Ինչքան են բաժին հանել առաջին դեմքերին

131

lragir.am — ՊԵԿ քննչական կառույցի գործողության արդյունքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պարզվել է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանին պատկանող ընկերությունը խուսափել է հարկային մի քանի հարյուր միլիոն դրամի պարտավորությունից: Ըստ հաղորդագրության, նախաքննության գործողությունների շնորհիվ պետբյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ:

Մի քանի օր է, ինչ իրավապահները տարբեր ուղղություններով բացահայտում են տասնյակ, հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումներ, յուրացումներ, հարկերից խուսափումներ, իսկ Սերժ Սարգսյանի համհարզի «ձեռքին» էլ 1,5 միլիարդ դրամ: Ընդ որում, նա հայտարարել էր, թե դա իրենը չէ: Չէր ասել, թե ումն է, բայց փաստացի ստացվում է, որ իրենը լինելու դեպքում կա օրինականության խնդիր, այլապես չէր ասի, թե ուրիշինն է: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման համար:

Անցնող մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում պարզ դարձավ կամ երեւակվեց Հայաստանի պետական եւ հանրային միջոցներից հարյուրավոր միլիոն դրամների մսխման իրողությունը, որը կարծես թե դրված լինի «մեքենայական ընթացքի» վրա: Ընդ որում, մի քանի հարյուր միլիոն դրամների մասշտաբը օրական կամ շաբաթական կտրվածք է, հետեւաբար հնարավոր է պատկերացնել, թե տարեկան քանի միլիարդ կամ ավելի շուտ քանի տասնյակ միլիարդներ են հանրայինից վերածվել ինչ որ մարդկանց անձնական եւ խմբային սեփականության:

Ասել, թե պետության առաջին դեմքերը տեղյակ չեն եղել այդ ամենից, ծիծաղելի կլինի: Հետեւաբար, տրամաբանական ու օրինաչափ է հնչում հարցը, թե երբ են այդ առաջին դեմքերը պատասխան տալու կոռուպցիոն այդ սխեմաների համար: Հնարավոր է լսել անգամ քողարկված, կամա թե ակամա «կարեկցանքի» խոսք, թե արդար չէ, երբ ցածր շարքերում գողացողները բացահայտվում են ու պատասխանատվության տակ հայտնվում, իսկ առաջին դեմքերը՝ ոչ:

Կհասնե՞ն առաջիններին, թե ոչ: Դա այլ հարց է: Սակայն դա հասարակության հարցը չէ: Դա այդ առաջինների եւ մյուսների հարցն է, եւ եթե «արդարության» խնդիր կա, ապա միայն նրանց միջեւ, սուբյեկտները բացառապես նրանք են:

Հանրության խնդիրը բացահայտումն է, սխեմաների ապամոնտաժումն ու հանրային ռեսուրսների վատնման ու չարաշահման համակարգի ապամոնտաժումը:

Ինչ վերաբերում է առաջիններին եւ նրանց տարբեր աստիճանի ենթականերին կամ ստորադասներին, կամ «պոլիտբյուրոյի» անդամներին, ապա նրանք իրար մեջ թերեւս պետք է պարզեն՝ ով է արդար բացահայտվում եւ հայտնվում քրեական պատասխանատվության առաջ, իսկ ով՝ անարդարացիորեն մնում է դուրս:

Որովհետեւ, վերջին հաշվով, գործող մեխանիզմը ըստ էության կարգավորած է եղել նաեւ այդ «հիերարխիան»: Բանն այն է, որ «տանելու» անմիջական գործառույթը եղել է ավելի ցածրում եղածների վրա, իսկ առաջինների վրա եղել է քաղաքական անվտանգությունն ու անձեռնմխելիությունն ապահովելու խնդիրը: Միեւնույն ժամանակ, չէ՞ որ առաջին դեմքերին էլ բաժին է ընկել հանրության հայհոյանքի եւ անեծքի ահռելի չափը: Այսիքն, այն ժամանակ՝ այսինքն տանելու ժամանակներում անհամաչափ է «բաշխվել» հանրային հայհոյանքը՝ գրեթե ամբողջը առաջին դեմքերի վրա, իսկ այժմ էլ՝ բացահայտվելու ժամանակներում, պատասխանատվությունն է ամբողջապես մնում «ոչառաջինների» վրա:

Եթե նրանց հետ որեւէ մեկը անարդար է վարվել, ապա հենց նույն առաջին դեմքերը, բայց դա եղել է փոխադարձ համաձայնությամբ, որովհետեւ նրանք ի վերջո առաջին դեմքերի հետ համընդհանուր կոնսենսուսի գալիս պետք է գիտակցեին, որ մեխանիզմը այնպիսին է, որ զուտ իրավական առումով անմիջական եւ կոնկրետ առաջնային պատասխանատվությունը մնում է իրենց վրա, այսինքն առաջին բացահայտվողը լինելու են իրենք:

Ընդ որում, խոշոր հաշվով այստեղ թերեւս անարդար բան էլ չկա, որովհետեւ պետք է բոլոր «ոչառաջինների» համար ուսանելի եւ «աքսիոմատիկ» լինի այն, որ ի վերջո չկա որեւէ երաշխիք, եւ իրավիճակի որեւէ փոփոխություն առաջին հերթին հարվածելու է հենց իրենց, եւ ոչ մեկին չի հետաքրքրելու, թե իրենք ինչ էին պայմանավորվել նախկին առաջին դեմքերի հետ եւ ինչքան էին բաժին հանել նրանց:

Թեեւ, իրավապահներին իհարկե դա պարտադիր պետք է հետաքրքրի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache