հասարակությունն անկասկած ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես անվտանգության հնարավոր աղբյուր եւ գործընկեր գեոտնտեսական հարցերի լուծման համար:
Քաղաքական դասի քիչ թե շատ պատրաստված ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դիտարկում են որպես կոմունիկացիոն եւ ինստիտուցիոնալ շրջափակումը հաղթահարելու միջոց, բայց ոչ նրանք, ոչ էլ առավել եւս հայ խորհրդարանականները եւ կառավարության մեծ մասը որեւէ պատկերացում չունեն, թե ինչպես է այդ խնդիրը լուծվելու ՆԱՏՕ-ի օգնությամբ:
Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ն դարձել է յուրատեսակ «Բարեհուսո հրվանդան», որից այն կողմ բացվում է մի բան, որի մասին չկան հստակ պատկերացումներ:
Հայաստանում բավական ուշադիր հետեւում են ՀԱՊԿ եւ եվրասիական տնտեսական միության գործընկերների միջեւ հարաբերություններում տեղի ունեցող գործընթացներին, երբ առաջանում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության գայթակղություն: Ռուս-բելոռուսական իրադարձությունները եւ նույնիսկ Ղազախստանի պրագմատիկ քաղաքականությունը բացասական ազդեցություն են գործում Հայաստանում տրամադրությունների վրա:
Սակայն Հայաստանին առավելապես մտահոգում են ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարները, քանի որ Ռուսաստանը նշանակալի շահեր ունի Թուրքիայում եւ Ադրբեջանում:
Հայաստանը ռուս-թուրքական մերձեցմանը հակադրելու նպատակով նոր գործոնների գեներացման ջանքեր է գործադրում, սակայն նրա հնարավորությունները համեստ են, եւ նա ստիպված է ընդունել արտաքին նախաձեռնությունները, որոնք կապված են արդեն ոչ թե ուժի համաշխարհային կենտրոնների հետ իր հարաբերությունների, այլ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ:
Ընդ որում, Եվրատլանտյան կառույցները ինքնին «բեւեռ» չեն դարձել Հայաստանի կողմնորոշման համար, որը շարունակում է հոռետեսությամբ վերաբերվել դրանց եւ գերադասում է ավելի վստահելի հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ: Սակայն Հայաստանի հանդեպ Ռուսաստանի հետաքրքրության թուլացումը կապված է ոչ այնքան Թուրքիայի հետ դիրքորոշումները մոտեցնելու փորձերի, այլ առավել լայն դիապազոնով ռուսական շահերի հետ:
Երեւում է որոշ ժամանակ է պետք հասկանալու համար, որ հրաշքներ չեն լինում: Նախ դա հասկացել են եվրոպացիները, հետո ամերիկացիները, հիմա ստիպված են հասկանալ Ռուսաստանն ու Հայաստանը:
Մոսկվայի քաղաքական շրջանակներում, ներառյալ փորձագիտական շրջանակները, ավելի ու ավելի է տարածվում գաղափարը, որ Հայաստանն ընդունակ չէ կատարել այն գործառույթներն ու դերը, որոնք կապվում էին նրա հետ պաշտպանական-ռազմավարական պլանում եւ որոնք մեծապես առնչվում էին ինչպես ռուսական ընկերությունների, այնպես էլ քաղաքական գործիչների ու փորձագետների անձնական շահերին:
Հայաստանի հանդեպ այս վերաբերմունքը հնարավոր է դարձել ռուսական քաղաքականության եւ քաղաքական էլիտաների խիստ «էկոնոմիզացիայի» պայմաններում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի էլիտաներին հատուկ պրոֆանացիայի հետեւանքով առայժմ պատասխան չկա հետեւյալ հարցին՝ «կա՞ արդյոք Կովկասում այլընտրանք Հայաստանի հետ համագործակցությանը»: Պատասխան չկա նաեւ այն հարցին, թե որն է Հայաստանի դերը տարածաշրջանում այլ սպառնալիքներին ու ռազմավարություններին դիմակայելու հարցում:
Այս տրամադրությունները Մոսկվայում փորձում են ներկայացնել որպես հարավային ռազմավարական ուղղությամբ սպառնալիքի լուրջ ազդանշան, ինչն ավելի շուտ պայմանավորված է ոչ թե առարկայական վերլուծությամբ, այլ մակերեսային դիտարկումներով, որոնք անում են ԶԼՄ-ներ մուտք ունեցող «ավտոբուսային քաղաքագետները», որոնք մեծամասամբ կրթություն են ստացել Ռուսաստանում:
Եթե ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հարցն արդեն «քաղաքացիություն ստանար», կլիներ առարկայական բանավեճ: Ձեռք բերված ստանդարտներով, ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում Հայաստանն առավելություն կունենար իր հարեւանների համեմատ, այն պայմաններում, երբ Դաշինքի անդամ են դարձել կառավարման անհամարժեք չափանիշներ եւ զինված ուժեր ունեցող պետություններ:
Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ում նոր անդամներ ընդունելու հարցի լուծումը կապված է քաղաքական խնդիրների հետ, որոնք Հարավային Կովկասում հեռու են լուծումից: Սակայն ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրներին ներգրավելու նախագիծն ամենաքիչն է կախված տարածաշրջանի իրավիճակից:
Այդ հարցը կախված է շատ կոնկրետ խնդիրներից, որոնք կապված են Սեւ ծովում ԱՄՆ խնդիրների, Ուկրաինայի աշխարհքաղաքական կողմնորոշման, թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարի, ինչպես նաեւ Արեւմտյան հանրության տարածական, ժամանակային եւ ինստիտուցիոնալ սահմանների վերաբերյալ սկզբունքային հարցերի հետ, որի մեջ կարող էին ներառվել Թուրքիան ու Ռուսաստանը որպես այս սուպեր-դաշինքի ամենաարեւելյան մասնակիցներ:

Մինչ այժմ պաշտպանության ու անվտանգության ոլորտում ամենահզոր պետության, աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների ոչ մի հայտարարություն ու բանաձեւ որեւէ նշանակություն չի ունեցել, քարոզչականից բացի:Կարիք կա՞ այսքան վաղ խուճապ բարձրացնել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ:

Հնարավոր է՝ դա արվում է որոշակի նպատակներով, որոնք կապված են Մոսկվայում գաղափարների ու թղթերի պայքարի հետ, սակայն դա սկզբունքային որոշումների ընդունման հարցում չի հանգեցնի որեւէ արդյունքի:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing