Ինչքան կյանք կունենա Հայաստանում երկրորդ լեգիտիմ իշխանությունը, և ինչ ներքին ու արտաքին վտանգներից պետք է զգուշանա Նիկոլ Փաշինյանը

156

1in.am — Օրերս Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնավստահությունը, ազատությունն ու որևէ հանգամանքով կաշկանդված չլինելը շատերին է հիացրել։ Ոմանք էլ այդ ինքնավստահության ու ազատության մեջ վտանգներ են տեսնում։ Օրինակ՝ վարչապետի ելույթից հետո պատգամավոր Արարատ Զուրաբյանը շտապեց Նիկոլ Փաշինյանին հորդորել զգույշ լինել՝ հիշեցնելով, թե ինչպես էր ժամանակին Վանո Սիրադեղյանը նամակ գրում Վազգեն Սարգսյանին և ասում, որ զգույշ լինի այս կամ այն բաներից։

«Նիկոլ ջան, ես հիմա քեզ ուղիղ տեքստով ասում եմ, զգույշ եղիր, ամբողջ կառավարությունում զգույշ եղեք, քանի որ Հայաստանի ցանկացած հակահեղափոխության թիրախն եք դուք։ Դուք հիմա կանգնած եք շատ շատերի կոկորդում, դրա համար պետք է շատ զգույշ լինեք»,- ասաց Արարատ Զուրաբյանը։

Առհասարակ, հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ու Վազգեն Սարգսյանի միջև հաճախ են զուգահեռներ անցկացվում՝ թե՛ վայելած ժողովրդականության, լեգիտիմության աստիճանով, թե՛ երկրում թալանը, կոռուպցիան և այլ արատավոր երևույթներ չհանդուրժելու առումով։

1999 թվականին Վազգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում, ինչպես նաև դրանից առաջ, ամենաազդեցիկ քաղաքական գործիչն էր Հայաստանում։ Նրա ակտիվությունը ստվերում էր Ռոբերտ Քոչարյանին: Այդ ժամանակ քաղաքական վերլուծաբանները կարծում էին, որ Սարգսյան-Դեմիրճյան դաշինքը ի վերջո կբերի Քոչարյանի հրաժարականին։ Սակայն ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և 1999 թվականի ոճրագործությունը կասեցրեց այդ հեռանկարը։

Արդյունքում, Հայաստանում առաջին լեգիտիմ իշխանության կյանքը տևեց ընդամենը մի քանի ամիս՝ ավելի կոնկրետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև հոկտեմբերի 27-ը։ Դրանից հետո եկած բոլոր իշխանությունները եղել են ոչ լեգիտիմ, քանի որ իշխանության են եկել կեղծված ընտրությունների արդյունքում, ինչն էլ նրանց կաշկանդել է ունենալ Փաշինյանի ազատությունն ու ինքնավստահությունը։ Իսկ հիմա՝ Փաշինյանի դեպքում պատկերը բոլորովին այլ է։

Նիկոլ Փաշինյանն այսօր վայելում է ժողովրդի անվերապահ վստահությունն ու աջակցությունը և հենց երեկ հայտարարեց, որ հակառակ պատկերի դեպքում ինքը մեկ օր անգամ ավելի չի մնա վարչապետի պաշտոնում։ Հենց այս վստահությունն է այսօր վախեցնում նրա մտերիմներին և իրավիճակն օբյեկտիվ գնահատողներին։

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, սակայն, նման վտանգ չի տեսնում։ «Քաղաքական գործիչը, երբ մտնում է քաղաքականություն, պետք է պատրաստ լինի ամեն ինչի՝ դատվելուց սկսած մինչև ֆիզիկական հաշվեհարդար։ Եվ մեր պատմության մեջ քիչ չեն եղել այդպիսի դեպքեր։ Բայց ես հիմա տեսնում եմ, որ մենք բացարձակ Նոր Հայաստան ունենք և այս Նոր Հայաստանում այդ վտանգը քիչ հավանական եմ համարում։

Ես չեմ ասում, որ արդեն հեռացած քաղաքական ուժը չի ուզում գալ իշխանության կամ համապատասխան պահի ռևանշի չի գնա, բայց նրանք առ այսօր դա անում են քաղաքական քայլերով։ Այս առումով աներկբա է, որ այսօրվա Հանրապետականը քաղաքական քայլերով է փորձում խնդիրը լուծել։ Այս առումով ուժային վտանգներ չեմ տեսնում։ Սա Քոչարյանի իշխանությունը չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արամ Զ. Սարգսյանը։

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, սակայն, կարծում է, որ այդպիսի վտանգ միշտ կա։ Ընդ որում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, քանի որ իրավիճակները շատ նման են ինչպես Վազգեն Սարգսյանի ժամանակ, այնպես էլ հիմա։ «Վտանգ միշտ կա։ Այս համակարգը, որը ստեղծվել է 20-30 տարվա ընթացքում, ցավոք սրտի, ունեցել է և՛ իր ներքին շահառուներին, և՛ արտաքին շահառուներին։

Մարդիկ, խմբեր, որոնք մեծագույն օգուտներ են ստացել երկրից և երկրի շահերը ծառայեցրել են իրենց շահերին՝ այդպիսով պարտության մատնելով Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ քաղաքացուն։ Եվ այժմ, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և իր գլխավորած կառավարությունը սպառնում է քանդել այդ համակարգը, թեկուզ զգուշորեն, այդ բոլոր շահառուները, կամա թե ակամա, դառնում են նրա թշնամիները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ դրանք այնքան շատ են, որ թվարկելն անիմաստ է։

Ընդ որում՝ այդ վտանքը և շահառուները ոչ միայն ներսում են, այլև դրսում՝ արտաքին վտանգներ են։ «Այո, նաև դրսից։ Ի վերջո Հայաստանում տեղի ունեցածը ամրապնդում է նաև Հայաստանի ինքնիշխանությունը ներքևից։ Մենք չգիտենք՝ որ երկիրը, որ պետությունն է ցանկանում, որ Հայաստանն այդպես ինքնիշխան դառնա, կոռուպցիա չունենա, քանի որ կոռուպցիան նաև արտաքին կառավարման լծակ է։ Որ օլիգարխիկ համակարգ չունենա, քանի որ այդ համակարգը իրենց բիզնես շահերը բավարարելու խողովակներ էին ստեղծում։ Վտանգները շատ-շատ են։ Հետևաբար, զգույշ լինելը չէր խանգարի, ինչպես սիրում է ասել ժողովուրդը»,- ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով Քոչարյանի ու Սարգսյանի իշխանությունների տարբերությանը, Սաֆարյանը նկատեց, որ իրականում տարբերություններ կան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների, համակարգերի մեջ, բայց այնպես չէ, որ այդ համակարգերը այսօր Հայաստանի իշխանական բուրգից դուրս են մղված, չկան իշխանության բուրգում, ինչպես, ասենք՝ Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականի իշխանության մեջ։

«Հետևաբար, տարբեր ժամանակաշրջաններ են, տարբեր պարամետրեր են, բայց երկու դեպքում էլ՝ և՛ 1999-ին, և՛ 2018-ին երկրի ինքնիշխանությունը ներքևից ամրապնդելու նշաններ կա։ Այն ժամանակ, ի դեմս Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան լեգիտիմ դաշինքի, հիմա՝ Նիկոլ Փաշինյանի։ Երկու դեպքում էլ երկրում օրինականություն հաստատելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, Հայաստանի անունից, առանց արտաքին թելադրանքի, ինքնիշխան որոշումներ կայացնելու նշաններ կան։ Երկու դեպքում էլ իրավիճակների նմանություն կա։ Հետևաբար՝ նաև վտանգ»,- ընդգծեց Ստյոպա Սաֆարյանը։



Загрузка...