Ինչից է վախենում Իլհամ Ալիևը

0

2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վերջնականապես տապալած Թուրքիայի իշխանությունները շարունակում են հրապարակայնորեն աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 27-ին մասնակցել է Խոջալուի դեպքերին վերաբերող ցուցահանդեսի, որի ժամանակ կրկնել է «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը՝ հայտարարելով, թե Թուրքիան մշտապես աջակցելու է իր «ադրբեջանցի եղբայրներին»:

Նա կրկնել է հայերի «օկուպացված տարածքներից հեռանալու» մասին թուրքական չարչրկված միտքը: «Պետք է լավ իմանալ սեփական պատմությունը»,- ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է վարչապետը: «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, տխրությունը՝ մեր տխրությունը: Մենք շարունակելու ենք ամեն հարցում աջակցել Ադրբեջանին, կեցցե՛ թուրք-ադրբեջանական եղբայրությունը»,- ասել է Յըլդըրըմը` հավելելով, որ անհրաժեշտ է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորում:

168.am-ի հետ զրույցում Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը պարզաբանեց, թե՝ «ներկայումս շուտափույթ» կարգավորում ասելով՝ ինչ նկատի ունի Թուրքիայի վարչապետը, և Թուրքիան ինչպես իրեն կդրսևորի շփման գծում հնարավոր բախումների դեպքում: Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ Հարավային Կովկասը ու Մերձավոր Արևելքը շատ բարդ քաղաքական զարգացումների կիզակետում են հայտնվել:

Ըստ նրա՝ այնպես ստացվեց, որ ՀՀ նախագահը խոստացավ` գարունը Հայաստանը կդիմավորի՝ առանց հայ-թուրքական արձանագրությունների, որով վերջ կդրվի «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած հայ-թուրքական կարգավորման գործընթացին:

«Սրան զուգահեռ` տեսեք, թե ինչ է տեղի ունենում հարևանությունում: Թուրքիան իրականացրեց «Ձիթենու ճյուղ» օպերացիան քրդերի դեմ, բավականին լավ դիմադրություն ցուցադրեցին քրդերը, չնայած բավականին փոքր ռեսուրսներին:

Միացյալ Նահանգները մեծ թափով աջակցում է Քրդստանի ձևավորման գաղափարին, թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին վատ վիճակում են, չնայած սրան ԱՄՆ-ն շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ, որը հանգեցնելու է ներքին և արտաքին ճնշումների, որոշ փորձագետների կարծիքով՝ նաև իշխանափոխության Թուրքիայում, քանի որ ներկայումյս Էրդողանը կարողանում է և հաջող ռազմական գործողություններ իրականացնել, և հաջող ներքին հռետորաբանություն կիրառել` բարձրացնելով Թուրքիայում ազգայնականության մակարդակը և տրամադրությունները, բայց բավարար է մի սխալ հաշվարկ և արդյունք Աֆրինում, ներքին խժդժություններն անխուսափելի կլինեն:

Հենց այս հաշվարկներից ելնելով և հետագայում հայ-թուրքական կարգավորման հեռանկարը գիտակցելով` Ալիևը որոշեց տեղափոխել ընտրությունների օրը, քանի որ վստահ չէր, թե ինչ տեղի կունենա Թուրքիայի, հետևաբար նաև՝ Ադրբեջանի հետ ամիսներ անց: Ինչպես էլ որ զարգանան իրադարձությունները, իմ կարծիքով՝ Միացյալ Նահանգները շարունակելու է ճնշումը Թուրքիայի իշխանությունների նկատմամբ քրդական հարցով, Թուրքիայում ներքին փոփոխությունների դեպքում պարտադրելու է նաև անցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

ՀՀ նախագահը ևս ակնարկում էր, որ հետագայում այլ փաստաթուղթ կմշակվի Թուրքիայի հետ, եթե հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանը հեռացնի իր ստորագրությունը»,- ասաց Տարասովը՝ համոզմունք հայտնելով, որ Թուրքիան ներկայումս չի կարող աջակցել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը:

Տարասովի խոսքով, դժվար է նաև պնդել` Թուրքիան կկարողանա՞ նոր գործողությունների դեպքում հանդես գալ այնպես, ինչպես ապրիլյան պատերազմի օրերին, երբ իր դերակատարությունն ունեցավ նաև ռուս-թուրքական սրումը:

«Ալիևը փորձում է փրփուրներից կառչել՝ հասկանալով, որ տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և այդ ամենում գուցե ադրբեջանահաճո ելքեր չլինեն»,- ասաց Տարասովը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache