Լրահոս

Ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը նեղացել իշխանություններից

 

94450

 

armtimes.com– Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացավ իշխանություններից ակնհայտ նեղացած կեցվածքով:

Այդ առումով նա այն եզակի գործիչներից է, որը չթաքցրեց իր դժգոհությունը, հակառակվեց իշխանության կամքին, չընդունեց նրանց կողմից իրեն արված առաջարկությունն ու հեռացավ: Մինչ այժմ շատ չեն եղել այն դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյան համարձակվում է ընդդիմանալ իշխանություններին: Սովորաբար, պաշտոնյաները հլու հնազանդ ընդունում են իրենց պարտադրված պաշտոնները, դառնում են երիտասարդ թոշակառու կամ անգամ ավելի ցածր պաշտոնների են համաձայնում: Հակառակ պարագայում, կարող է իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած չարաշահումներն ու խախտումները իշխանությունների կողմից ջրի երես հանելու վտանգի առաջ կանգնեն: Իսկ մեր երկրում որեւէ պաշտոնյա ապահովագրված չէ նման ճակատագրից:

Սեյրան Օհանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել էր ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կամ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները: Այդ երկուսից էլ նա հրաժարվել է՝ հավանաբար համարելով, որ նախարարից հետո ավելի ցածր պաշտոն զբաղեցնելն իր համար պատվաբեր չէ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրան առաջարկվել է ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որն այս ամիս բաժին է հասնելու Հայաստանին:

Բայց նա ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված շքերթի փորձերի ժամանակ հայտարարել էր, թե կմերժի նաեւ այդ պաշտոնը, եթե իրեն նման առաջարկ արվի: Ի վերջո, ինչո՞ւ նա ընդդիմացավ իշխանություններին: Դժվար է հավատալ, որ նա զերծ է եղել որեւէ չարաշահումից եւ այդպիսով իրեն ավելի ազատ է զգում: Այդ դեպքում որտեղի՞ց այն գումարները, որոնք, մամուլի հրապարակումների համաձայն, նրա ընտանիքը ներդրել է տարբեր երկրներում հիվանդանոց եւ այլ օբյեկտ կառուցելու համար: Կամ թեկուզ հնարավո՞ր է չոր աշխատավարձով ապրող պաշտոնյայի կինը շաբաթը մեկ անգամ թանկարժեք ու գույնզգույն հագուստով նույն գույների ծաղկեփնջի ֆոնին նկարվի: Ուրեմն, նա վստահ է զգում, որ այդ գումարների հետքերով գնացող չի լինի, քանի որ ինքն էլ իր հերթին կարող է հակակոմպրոմատներ ներկայացնել: Բայց սա դեռ հարցի ընդամենը մի կողմն է:

2015թ. սահմանադրական փոփոխություններից առաջ իշխող Հանրապետական կուսակցության շրջանակներում ներքին քննարկումներ կային, թե խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումից հետո արդեն թույլ լիազորություններով իրենց նախագահը լինելու է հենց Ս. Օհանյանը, քանի որ հասարակությունը, ի տարբերություն շատ պաշտոնյաների, նրան բավական դրական է ընդունում, նա երբեւէ աչքի չի ընկել իշխանություններին ընդդիմանալու կեցվածքով, հետեւաբար, կլինի հնազանդ եւ ներկայանալի նախագահ:

Ավելին, անգամ կարծիքներ կային, որ ՀՀԿ վերնախավը պլանավորում է հենց նրան դարձնել վարչապետ՝ տվյալ դեպքում երկրի ղեկավարը: Այդ քննարկումների համաձայն Ս. Օհանյանը կարող էր վարչապետ նշանակվել նաեւ ավելի վաղ՝ Հ. Աբրահամյանի այս պաշտոնանկությունից հետո եւ շարունակեր պաշտոնավարել անգամ 2018թ. հետո: Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել  խորհրդարանում կրկին մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն, որն էլ իր հերթին կորոշի վարչապետի ու նախագահի պաշտոնավարման հարցերը:

Եվ հենց այս քննարկումներին եւ հավանաբար վերելքի սպասումներին զուգահեռ էլ մամուլում սկսեցին արագ-արագ հայտնվել Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի նկարները՝ երբեմն ամուսնու եւ երեխաների ֆոնին: Իշխանությունների մեջ սա ընկալվեց որպես անհամեստություն, շտապողականություն եւ իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Եվ նրանք հրաժարվեցին Օհանյանին նախագահ կամ վարչապետ դարձնելու մտքից: Սկսվեց հակաքարոզչությունը, նախարարի պաշտոնանկության մասին լուրերը, ու այսօր արդեն ունենք շարքային քաղաքացի Սեյրան Օհանյան:

Իշխանական կուլիսներում հիմա էլ խոսում են, թե ամիսներ շարունակ իրեն վարչապետի կամ նախագահի պաշտոնին պատկերացնողի համար արդեն դժվար կլինի պաշտպանության նախարարից ցածր պաշտոն զբաղեցնելը: Ահա թե ինչու է նա նեղացած հրաժարվել բոլոր առաջարկություններից: Իսկ հիմա տեղեկություններ են շրջանառվում, թե Օհանյանը կարող է անդամակցել Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվող «Շրջադարձ» կուսակցությանն ու որպես ընդդիմություն պայքարել գործող իշխանությունների դեմ: Մենք փորձեցինք Վ. Դալլաքյանից այս մասին որեւէ մեկնաբանություն ստանալ, բայց նա առանց հարցը լսելու ասաց, թե որեւէ հարցի չի պատասխանում: Ս. Օհանյանի մասին զրուցեցինք նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

– Պարոն Շարմազանով, Ս. Օհանյանն ինչո՞ւ չընդունեց իշխանությունների առաջարկություններն ու նեղացած հեռացավ:

– Ես երբեք մարդկանց բարոյահոգեբանական, զգացմունքային դրսեւորումները չեմ մեկնաբանում: Չեմ կարծում, որ նա նեղացած է, բայց նեղացվածությունը քաղաքական կատեգորիա չէ:

– Այդ դեպքում ինչո՞ւ նա չհամաձայնեց որեւէ պաշտոն ստանձնել:

– Չեմ կարող ասել:

– Չե՞ք կարծում, որ նա կարող է քաղաքականություն մտնել եւ պայքարել արդեն ձեր դեմ:

– Յուրաքանչյուր գործիչ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում իր ներկան ու ապագան: Ես Ս. Օհանյանին շատ դրական եմ գնահատում, շատ հարգում եմ, նա Արցախի հերոս է, իսկ թե ինչ կանի՝ կմտնի՞ քաղաքականություն, թե ոչ, կլինի՞ բանակում, թե ոչ, կլինի՞ իշխանության կողքին, թե ոչ, դա բացառապես իր որոշելու խնդիրն է:

– Ամիսներ շարունակ իշխանության մեջ ներքին քննարկումներ կային, թե հենց նրան են առաջադրելու որպես վարչապետ եւ նախագահ: Հիմա երբ այլեւս ձեր մեջ չկա այդ մտադրությունը, նա որոշել է հեռանալ իշխանություններից:

– ՀՀԿ-ն երբեք ո՛չ ապագա վարչապետի, ո՛չ էլ ապագա նախագահի վերաբերյալ քննարկումներ չի արել, քանի որ դա կոռեկտ չէ: Մենք ունենք նախագահ, որը մինչեւ 2018թ. ունի պաշտոնավարման ժամկետ: Իսկ ապագա վարչապետի մասին խոսելու համար նախ պետք է աշխատել եւ 2017թ. ապրիլյան ընտրություններին մեծամասնություն ունենալ: Պետք է դանդաղ շտապել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing