Ինչն էր զսպել Քիմ Քարդաշյանին. նրա երկու ցանկությունը

43

lragir.am — Քիմ Քարդաշյանը, ելույթ ունենալով Հայաստանում անցկավող ՏՏ համաշխարհային կոնգրեսում, խոսել է հայկական ծաղիկների բույրով օծանելիք արտադրելու գաղափարի մասին: Ավելի վաղ, մինչ Հայաստան ժամանելը, Քիմ Քարդաշյանը խոսել էր Հայաստանում իր հեղինակած ներքնազգեստի ապրանքանիշի արտադրություն հիմնելու մտադրության մասին, հայաստանցիների համար աշխատատեղ ստեղծելու նկատառումով:

Կիրականացնի՞ Քիմը իր գաղափարներից որեւէ մեկը, կամ կունենա՞ նոր գաղափար: Կարեւոր է, որ ՏՏ ոլորտի համաշխարհային կարեւորագույն իրադարձությանը մասնակցող Քիմը Հայաստանի վերաբերյալ հնչեցնում է կոնկրետ գաղափարներ ու մտադրություն, այդպիսով նաեւ ստեղծելով դրանց շուրջ «պատասխանատվության» որոշակի միջավայր:

Այդ առումով հետաքրքիր է, որ Քիմն այդ գաղափարները հնչեցնում է Հայաստան իր երկրորդ այցի ընթացքում: Առաջին այցը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլին, երբ Քարդաշյանն իր ընտանիքով այցելեց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող Հայաստան: Քիմը, որ սոցցանցերում եւ համաշխարհային մեդիայում ունի հարյուրավոր միլիոն հետեւորդներ, իր այցով համաշխարհային ուշադրություն բեւեռեց Հայաստանի, ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վրա:

Մյուս կողմից, սակայն, առաջացավ հարցը, թե ի՞նչ մնաց Քիմի առաջին այցից՝ Հայաստանի հանդեպ ուշադրությունից բացի: Ինչու՞ դրանից գործնականում 3-4 տարի անց Քիմ Քարդաշյանը չէր արտահայտվում Հայաստանի վերաբերյալ որեւէ նախաձեռնության գաղափարի, մտադրության մասին: Արդյոք դրանք եղել են, սակայն Հայաստանում չեն եղել տոն տվողներ: Թե՞ հակառակը՝ եղել են մարդիկ, որոնց հետ շփումները ընդհանրապես զսպել են որեւէ բանի ցանկություն կամ մտադրություն:

Հնարավոր է իհարկե, որ Քարդաշյանին պարզապես ժամանակ է պետք եղել պատմական հայրենիք առաջին այցը մարսելու համար, որից հետո արդեն եկել են գաղափարներ ու մտքեր, համընկնելով երկրորդ այցի հետ: Միաժամանակ չի բացառվում, որ Քիմի «միտքը» բացել է Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության հանգամանքը:

Որեւէ դեպքում, Քիմ Քարդաշյանի մտադրությունը անկասկած ողջունելի է, եւ պետք է արվեն փոխադարձ գործնական քայլեր՝ դրանք Հայաստանում իրականություն դարձնելու, եւ նաեւ նոր գաղափարներ գեներացնելու համար:

Ի վերջո, այստեղ հարկ է անել մի կարեւոր արձանագրում: Ոչ միայն Հայաստանին է պետք Քիմի նախաձեռնությունը կամ նախաձեռնությունները, այլ թերեւս Քիմին է պետք նաեւ Հայաստանը: Պետք այն իմաստով, որ Հայաստանն իր միջազգային դերակատարմամբ ոչ միայն հետնապահ չէ, այլ գործնականում առաջնային գործոններից մեկն է համաշխարհային կյանքի համատեքստում: Այն իհարկե իրացված չէ առկա ներուժին համարժեք տեմպով ու ծավալով, բայց միեւնույն ժամանակ հենց ներուժն ու նշանակությունն են, որ չնայած մոտ երեք տասնամյակի վախվորածության, «փոքրության բարդույթի» քաղաքականությանը, Հայաստանը պահել են աղետալի հետեւանքից եւ միջազգային «անուշադրությունից»:

Քիմն իհարկե ներկայացնում է հզոր ԱՄՆ-ն, անգամ հաղորդակցվում է այդ գերտերության նախագահի հետ, սակայն միեւնույն ժամանակ Հայաստանի հետ ասոցացվելը ոչ միայն ավելորդ չէ, այլ թերեւս պատվաբեր կարող է լինել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին: Եվ այդ իմաստով, օգնելով դրանց, Քիմը նաեւ օգնում է իրեն: Եվ ոչ միայն Քիմը, այլ գործնականում հայությունն ընդհանրապես: Այդ իմաստով, երբ խոսվում է Հայաստան-սփյուռք կապի եւ Հայաստանին սփյուռքի աջակցության մասին, այստեղ հիմքում աներկբայորեն փոխադարձության սկզբունքն ու տրամաբանությունն է:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache