Ինչո՞ւ ԲՀԿ-ն դարձավ հակահեղափոխական, կամ Քոչարյանին վերադարձնելու դավադրությունը

205

1in.am — Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «քաղաքական դիակներ» են՝ հասկացնելով, որ հակահեղափոխության վտանգը չափազանցված, նույնիսկ՝ չեզոքացված է։ Երեկ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալային արտահերթ նիստից հետո Փաշինյանը ստիպված էր խոստովանել, որ Հայաստանում հակահեղափոխություն գոյություն ունի, ընդ որում՝ ինքնին հասկանալի է, որ խորհրդարանում շուրջ յոթ տասնյակ պատգամավորներ չէին կարող Նիկոլ Փաշինյանի կառավարության ու հեղափոխության դեմ կոնսոլիդացվել ավտոնոմ ռեժիմով՝ ինքնաբուխ, կամ էլ՝ Արա Բաբլոյանի ու Վահրամ Բաղդասարյանի ջանքերով։

Երեկվա խորհրդարանական իրադարձություններում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի վարքագիծը, մեծ հաշվով, կանխատեսելի էր։ Սերժ Սարգսյանի կուսակցությունը նույնիսկ ֆորմալ հարթության վրա հակահեղափոխության խորհրդանիշն է, իսկ ՀՅԴ-ն «բացահայտվել» է դեռ երկու ամիս առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրերին։ Սրան հակառակ կամ զուգահեռ՝ ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում, նույնիսկ քարոզարշավի լարվածության պիկին Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ հավաստիացրել է, որ իրենց օրակարգում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության խնդիր չկա, անգամ Մարտի 1-ի ոճիրին իր մասնակցության վերաբերյալ հարցին ԲՀԿ առաջնորդը հակադարձել էր, որ այդ հանցագործության հետ կապված մարդուն պետք է հրապարակում կախել։ Շատերը սա գնահատեցին որպես ակնարկ՝ հասցեագրված Ռոբերտ Քոչարյանին։ Ահա այս համատեքստում ԲՀԿ-ի երեկվա վարքագիծը, հակահեղափոխական հռետորաբանությունը նշանային իրադարձություն էր, որը վկայում է այս կուսակցության քաղաքականության արմատական վերանայման մասին։

Համաձայնենք, որ ԲՀԿ-ն չէր կարող առանց լուրջ հիմքերի արմատապես վերանայել իր մոտեցումը, եթե չլինեին ծանրակշիռ պատճառներ կամ երաշխիքներ, մանավանդ որ երկրից բացակայում է Գագիկ Ծառուկյանը՝ առանց որի գիտության այս կուսակցության պատգամավորները չեն հանդգնում անգամ մասնավոր կարծիք հայտնել։ Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Ծառուկյանը տեղյակ չի իր կուսակցության քաղաքական վարքագծի փոփոխությունից, ավելին՝ հակված ենք մտածել, որ նրա բացակայությունը երկրից այդ շրջադարձի համատեքստում է, դրա բաղադրիչն է։

Միամիտ կլինի կարծել, որ ԲՀԿ-ն վերանայել է իր քաղաքականությունը Երևանի ավագանու ընտրություններում «նվաստացվելուց» հետո։ Ինչքան էլ Երևանի ընտրությունները կարևոր են՝ դրանք լոկալ առիթ են, որպեսզի դառնային սկզբունքային շրջադարձերի պատճառ։

Ուրեմն ենթադրելի է, որ ԲՀԿ-ն կամ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստացել են լուրջ երաշխիքներ կամ ունեն լուրջ պատճառներ հեղափոխությանը ու հասարակությանը մարտահրավեր նետելու համար։ Դժվար չէ ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմի հետ լուրջ աշխատանք է տանում Ռոբերտ Քոչարյանը ու բնավ պատահական չէ, որ երեկ խորհրդարանում էր այս կուսակցության խմբակցությունից փաստացի օտարված Իշխան Զաքարյանը, որը համարվում է Քոչարյանի հիմնական լոբբիստներից մեկը ԲՀԿ-ում։ Զաքարյանը երեկ մասնակցել է խորհրդարանի «գիշերային» դավադրությանը ու սա այն պարագայում, երբ նրան ամիսներով հնարավոր չէ տեսնել խորհրդարանում։ Այս պատգամավորը Քոչարյանի «աչքերն» է, ըստ այդմ՝ երեկվա գործընթացը Քոչարյանի համար ավելի մեծ պլանի բաղկացուցիչ է, ու երկրորդ նախագահն անհրաժեշտություն է ունեցել ներսից կառավարել գործընթացները։

Կան այլ հանգամանքներ ևս, որոնք խոսում են այն բանի օգտին, որ ԲՀԿ-ում այս պահին «վերահսկիչ փաթեթը» գտնվում է Քոչարյանի ձեռքերում։ ԲՀԿ պատգամավորները չէին կարող չգիտակցել, որ երեկվա իրենց վարքագծով ու ելույթներով գնում են քաղաքական ինքնասպանության՝ պարպելով հասարակության վստահության վերջին կաթիլները։ ԲՀԿ-ում կամիկաձեներ չկան․ եթե, այնուամենայնիվ գնացել են երեկվա դեմարշին, ուրեմն դրա համար ունեն լուրջ երաշխիքներ կամ պատճառներ։ Առավել ևս, որ այսօր ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, որը սովորաբար աչքի է ընկնում զգուշավոր գնահատականներով, հերքում է, թե երեկ Փաշինյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցում։

Այս բոլոր փաստերը վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը գնալու է ոչ թե ինքնալուծարման, այլ փորձելու է Ռոբերտ Քոչարյանին կարգել վարչապետի պաշտոնում։

Իհարկե, չենք պնդում, որ սա կայացած փաստ է, առավել ևս՝ չենք պնդում, որ այս սցենարը անխափան կաշխատի՝ հաշվի առնելով հասարակության համատարած ատելությունը Քոչարյանի հանդեպ։ Համենայնդեպս, Քոչարյանը կորցնելու ոչինչ չունի ու պատրաստ է գնալ վաբանկ, մյուս կողմից՝ նա թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում իշխանության է եկել ոչ թե քաղաքական լեգալ միջոցներով, այլ հեղաշրջումների ու ահաբեկչության ճանապարհով։ Բացառված չէ, որ Քոչարյանն ինքը արտաքին կոնկրետ կենտրոնի համար Հայաստանի հետ կապված ավելի գլոբալ ծրագրի մի բաղադրիչն է ընդամենը։

Այս համատեքստում խիստ ռիսկային ու վտանգավոր է դառնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տարբերակը, որը կարող է երկիրը տանել ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ հին համակարգի ռեստավրացիայի ու բախումների։ Այս սցենարի ռիսկերը գոյություն ունեն, ու թերևս հարկ է մտածել արտահերթ ընտրությունների անցկացման այլ սցենարների մասին, որոնք կբացառեն հին համակարգի ռեստավրացիայի կամ հեղաշրջման հնարավորությունը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache