Ինչի՞ մասին լռեց Ծառուկյանը

99

1in.am — ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը «Կենտրոն» հեռուստաընկերությանն ավելի հաստատեց այն վարկածը, որ Գագիկ Ծառուկյանը՝ հին մտածողությամբ, միայն արագացնում է իր հեռացումը քաղաքականությունից։

Երեկ երեկոյան Ծառուկյանը մի քանի ուշագրավ հայտարարություն արեց՝ բացահայտելով այն կարևոր իրողությունը, որ գործի ու խոսքի կոնտրաստն առաջին հերթին բնորոշ է հենց իրեն։ ԲՀԿ առաջնորդը ճգնում էր ապացուցել, թե ոնց է հեղափոխության օրերին «տակից» աջակցել Նիկոլ Փաշինյանին՝ նրա համար ջուր ու հանրահավաքի մարդ ապահովելով։ Գուցե այն, ինչի մասին խոսում էր Ծառուկյանը, իրականություն է կամ մոտ է դրան. ի վերջո՝ հեղափոխությունները բազմաշերտ գործընթաց են (հենց դրանով էլ անկանխատեսելի են), որոնց ընթացքում կարող են դրսևորվել ամենատարբեր ներքին ու արտաքին շահեր։

Սակայն խնդիրն այն չէ, որ երեկ երեկոյան մենք բացահայտեցինք «հեղափոխական» Ծառուկյանին (դրա մասին ակնարկներ վաղուց էինք լսել), այլ այն, որ մենք հրաշալի հիշում ենք, թե այդ օրերին ինչ էր կատարվում, այսպես ասած, հրապարակային դաշտում, բուռն իրադարձությունների այսբերգում։ Իսկ կատարվում էր այն, որ Ծառուկյանի խմբակցության մյուս 50%-ը, որը գործում էր հրապարակային, խորհրդարանում ապրիլի 17-ին քվեարկում էր Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին։

Հեղափոխությունից հետո Հայաստանում որակապես նոր իրավիճակ է, սակայն չի հասցրել փոխվել Ծառուկյանի մտածողությունը ու չի էլ փոխվելու, եթե նույնիսկ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ոչ թե հաջորդ տարվա մայիս-հունիսին, այլ 2022-ին, ու այս համատեքստում զուր են ԲՀԿ գործիչները մի քանի ամիս ժամանակ խնդրում՝ ադապտացվելու և խորհրդարանական ընտրություններին հավուր պատշաճի նախապատրաստվելու համար։ Ինչքան հեռանա ընտրությունների օրը, այնքան մեծանալու է Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի խզումն իրականությունից։

Հրապարակային հայտարարության մակարդակում Ծառուկյանը երեկ գրեթե երդվեց, որ Ռոբերտ Քոչարյանին կամ ՍերԺ Սարգսյանին իշխանության չի բերելու։ Ենթադրենք՝ հարյուր տոկոսով հավատում ենք Ծառուկյանին, ինչն, ըստ էության, ենթադրում է, թե վերանում են բոլոր խոչընդոտները, որ դեկտեմբեր ամսին անցկացվելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Մյուս կողմից՝ Ծառուկյանի խոսքից բացի, մենք պետք է հավատանք նաև ու առաջին հերթին նրան, ինչ տեսել ենք այս օրերին։ Իսկ մեր տեսածն այն է, որ ԲՀԿ պատգամավորները՝ հանրապետականների հետ կոնսոլիդացված, փորձեցին խորհրդարանում հակահեղափոխություն կազմակերպել. դավադրությունը հենց նույն օրը երեկոյան հուժկու հակահարված ստացավ, սակայն Ծառուկյանի մի հարցազրույցը բավարար չէ, որպեսզի վստահաբար արձանագրենք, որ խորհրդարանի «գիշերային» նիստը չի ունենալու շարունակություն՝ թերմիդորական նոր խավարի տակ կորցնելով Հայաստանը։

Դեկտեմբեր ամսին խորհրդարանական ընտրություններն ակնհայտորեն Ծառուկյանի սրտով չեն, բայց նա հասկացնում է, որ ծայրահեղ դեպքում պատրաստ է աջակցել դրանց անցկացմանը, սակայն անմիջապես կոտրում է արագ ընտրություններ կազմակերպելու Փաշինյանի բոլոր փաստարկները, մոտիվները։ Ասում է՝ ներդրումներին խանգարում է ոչ թե խորհրդարանը, այլ մարդկանց «ասֆալտին պառկեցնելը», կամ հասկացնում է, որ Փաշինյանին ոչ թե ընտրություններ, այլ շոու է պետք (տողատակում էլ հասկացնում է, որ Փաշինյանը շտապում է, որովհետև ամեն ինչ տապալել է)։

Գագիկ Ծառուկյանի հարցազրույցից տպավորությունները երկակի են, մեծ իմաստով՝ ծանր, տխուր, որովհետև քսան րոպեից ավելի խոսում է Հայաստանի՝ ազդեցիկությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը ու երկրորդ նախադասությամբ հերքում է հնչեցրած առաջին միտքը, երրորդով՝ նախորդ երկուսը։

Սակայն իր երեկվա հիմնական ասելիքը Ծառուկյանը հնչեցրեց հարցազրույցի վերջին րոպեներին, երբ նշեց, որ արտահերթ ընտրություններին մտադիր է մասնակցել արտախորհրդարանական այն ուժերի հետ դաշինքով, որոնք չեն հանդիպել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին հասկացրեց, որ ԲՀԿ-ն «հանդիպել» է Քոչարյանին ու Սարգսյանին, այլ խոսքով՝ կուսակցության վերահսկիչ փաթեթն իր ձեռքում չէ, ու ինքը իշխանությանը կարող է օգտակար լինել՝ նոր ուժեր մոբիլիզացնելով։

Փաշինյանը Ծառուկյանին գուցե չհավատա կամ հավատա, բայց Ծառուկյանի ուզած «գինը»՝ նոր համակարգում երկրորդ համարը, նրան չտա, որովհետև վարչապետին սկզբունքորեն երկրորդ համար պետք չէ։

Հարցազրույցի ավարտից հետո ակամայից մտածում էինք, թե ինչի մասին լռեց Ծառուկյանը։ Լռեց քաղաքականությանը հրաժեշտ տալու մասին, որի արժանապատիվ հնարավորությունը նա այս պահին ունի։ Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքականությունը լքելու նրա հայտարարությունը տարրալուծվելու է լուզեր կուսակցությունների համընդհանուր նվնվոցի մեջ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache