Ինչի՞ է պատրաստվում Ռուսաստանը

61

Այս տարվա սեպտեմբերի 11-15-ին Ռուսաստանը կանցկացնի 1981 թվականից ի վեր ամենամեծ «պատերազմական խաղերը»: Զորավարժությունն անվանվել է «Վոստոկ 2018», ներառելու է ավելի քան 300.000 զինվորականի, ռուսական երկու նավատորմ, ավելի քան 1.000 ռազմական օդանավ և օդային հարձակման ռուսական բոլոր միավորները:

Այս զորավարժություններին անդրադարձել են ամերիկյան բազմաթիվ կայքեր՝ նշելով, որ վերջին անգամ նման լայնամասշտաբ զորավարժություններ Ռուսաստանը կազմակերպել էր 1981 թվականին՝ Սառը պատերազմի ընթացքում: Ուստի այժմ, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները փոքր-ինչ սրվել են, շատերին է հետաքրքրում՝ կարո՞ղ է սա պատերազմի նախանշան լինել։

Washington Examiner-ի թղթակից Թոմ Ռոգանի կարծիքով՝ չնայած Ռուսաստանի որոշ զորավարժություններ մտահոգիչ են, սակայն այս մեկը չպետք է ԱՄՆ-ին անհանգստացնի: Նախ՝ զորավարժություններն անցկացվելու են Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող լինել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից մեկի վրա հարձակման հնարավորություն դիտվել: Մյուս կողմից այն ՆԱՏՕ-ին յուրահատուկ հնարավորություն է տալիս իր հետախուզական մարմինների միջոցով պարզել Ռուսաստանի ռազմական պատրաստվածության աստիճանը։

ԱՄՆ-ն, սակայն, ռազմավարական այլ շահեր էլ ունի զորավարժություններին հետեւելու համար: Ակնհայտորեն, զորավարժությունները որոշ ուժեր են ներառելու նաեւ Չինաստանից և Մոնղոլիայից, սակայն, ըստ Ռոգանի, դա չպետք է մտահոգիչ լինի։ Ի վերջո նորություն չէ, որ Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային համակարգը փոխել, ըստ այդմ, համագործակցում են: ԱՄՆ-ի համար նրանց ռազմական համագործակցությունը դիտարկելը բացառիկ հնարավորություն է:

Ռուսաստանը նաև հայտարարել է սեպտեմբերի 1-8-ը Միջերկրական ծովում անցկացվող զորավարժությունների մասին: Ամերիկյան կայքերը գրում են, որ Կրեմլի վարած հիբրիդային պատերազմը ներառում է լայնածավալ զորավարժությունների անցկացում, ինչպես նաեւ ԵՄ անդամ-պետությունների դեմ ակտիվ միջոցների կիրառում, որոնք ներառում են էթնիկ ատելություն եւ ազգայնականություն, ծայրահեղական խմբերի եւ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորում քաղաքական համակարգի երկու կողմում միաժամանակ:

Japan Times-ը գրում է, որ զորավարժություններին Չինաստանի մասնակցությունը նպատակ ունի ցրել Չինաստանի կասկածները, թե դրանք իր դեմ են ուղղված, ինչպես նաև աշխարհին ցույց տալ, որ Չինաստանն ու Ռուսաստանը հաստատում են ավելի խորը ռազմական և անվտանգության համագործակցություն: Ռուսաստանի համար այս զորավարժություններն այնքանով են կարեւոր, որ Արեւմուտքը հասկանա՝ Ռուսաստանի ռազմական ուժերի հետ պետք է հաշվի նստել:

Չինաստանն այստեղ կկարողանա ծանոթանալ ժամանակակից մարտին. վերջին անգամ ակտիվ պատերազմ Չինաստանը վարել է Վիետնամի դեմ 1979 թվականին, ուստի ուզում է ուսումնասիրել, թե ռուսներն ի՞նչ են սովորել Սիրիայում և Չեչնիայում կռվելուց հետո: Այս ամենին թերևս Ճապոնիան ևս պետք է ուշի ուշով հետևի, որպեսզի Ռուսաստանին կարողանա դիվանագիտական այլընտրանք առաջարկել և թույլ չտալ Պեկին-Մոսկվա մերձեցումը:

Ավստրալիական abc.net.au կայքը ևս մտահոգված է։ Գրում է, որ Ռուսաստանն այսպես լայնածավալ պատերազմի փորձ է անում: «Վոստոկը» շեշտը կդնի և կփորձարկի Ռուսաստանի կայուն զարգացող հնարավորություններն իր տրամադրության տակ գտնվող ռազմական ուժերը մոբիլիզացնելու հարցում: Ավելին, քանի որ զորավարժությունները ներառում են նաեւ նշանակալի միջուկային վարժանքներ, իսկ Ռուսաստանի երկու միջուկային նավատորմերը մասնակցում են, սա ևս վկայում է միջուկային օպերացիաներ իրականացնելու պայմանների փորձարկումների մասին:

Եթե հավատանք այս վարկածներին, ապա նշանակում է՝ առաջիկայում լուրջ մարտահրավերներ են սպասվում աշխարհին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ «Վոստոկի» իրականացումը Ռուսաստանի ինքնապաշտպանության իրավունքի իրագործման համար է նախատեսված, քանի որ միջազգային հանրությունը շարունակ ավելի թշնամաբար է տրամադրվում Ռուսաստանի հանդեպ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache