Ինչեր է բացահայտել Վովա Գասպարյանը. նրա կանխարգելիչ հարվածը

450

lragir.am — Պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որ ՀՀԿ խմբակցությունից եւ կուսակցությունից հեռացած առաջին պատգամավորն էր եւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախկինում էլ եղել են բացահայտումներ, սակայն չեն բարձրաձայնվել, քանի որ «ներքին կարգով» եղել է չտարածվելու, ամեն ինչ փակ պահելու հրահանգ:

Արթուր Գեւորգյանի հայտարարությունն ուշագրավ է ոչ այն պատճառով, որ նա փաստորեն խոսում է նախկինում եղածի ու այն պարտակելու հրահանգի մասին: Ի վերջո, հազիվ թե Հայաստանի քաղաքացիները միամտություն ունենային կարծելու, որ Հայաստանում մասշտաբային գանձագողությունն ու կոռուպցիան աննկատ են եղել իրավապահ համակարգի համար: Միաժամանակ գաղտնիք չէ նաեւ, որ իրավապահ համակարգը չի բարձրաձայնել, որովհետեւ չի եղել քաղաքական իշխանության կամք: Իրավապահ համակարգը չի կատարել իր հիմնական եւ ամբողջական գործառույթը՝ ապահովել օրենքի գերակայություն ամենուր, անկախ որեւէ մեկի սոցիալական կարգավիճակից եւ քաղաքական համաձայնությունների շրջանակից:

Արթուր Գեւորգյանի հայտարարությունն ուշագրավ է այլ տեսանկյունից: Նրա շուրթերով փաստացի «բարբառում» է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, հիշեցնելով, որ իրեն հայտնի է ամեն ինչ կամ համենայն դեպս շատ բան:

Ու՞մ է դա հիշեցնում նախկին ոստիկանապետը: Ունի հիշեցման հատուկ անհրաժեշտությու՞ն, թե՞ պարզապես նրա մեջ խոսում է մասնագիտական նախանձը եւ անուղղակի փորձում է ցույց տալ, որ, եթե նախկին քաղաքական իշխանությունը չզսպեր, ապա ինքը վաղուց էր բացահայտել այն, ինչ այժմ բացահայտում են ԱԱԾ-ն, ոստիկանությունը:

Թե Գասպարյանի մեջ խոսել է այլ բան, մասնավորապես այն, ինչն այս օրերին խոսել է շատ շատերի մեջ, Մանվել Գրիգորյանի հանդեպ խիստ բացասական վերաբերմունքով հանդերձ: Բանն այն է, որ այս օրերին Գրիգորյանը դարձել է յուրօրինակ «սրբիչ» շատ շատերի համար, որոնք եղել են նախկին համակարգի այս կամ այն տեղում, օգտվել համակարգից այս կամ այն չափով, իսկ շատերը նույնիսկ ավելի՝ քան Մանվելը, սակայն այսօր ստացել են նրա վրա իրենց ձեռքերը «սրբելու» հնարավորություն: Իհարկե, միամիտ է կարծել, թե դա նրանց կհաջողվի, կհաջողվի ռեաբիլիտացվել կամ չեղած տեղից սրբանալ Մանվելի հաշվին:

Բայց, բոլոր դեպքերում մարդկայնորեն բավական տհաճ է երեսպաշտության ու ուրացման այդ հավաքական դրսեւորումը, ինչն ի դեպ տեղի է ունենում ամենեւին ոչ միայն ՀՀԿ շրջանակում:

Ըստ երեւույթին, այդ տհաճությունն է զգացել նաեւ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որոշելով հիշեցնել բոլորին, որ առնվազն իրեն օրինակ հայտնի է, թե ով ով է, ինչ է արել, երբ, որտեղ, ում հետ եւ այլն: Ըստ այդմ չկա չքմեղանալու եւ Մանվելի «կաշվից» հրեշտակի թեւեր կարելու իմաստ, որովհետեւ միեւնույն է, դա չի օգնի:

Չի բացառվում, որ Վովա Գասպարյանը զուտ մարդկային տհաճությունից բացի, ունի նաեւ մարդկային անհանգստություն, որ մի օր էլ նույն ջանադրությամբ կարող են որոշել միավոր հավաքել օրինակ իր հաշվին: Վովա Գասպարյանը Արթուր Գեւորգյանի միջոցով պրոֆիլակտիկ հիշեցնում է նախկին համակարգին, որ չի ստացվի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache