Լրահոս

Ինչի՞ համար է Հայաստան եկել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը

 

Հայ-ռուսական անվտանգության խորհրդակցությունների մասնակցելու համար Երեւան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Հայ-ռուսական անվտանգության թեմայով խորհրդակցությունն իհարկե մի կողմից արտառոց կամ նոր երեւույթ չէ, մյուս կողմից այն հայ-ռուսական կանոնավոր բնույթ կրող շփումներից չէ եւ կարծես թե ենթակա չէ «ռեգլամենտի» ու թելադրվում է ընթացիկ զարգացումների տրամաբանությամբ:
Իսկ այդ առումով ներկայում բավական հետաքրքիր շրջան է թե Հայաստանի ներքին քաղաքականության, թե տարածաշրջանային եւ արտաքին քաղաքականության իմաստով:
Ներքին կյանքում մեկնարկել է խորհրդարանի ընտրության քարոզարշավը, որի արդյունքում պետք է ձեւավորվի նոր խորհրդարանը, որը փաստացի լինելու է Հայաստանի նոր իշխանության միակ ներկայացուցչական օղակը: Միեւնույն ժամանակ, այդ ընտրությունն էլ ինքնին Հայաստանում նոր իշխանության ձեւավորման կամ վերաձեւման գործընթացի օղակներից մեկն է:
Միեւնույն ժամանակ, բավական աշխույժ շրջափուլ է տարածաշրջանային քաղաքական իրավիճակի առումով՝ Արցախի խնդրի շուրջ, եւ ոչ միայն: Ապրիլի պատերազմով կամա թե ակամա Ադրբեջանը քանդել է տարածաշրջանային անվտանգության համակարգը, կամ բացահայտել դրա անկենսունակությունն ու սպառվածությունը: Տարածաշրջանը եւ դրանում շահագրգռված պետությունները կանգնել են անվտանգության նոր համակարգի ձեւավորման անխուսափելի հրամայականի առաջ: Աներկբա է, որ հինը ենթակա չէ վերականգնման մի շարք պատճառներով: Ինչպիսի՞ն պետք է լինի նոր համակարգը:
Ներկայում տարածաշրջանն ու դրա շուրջ ծավալվող զարգացումներն ավելի ու ավելի են կենտրոնանում այդ խնդրի վրա, որն իհարկե ելակետային է ոչ միայն Կովկասի, այլ նաեւ միջազգային անվտանգության ամբողջ համակարգի համար, որը ձգվում է թե դեպի հյուսիս, հյուսիս-արեւմուտք՝ դեպի Եվրոպա, թե դեպի հարավ, մասնավորապես Իրան եւ ըստ այդմ նաեւ Իրանի հետաքրքրության հարակից այլ գոտիներ:
Անկասկած է, որ տարածաշրջանային ապագայի, ըստ այդմ նաեւ աշխարհքաղաքական շղթայի հեռանկարի առումով, որի անվտանգության եւ կայունության հարցում էական դեր ունի կովկասյան օղակը, որոշակիություն եւ կանխատեսելիություն կարող է ձեւավորվել միայն անվտանգության նոր համակարգի ձեւավորումից կամ առնվազն սաղմնավորումից հետո:
Այդ գործընթացն իհարկե կկրի տեւական բնույթ, ունենալով աշխույժ եւ պասիվ շրջափուլեր: Ներկայում այն գտնվում է աշխույժ փուլում, եւ այդ իմաստով հայ-ռուսական խորհրդակցությունների առիթը կամ անհրաժեշտությունը, ըստ այդմ Պատրուշեւի Հայաստան կատարելիք այցը, դառնում է հետաքրքիր:
Հատկապես ընթացիկ շրջանում տարածաշրջանային դերակատարների եւ շահագրգռված տերությունների թե առաջին դեմքերի, թե այլ տարբեր պաշտոնյաների փոխայցերի եւ հանդիպումների բավական խիտ գրաֆիկի եւ վեկտորների պայմաններում, որոնք ներառում են ադրբեջանա-պակիստանյան ուղղությունը, որի հարթակում նաեւ Էրդողան-Ալիեւ հանդիպում տեղի ունեցավ, թուրք-իրանական ուղղությունը, որտեղ լարվածություն է ավելանում, Իրանը Իսրայելին է մեղադրում իրանա-ադրբեջանական հարաբերությունը տորպեդահարելու համար, մինչդեռ Ադրբեջանի հետ հարաբերության խորացումով Իրանն աներկբայորեն փորձում է անվտանգության առումով վերահսկելի դարձնել Բաքվի վարքը:
Տրանսպորտային այլընտրանքային միջանցքի շուրջ 2011 թվականից ի վեր վարվող բանակցության հարցում առաջընթացի հեռանկարի մասին են հայտարարում Ռուսաստանն ու Վրաստանը, ինչը ոչ միայն տնտեսական, այլ փաստացի ռազմա-քաղաքական խորքային նշանակություն ունեցող խնդիր է, քանի որ շոշափում է աբխազական եւ օսական տարածքները եւ կարող է ձեւավորել հակամարտությունների պայմաններում քաղաքական հարաբերությունների նոր նախադեպ ու բանաձեւ՝ տնտեսական գործակցության միջոցով:
Մեկ այլ հետաքրքիր զարգացում է տեղի ունենում Երեւան-Բրյուսել ուղղությամբ: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը մոտենում է նոր փուլի շեմին, եւ հայտարարվել է շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցության հաջող ավարտի մասին: Սերժ Սարգսյանը բավական ներկայացուցչական այց կատարեց Բրյուսել, ՆԱՏՕ կենտրոնակայանում հայտարարելով Արցախի հակամարտության ակտիվ լինելու մասին:
Հայաստանն ընդհանրապես առանցքային դերակատարում ունի տարածաշրջանային անվտանգության համակարգի վերակերտման գործընթացում՝ ակտիվ թե տեսական, թե պրակտիկ իմաստով: Իսկ դա, ինչպես այդօրինակ բոլոր դեպքերում, նշանակում է թե մեծ հնարավորություններ ու հեռանկարներ, թե մեծ վտանգներ ու ռիսկեր: Կհնչի բավական պարզունակ, բայց ամեն ինչ կախված է հենց Հայաստանի իշխանության ու հանրության համարժեքությունից:
Առանցքային է մի բան, եւ ապրիլի պատերազմից հետո դրանում գործնականում համոզվել են բոլորը, որ անվտանգության նոր համակարգը կարող է կայուն լինել միայն Հայաստանն ու նրա անվտանգության ներկայիս սահմանը որպես առանցք ունենալու դեպքում: Ընդ որում, սահմանը տվյալ դեպքում պետք է ընկալվի թե աշխարհագրական, թե ռազմա-քաղաքական, թե տնտեսա-քաղաքացիական իմաստով, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի արդիական քաղաքակրթական նկարագրի համատեքստում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing