Ինչը ոտքի հանեց Ռուբեն Վարդանյանին. Նիկոլ Փաշինյանի համարժեք արձագանքը

185

lragir.am — Ռուսաստանում ազգությամբ հայ գործարարների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հանրային մեծ ուշադրության արժանացավ հայտնի ռուսաստանահայ գործարար, Հայաստանում արդեն տեւական ժամնանակ տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրեր իրականացնող Ռուբեն Վարդանյանի պատճառով: Թեեւ, հանդիպման ընթացքում շոշափվեցին իսկապես կարեւոր թեմաներ եւ տեղի էր ունենում իսկապես հետաքրքիր քննարկում վարչապետի ու ռուսաստանահայ գործարարների միջեւ:

Այդուհանդերձ, Հայաստանի հանրությունը դեռեւս թատրոն սիրող հանրություն է, չնայած, գուցե այդպիսին են գործնականում բոլոր հասարակությունները:

Իսկ թատրոնը կամ շոուն ապահովեց Ռուբեն Վարդանյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրացրեց Հայաստանի կայունության, կանխատեսելիության հարցը, Նիկոլ Փաշինյանին հայտնեց, թե նա հանրահավաքում չէ եւ գործարարների հետ հանդիպմանը պետք է խոսել թվերով, ուսումնասիրություններով, վերլուծություններով: Վարդանյանը հարցրեց օրինակ, թե որն է Հայաստանում բիզնեսի ամենաշահութաբեր ոլորտը, ասելով, թե դա չգիտեին նաեւ նախորդ կառավարությունները:

Նիկոլ Փաշինյանի Վարդանյանին պատասխանեց համարժեք, ասելով, որ իր համար անհասկանալի են Հայաստանում ապակայունության, ինչ որ քաղաքացիական պատերազմի, հետապնդումների մասին խոսակցությունները եւ եթե որեւէ մեկը կարծում է, թե կայունությունը իր միապետ հռչակվելն է, ապա այդպիսի բան չի լինի եւ Հայաստանում հետագայում այլեւս կայուն կերպով հասարակությունն է ընտրելու իր իշխանությանը: Միեւնույն ժամանակ Փաշինյանը համաձայնեց, որ պետք է իշխանություն եւ ներդրողներ երկխոսություն, որի առանցքում սակայն պետք է լինի Հայաստանի պետական շահն ու օրենսդրությունը: Նա միեւնույն ժամանակ հայտարարեց, թե ինքն անսխալական չէ, պատրաստ է ընդունել իր սխալն ու ներողություն խնդրել, եւ միաժամանակ նաեւ հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է ներդրողների օժանդակությանն էլ, քննադատությանն էլ, ի շահ արդյունավետ ընդհանուր գործի:

Իրավիճակը իսկապես հետաքրքիր է: Մի կողմ թողնենք այն, որ հասարակությունը ինչպես միշտ ընկալեց իր «ավանդականի» շրջանակում, բաժանվելով Փաշինյան-Վարդանյան երկխոսություն-բանավեճի երկրպագուների: Մի մասը երկրպագում է Նիկոլ Փաշինյանին եւ «տոնում» նրա ջախջախիչ հաղթանակը Վարդանյանի նկատմամբ, մյուս մասը երկրպագում է Վարդանյանին եւ արձանագրում Նիկոլ Փաշինյանի վրիպումը, սխալը:

Իրավիճակը սակայն պահանջում է բացարձակապես այլ մոտեցում: Այն, որ նոր կառավարությունը տնտեսական, ներդրումային քաղաքականության հարցում ունի բացի կոռուպցիայի դեմ պայքարից եւ օրինականության, «փայ չմտնելու» վերաբերյալ հավաստիացումներից ներդրողներին նաեւ բազմաթիվ այլ ազդակներ հղելու անհրաժեշտություն, անկասկած է: Ներդրումային գրավչությունը ձեւավորվում է առնվազն մեկ տասնյակին մոտ հիմնարար գործոններով եւ կոռուպցիայի դեմ պայքարն ու օրինականությունը հույժ կարեւոր, բայց ոչ ամբողջական գործոններն են:

Առավել եւս, որ կա մի նրբություն, երբ խոսքը ռուսաստանահայ գործարարների մասին է: Այստեղ կայունության մասին նրանց պատկերացումները կարող են որոշակի դիսոնանսի մեջ լինել այսպես ասած ժողովրդի իշխանության իրացման կայունության բանաձեւի հետ: Լավ ու վատի, ճշտի կամ սխալի խնդիր չկա, պարզապես այդ մարդիկ գործ ունեն պոստսովետական-ռուսական-եվրասիական տարածության հետ եւ անկասկած է, որ հիմնավոր զգուշավորություն ունեն այդ տարածքում այսպես ասած ժողովրդավարա-քաղաքացիա-իրավական կառավարման մեխանիզմների հանդեպ:

Խորքային առումով Ռուբեն Վարդանյանի արձագանքը թերեւս պարունակում էր հենց այդ տողատակը, որ այստեղ լսարանը մարդիկ են, որոնք օբյեկտիվորեն այլ շրջանակում են չափում իրականությունը, զուտ մարդկային ոգեւորությունից դուրս:

Մյուս կողմից, միջադեպը պարունակում է նաեւ հարցեր: Օրինակ, ինչու՞ է Ռուբեն Վարդանյանը ռուսաստանահայ գործարարների հետ Փաշինյանի հանդիպմանը վեր կենում եւ տալիս կայունության ու կանխատեսելիության մասին հարցադրումը եւ ակնարկում, որ Փաշինյանը հանրահավաքային, քան տնտեսական քաղաքականություն է վարում:

Ռուբեն Վարդանյանը անկասկած լավ է պատկերացնում, որ ինքը նշանային ֆիգուր է այդ առումով, հետեւաբար իր խոսքն ունենալու է նշանակալի ազդեցություն եւ դիտվելու է նույնիսկ իբրեւ ազդանշան, հաշվի առնելով նաեւ այն, որ Վարդանյանը արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում ներդնում է հարյուրավոր միլիոն դոլարներ, ներգրավում նաեւ իր այլ գործընկերների, ընդ որում ոչ միայն հայազգի:

Եվ ուրեմն, այդ ամենն անկասկած պատկերացնելով, ինչու՞ է Ռուբեն Վարդանյանը փաստացի հարվածում «թիկունքից», փաստի առաջ դնում ռուսաստանահայ գործարարների հետ հանդիպող Նիկոլ Փաշինյանին, կամ այլ կերպ ասած դե ֆակտո հայտարարում, թե մի լսեք այդ մարդուն, նա միայն հանրահավաք է կարողանում անել:

Դատելով Նիկոլ Փաշինյանի արձագանքից, նա եւս զարմացած էր Վարդանյանի այդ պահվածքից: Պատահական չէ, որ Փաշինյանը հիշեցրեց նրան, որ ընդունել է նրա հրավերները թե զրուցելու, թե Դիլիջանի դպրոց այցելելու:

Այդպիսով, ի՞նչն է դրդել Ռուբեն Վարդանյանին այդ փաստացի «անհնազանդության» թեկուզ փոքր ակցիային: Արդյո՞ք դրա տակ կան քաղաքական շարժառիթներ, թեեւ Ռուբեն Վարդանյանն իհարկե մինչ այժմ կարողացել է Հայաստանում բավականին համարժեք եւ օպտիմալ տարածություն պահել իր խոշոր ներդրումային գործունեության ու քաղաքականության տարանջատման մասով:

Թե՞ Վարդանյանը պարզապես ինքն է վրիպել, ընտրելով իհարկե կարեւոր խնդրի կամ նրբերանգի վերաբերյալ ահազանգի «քաղաքականապես ոչ կոռեկտ» ձեւակերպման կամ հնչեցման տարբերակ: Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի արձագանքը բավականին համարժեք էր իրավիճակին: Նա իհարկե կայունության եւ կանխատեսելիության մասով արձագանքեց միարժեք հստակ եւ կոշտ, սակայն խուսափեց այնպիսի ձեւակերպումներից, որոնք այդ արձագանքը կդարձնեին Ռուբեն Վարդանյանին հասցված ուղիղ հակադարձում: Իսկ Վարդանյանի մասով Փաշինյանը մնաց իսկապես պետության ղեկավարին համարժեք կեցվածքում եւ պահեց երկխոսության համար անհրաժեշտ դաշտը:

Վերջին հաշվով, խոսքը մի կողմից Հայաստանում աննախադեպ եւ ընդհուպ աշխարհաքաղաքական նշանակության քաղաքական հաջողության հասած գործչի մասին է, մյուս կողմից խոսքը միջազգային ասպարեզում որոշակի աննախադեպ հաջողություն արձանագրած գործչի մասին, որը հարյուրավոր միլիոն դոլարի ներդրում է անում Հայաստանում, ինչը արժեքավոր է ոչ միայն ինքնին, այլ նաեւ նրանով, որ դրանք արժեհամակարգային եւ մտածողության վերափոխման ուղղված ներդրումներ են:

Հրեշտակներ չկան որեւէ կողմում, երկու կողմում էլ կան հարցեր ու խնդրահարույց իրողություններ, բայց պետական առաջընթացը պայմանավորվում է ոչ թե խնդիրների բացակայությամբ, այլ գերակա ռազմավարության ու առաջնահերթության սահմանումով եւ ըստ այդմ խնդիրների լուծման մեխանիզմների ձեւավորումով: Զարգացող կամ առավել եւս զարգացած պետությունները նրանք չեն, որ խնդիրներ այլեւս չունեն, այլ նրանք են, որոն ունեն խնդիրների լուծման արդյունավետ եւ անընդհատ արդիակաբնացող թե քաղաքական, թե տնտեսական, թե հանրային մեխանիզմներ:

Այդ իմաստով, Փաշինյանն ու Վարդանյանը գործնականում նույն հարթության վրա են: Հաշվի առնելով այն, որ ամեն մեկը յուրովի առանձնահատուկ դեր ունի Հայաստանի ներկայիս ժամանակաշրջանում եւ ապագայի հեռանկարում՝ իհարկե ամենեւին չհամեմատելով դերերը, որովհետեւ դրանք սկզբունքորեն համեմատելի կամ համադրելի չեն եւ լինել չեն կարող՝ Նիկոլ Փաշինյանը պետության Առաջին դեմքն է, նրանք թերեւս որոշակի անհրաժեշտություն ունեն առաջիկայում ցրել կոնֆլիկտային տպավորությունն ու այսպես ասած «երկրպագուական» մթնոլորտը:

Իսկ, եթե Ռուբեն Վարդանյանն այդուհանդերձ ունի խնդիր, ապա այդ դեպքում պետք է լինել առավել հստակ, առարկայական, փաստական, դարձյալ ցրելով մանիպուլյացիաների դաշտն ու ստեղծելով դրանց շուրջ արդյունավետ քննարկումների միջավայր:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache