Լրահոս

Ինչի համար են Երեւան ժամանել ռուս զինվորականները

 

2330798 02.12.2013 Военнослужащие на территории 102-й российской военной базы Южного военного округа в Гюмри. Сергей Гунеев/РИА Новости

mitk.am – Հայաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 19-ին տարածել է մի հաղորդագրություն, ըստ որի Հայաստան է ժամանում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը:

Ըստ ՊՆ հաղորդագրության, պատվիրակությունը Երեւան է գալիս երկկողմ բանակցության համար, որի շրջանակում նաեւ քննարկվելու է Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական տարբերակն ու այն նախապատրաստվելու է ստորագրման:

ՊՆ հաղորդագրությունն ուշագրավ է երկու առումով:

Առաջին հերթին այն, որ ՌԴ ԶՈՒ գլխավոր օպերատիվ եւ ռազմավարական վարչության պատվիրակությունը Երեւան է ժամանում մի պահի, երբ Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, կապված Երեւանի ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված հայտնի իրադրության հետ:

Հստակ չէ՝ այցելությունը նախապես պլանավորված էր, թե այսպես ասած ոչ պլանային է:

Մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանի եւ ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորում արդեն իսկ առկա է մի քանի տարի: Խմբավորումը, որը կազմված է Հայաստանի զինուժի եւ ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումներից եւ որի ղեկավարն է գեներալ Միքայել Գրիգորյանը, իրականացրել է մի քանի վարժանքներ: Դրանցից մեկը, օրինակ, 2015 թվականի սեպտեմբերին:

Հետեւաբար հարց է առաջանում, թե ի՞նչ համաձայնագրի վերջնական քննարկման եւ ստորագրման մասին է խոսքը: Եթե կա արդեն իսկ ստեղծված միացյալ զորախումբ, ապա դրա վերաբերյալ ի՞նչ պայմանագիր պետք է վերջնականապես համաձայնեցվի եւ պատրաստվի ստորագրման: Թե՞ խոսքը արդեն իսկ առկա պայմանագրում որոշակի փոփոխություն կատարելու մասին է:

Առկա է անորոշություն եւ որոշակի հակասականություն, որն ունի պարզաբանման կարիք:

Ըստ այդմ էլ առավել հասկանալի կլինի, արդյոք կա որոշակի կապ ՌԴ պատվիրակության Երեւան ժամանելու եւ Հայաստանում ստեղծված աննախադեպ, ներքին մեծ լարվածություն պարունակող իրավիճակի մեջ, երբ Հայաստանի իշխանությունը կանգնած է զինված ապստամբության թնջուկի առաջ:

Ըստ այդմ, արդյոք խոսքը վերաբերում է հայ-ռուսական ռազմական գործակցության ընթացակարգային դրվագի, թե՞ Ռուսաստանը հենց ներկայիս պահն է հարմար դիտարկում Հայաստանի իշխանությունից միացյալ խմբավորման հարցում որեւէ նոր իրավասություն կամ լիազորություն կորզելու համար:

Բոլորովին վերջերս Հայաստանի խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համաձայնագիրը, որը Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը տվեց Հայաստանի երկնքում որոշում կայացնելու իրավասություն:

Շատ հավանական է, որ Ռուսաստանը կփորձի նաեւ հնարավորինս նոր ու լայն լիազորություններ ձեռք բերել նաեւ Հայաստանի ԶՈՒ ցամաքային սեգմենտում, այդ գործընթացը առաջ մղելով «փուլային» տարբերակով:

Միաժամանակ, հետաքրքիր է իհարկե նաեւ այն, որ միացյալ խմբավորման շուրջ բանակցությունը եւ համաձայնագրի վերջնական տարբերակի քննարկումը տեղի է ունենում Թուրքիայում անհաջող հեղաշրջման ֆոնին: Այստեղ եւս առկա են ուշագրավ զարգացումներ, կապված Թուրքիայի թե ներքին վիճակի, թե նաեւ Թուրքիա-Արեւմուտք հարաբերության հետ: Այդ հարաբերությունը հեղաշրջման անհաջող փորձից հետո միտված է առավել լարվելու: Թուրքիայի իշխանությունը գրեթե բացահայտորեն հենց Արեւմուտքին մեղադրեց հեղաշրջման կազմակերպիչներին աջակցելու համար: Արեւմտյան երկրներն Էրդողանին կոչ են անում հեղաշրջման փորձ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում չանցնել չափը, մնալ ժողովրդավարության շրջանակում, հակառակ դեպքում սպառնալով ընդհուպ ՆԱՏՕ-ից հեռացումով:

Դրան զուգահեռ, դեռեւս պարզ չէ, թե ինչ ներքին վիճակ է Թոււրքիայում եւ արդյոք հեղաշրջումը չի ստանա որոշակի «պարտիզանա-ահաբեկչական» երանգ, Թուրքիայի իշխանության համար դառնալով երկրորդն այդպիսի գլխացավը քրդականից հետո:

Աներկբա են Ռուսաստանի մեծ ակնկալիքները հեղաշրջումը տապալած եւ դրա համար Արեւմուտքին մեղադրող Էրդողանից: Մոսկվան անկասկած հույսի ունի Թուրքիայի համար դառնալ առավել կարեւոր գործընկեր՝ Արեւմուտքի հետ Անկարայի հարաբերության լարվածության աճին զուգահեռ:

Միաժամանակ, Թուրքիայի հանդեպ Արեւմուտքի հարաբերության լարումը կբարձրացնի Հայաստանի նշանակությունն Արեւմուտքի համար: Հայաստանը կստանա դրանից օգտվելու լավ հնարավորություն, ընդ որում մի շարք կարեւոր ուղղություններով: Բայց, եթե իհարկե լինի ինքնիշխանության ունակ: Մինչդեռ Հայաստանի պարագայում, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, ինքնիշխանության վերջին պատվարը կամ թելը մնացել է բանակը:

Ինքնիշխան Հայաստանը խնդիր է Թուրքիայի հետ հարաբերություն կառուցող Ռուսաստանի համար, քանի որ այդ հարաբերության հիմքը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրն է, որի առարկան հենց Հայաստանի սուբյեկտությունը չեզոքացնելու Ռուսաստանի պարտավորությունն է Թուրքիայի առաջ: Դա նաեւ թե Ռուսաստանի, թե Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հիմքն է:

Այդ համատեքստում, Հայաստանի ինքնիշխանության բոլոր հնարավոր լծակների վրա վերահսկողության հնարավորինս ամբողջականացումը դառնում է նրանց համար ռազմավարական խնդիր: Հենց այդ առումով ուշագրավ է, որ ռուսական զինվորական պատվիրակությունը արդեն գոյություն ունեցող միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման համար Երեւան է ժամանում հենց Թուրքիայում եւ Հայաստանում հայտնի իրադարձություններին զուգահեռ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing