Ինչից սկսել էր, դրանով էլ ավարտում է

3

Սերժ Սարգսյանի կարեւոր հայտարարությունը

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Հանրային խորհրդում քննարկվել է Արմենիկումի հիվանդանոցի ֆինանսավորումը դադարեցնելու հարցը: Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը այդ առիթով ասել է, թե Արմենիկումը ըստ էության փուչիկ էր, որը պայթեց:Փուչիկը փչվեց մոտ երկու տասնամյակ առաջ, երբ այն ժամանակ նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում գտել են 21-րդ դարի չարիք համարվող հիվանդության՝ ՍՊԻԴ-ի դեմ պայքարի միջոց: Այն կոչվեց Արմենիկում: Այդ հնչեղ հայտարարությունից հետո սակայն Արմենիկումի շուրջ ստեղծվեց խորհրդավոր իրավիճակ, եւ մեծ հաշվով այդպես էլ պարզ չեղավ, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ դեղը բժշկական արժեքի տեսանկյունից:Փոխարենը այն կարծես թե ունեցավ քաղաքական արժեք՝ Սերժ Սարգսյանի համար: Սարգսյանն այդ ժամանակ սկսում էր ուրվագծել իր քաղաքական հավակնությունների սահմանը: Այդ տեսանկյունից հետաքրքիր է, որ Արմենիկումի հարցը փակվում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտին, եւ պայմանականորեն հնարավոր է ասել, որ նա սկսեց Արմենիկումով եւ ավարտում է Արմենիկումով:

Իհարկե, ավարտի պահով իրավիճակը հարաբերական է եւ պարզ չէ, Սարգսյանը կհեռանա՞ իշխանությունից եւ կբավարարվի ՀՀԿ նախագահի կարգավիճակով, թե՞ կմնա վարչապետ: Համենայն դեպս շատ բարձր է գնահատվում երկրորդի հավանականությունը: Բայց, բոլոր դեպքերում, վարչապետ Սարգսյանն արդեն լինելու է բոլորովին այլ Սարգսյան, կամա թե ակամա, քանի որ գործելու է բոլորովին այլ համակարգում, բոլորովին այլ աշխարհակարգում, այլ մարտահրավերների եւ ազդեցության գործոնների, այլ հնարավորությունների պայմաններում:Այսինքն, այստեղ արդեն Արմենիկում «պետք չի գա»:Սերժ Սարգսյանը նախագահության ու հետնախագահության սահմանում ընդհանրապես ցուցաբերում է ուշագրավ պահվածք: Նա օրերս փակեց մեկ այլ «հաշիվ»՝ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության հաշիվը: Արմենիկումից առաջ Սարգսյանը հենց դրանք ուղարկեց «գրողի ծոցը»: Դրանք էլ նշանային էին, քանի որ արձանագրություններով էլ Սարգսյանը սկսել էր իր նախագահությունը:Սարգսյանը հետնախագահական կարգավիճակից առաջ կարծես թե հերթով «խաչ» է քաշում իր իշխանական կամ քաղաքական «նախորդ» կյանքի ելակետային հանգամանքների եւ դրույթների վրա:Հետաքրքիր է, հերթը կհասնի՞ դրանցից մեկ ուրիշին՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» հայտարարությանը:

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է 2005 թվականներին, երբ խորհրդարանում լսումներ էին Արցախի խնդրով եւ գործնականում նաեւ լուռ պայքար կամ հակադրություն էր դրան մասնակից երկու նախարարների՝ նախագահի երկու հավակնորդների միջեւ: Խոսքը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի մասին է:Սարգսյանը հավակնում էր երեք տարի անց դառնալ Հայաստանի նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանից հետո: Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր երեք տարի անց իրենից հետո նախագահ նշանակել Վարդան Օսկանյանին, դրանից հետո էլ հավակնում էր լինել վարչապետ՝ ԲՀԿ մեծամասնությամբ:Արցախի խնդիրը բնականաբար առանցքային խնդիր էր Հայաստանի իշխանության հետ կապված հավակնությունների միջազգային լեգիտիմության կարեւոր խնդրի համար: Սերժ Սարգսյանը լսումներում գերազանցեց Օսկանյանին, հայտարարելով, թե Աղդամը մեր հայրենիքը չէ:Մի կողմ թողնենք այն, թե ինչ հաշվարկով, ինչ անկեղծությամբ էր արվում հայտարարությունը: Եվ հասկանալի է, որ հայրենիք հասկացությունն այս ադեպքում պետք է դիտարկել իր քաղաքական, ոչ թե պատմաբարոյական վավերականության եւ տարողության դիտանկյունից:Փաստն այն է, որ տեղի ունեցավ զարմանալի բան՝ պաշտպանության նախարարը հանդես էր գալիս առավել փոխզիջումային դիրքորոշմամբ, քան արտաքին գործերի նախարարը:

Ըստ երեւույթին, առանցքային արձանագրումը արվեց:Այժմ, տարիների հեռվից, իրավիճակն իհարկե բոլորովին այլ է, եւ Սերժ Սարգսյանը գուցե մեկ հայտարարությամբ սկզբունքային առավելություն է ստացել 2008-ի իր ներիշխանական մրցակից զույգի՝ Քոչարյան-Օսկանյան տանդեմի նկատմամբ:Այժմ տանդեմը չկա, գործնականում չկա որեւէ տանդեմ, Սարգսյանը «անմրցակից» «անփոխարինելի» է: Սկզբունքորեն նոր վիճակ է արցախյան խնդրում, եւ հետաքրքիր է, քաղաքական-նախագահական մեկնակետերի «գույքագրում» եւ «դուրսգրում» անող Սարգսյանը «դուրս կգրի՞» «Աղդամը մեր հայրենիքը չէ» հայտարարությունը, թե այդ մասով կգերադասի փակագիծը պահել բաց:Կամ գուցե «դուրս գրել» անուղղակի, քանի որ այդ առումով ուշագրավ է նոր նախագահի՝ Արմեն Սարգսյանի հայտարարությունը բանակցային ելակետի վերաբերյալ: Նա հայտարարեց, թե Արցախի բանակցային գործընթացին Հայաստանը պետք է մասնակցի այնպես, որ Ադրբեջանը տեսնի՝ մենք ուզելու ենք ամբողջը, չենք զիջելու ոչինչ:Դա գործնականում հայտարարություն է, որ Աղդամը՝ կամ Տիգրանակերտը, մեր հայրենիքն է: Բայց դա հայտարարում է ոչ թե այն Սարգսյանը, որն ասել էր, թե հայրենիք չէ Աղդամը, այլ Արմեն Սարգսյանը:Ինչ հայտարարություն է պատրաստում Սերժ Սարգսյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache