Ինչո՞ւ է Գեորգի Վանյանը Վրաստանի տարածքով Ադրբեջան մեկնել

77

Վանյանը եւ Ալիզադեն դիմել են իրենց հասարակություններին Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանն այս ամռանը Վրաստանի տարածքով, «Կրասնի մոստ» անցակետով մուտք է գործել Ադրբեջան: Նա Ադրբեջան է մեկնել Թեքալիի խաղաղարար գործընթացի իր ադրբեջանցի գործընկեր, հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի հրավերով:

Գ. Վանյանը իր այցի նպատակի մասին հայտնում է. «Ես Ադրբեջան եմ մեկնել Զարդուշտ Ալիզադեի հրավերով, որպեսզի ձեւակերպենք այն ուղերձը, որը ցանկանում ենք լայնորեն տարածել` պետք է սկսել հաշտվել լրջորեն, այլ ոչ թե ձեւացնել անվերջ «խաղաղ գործընթաց»» : Գ.Վանյանի եւ Զ. Ալիզադենի ուղերձը ներկայացվում է ստորեւ. ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԻՐԵՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Հարավային Կովկասի հակամարտող երկու պետություններում առաջին անգամ իշխանություն է եկել մի կառավարություն, որի մասին կարելի է ասել, որ այդ հակամարտության ծնունդ չէ։

Մենք սա համարում ենք խաղաղության հուսադրող հնարավորություն։ Մեզ՝ ադրբեջանցուն եւ հայիս, խաղաղարարությունն է ծանոթացրել եւ ընկերացրել. սկսել ենք միասին մտածել։ Անհերքելի փաստ է, որ Եվրոպայի իրական անվտանգությունն ապահովվեց այն ժամանակ, որ աշխարհամասի երկրները մի կողմ դրեցին իրենց տարաձայնությունները եւ քաղաքական ու տնտեսական միության շրջանակում սկսեցին սերտորեն համագործակցել։ Երբ սոցիալ-տնտեսական համագործակցության հարցերն առաջին պլան եկան, հակամարտությունները նահանջեցին, կորցրին արդիականությունը։

Համաշխարհային փորձն ապացուցում է՝ այն երկրները, որոնք իրենց հակամարտությունների խաղաղ, փոխադարձ հետաքրքրությունների պահպանմամբ՝ փոխզիջումային լուծումներ են գտնում, ոչ միայն իրենց անվտանգությունը, այլեւ իրենց համակողմանի զարգացման պայմաններն են ավելի հիմնավոր եւ ամուր պահպանում։

Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների համար ղարաբաղյան հակամարտության կործանարար հետևանքների մասին հիշեցնելն ավելորդ է։ Դրանք արտացոլվել են մեր տարածաշրջանի յուրաքանչյուր բնակչի ճակատագրում։ Սակայն ուզում ենք, որ նախ եւ առաջ՝ մեր հասարակությունները ղարաբաղյան հակամարտության մի բացասական հետեւանքից ազատվեն՝ այն համոզումից, որ մեր ժողովուրդների միջեւ փոխվստահության հաստատումն անհնար է, որ հայը չի կարող վստահել ադրբեջանցուն, եւ որ ադրբեջանցին չի կարող վստահել հային։

Դա ճիշտ չէ. հավատացեք մեր փորձին, եւ իհարկե, հազարավոր այլ մարդկանց փորձի։ Մենք կոչով դիմում ենք մեր հասարակություններին՝ սկսենք լայնորեն քննարկել մեր տարածաշրջանում հաստատելի խաղաղության բնութագրիչները (պարամետրերը)։ Եվրոպայում կան հաջող եւ արդյունավետ օրինակներ, որոնք կարող ենք հիմքում դնել եւ միասին մշակել մեր «Խաղաղ կարգավորման ղարաբաղյան մոդելը»։

Եթե մեր հասարակություններն սկսեն լուրջ եւ մանրամասն քննարկել, նախագծել այն աշխարհակարգը, որ ցանկալի է մեզ եւ մեր երեխաների համար, «մինչև վերջին զինվորն ու վերջին փամփուշտը» դիմակայության ստոր կոչերը կդադարեն հասարակական քննարկումների լեյտմոտիվ լինելուց։ Եթե մենք սպառազինության մրցավազքի վրա ահռելի միջոցներ չվատնենք եւ այդ միջոցներն ուղղենք խաղաղություն փնտրելուն, հայ եւ ադրբեջանական հասարակությունների փոխադարձ հարգանքի եւ փոխըմբռնման ավանդույթների վերականգնմանը, համագործակցության պայմաններում մեզ համար միասին ավելի հեշտ կլինի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելը։ Համատեղ աշխատանքը վստահություն կբերի, վստահությունը կծնի անվտանգություն։ Մեզ պետք են ոչ թե տանկեր, հրթիռներ ու ինքնաթիռներ, այլ պարզ մարդկային վստահություն։ Ահա հակամարտության, իսկ դրա հետ՝ նաեւ մեր երկրների անվտանգության խնդրի պարզ լուծումը։

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache