Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ անում միջամտել Արցախում. 1993-ի հետքը

151

lragir.am — Հայաստանում թավշյա հեղափոխության ֆոնին Ստեփանակերտում բողոքի ակցիաները կարելի է դիտարկել որպես «մեծ մաքրության» առիթ: Ինչպես նշում է Ալեքս Քանանյանը, Բակո Սահակյանի պաշտոնավարումն անշեղորեն մոտենում է ավարտին, եւ Արցախում իշխանությունը պետք է համապատասխանեցնել Հայաստանում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում նոր իրավիճակին:

Հայաստանում իշխանափոխությունը նախկին քաղաքականության բոլոր շերտերի փոփոխություն է, այդ թվում՝ Երեւանի եւ Ստեփանակերտի հարաբերությունների: Զուր չէ, որ Ստեփանակերտի իրադարձություններին արձագանքել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցածն անթույլատրելի է պատերազմող Ղարաբաղում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցնում է 1993 թվականի դեպքերի մասին, երբ ինքն ու Վազգեն Սարգսյանը ստիպված էին ուղղաթիռով շտապ մեկնել Ղարաբաղ, որ շտկեն ներքին իրավիճակը: Տեր-Պետրոսյանը նույն բանը խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ, հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին են մեղադրում, եւ ոչ միայն Ղարաբաղում, որ նա Ղարաբաղի կառավարման «վահանակը» տեղափոխել է Երեւան: Ղարաբաղի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվանից հետո Ղարաբաղը դիմակայության միակ թատերաբեմը մնաց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՅԴ միջեւ, որը օրինական իշխանություն ուներ Ղարաբաղում:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը ստիպված էին մի քանի անգամ «հիասթափվել», երբ Ղարաբաղի խորհրդարանը համառորեն նախագահ չէր ընտրում Երեւանի պրոտեժե Ռոբերտ Քոչարյանին: Երեւանում կատաղած էին: Այն ժամանակ ասում էին, որ որպես վրեժ Երեւանը վառելիք ու զինամթերք չէր ուղարկում Ղարաբաղ, որ «դաշնակներին չհասնի»: Շուտով Ղարաբաղում Պաշտպանության պետական կոմիտե ստեղծվեց, որը գլխավորեց Ռոբերտ Քոչարյանը, եւ Երեւանից բեռները հասնում էին արդեն ոչ թե ԼՂՀ խորհրդարանի ու գործադիրի միջոցով, այլ ՊՊԿ-ի:

Դրանից առաջ Արթուր Մկրտչյանը, ով ընդամենը մի քանի ամիս էր կառավարել Ղարաբաղում, բայց հասցրել էր պետականաշինության հսկայական աշխատանք տանել, եկել էր Երեւան, որ հանդիպի Տեր-Պետրոսյանին, մի քանի ժամ սպասել, սակայն այդպես էլ հանդիպման չէր արժանացել:

Այն բանից հետո, երբ Ղարաբաղում իշխանությունը հայտնվեց Երեւանի վերահսկողության տակ, Լեւոն Տեր-Պետրոսյանն օգտագործում էր դա իր քաղաքական մրցակիցների դեմ: Նա Երեւան հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին՝ ստանձնելու վարչապետի պաշտոնը, ով դրանից ընդամենը 3 ամիս առաջ ԼՂՀ նախագահ էր ընտրվել: Որոշ ժամանակ անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, եւ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը:

Անմիջապես փոխվեց նաեւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների կոնֆիգուրացիան: Քոչարյանը հայտարարեց, որ ներկայացնելու է թե Հայաստանը, թե Ղարաբաղը: Դա աղավաղեց բանակցությունների ձեւաչափը եւ հակամարտության էությունը, իսկ Ղարաբաղն աստիճանաբար ձայնի իրավունք չունեցող զորանոցի վերածվեց, որին թույլ չէին տալիս սովամահ լինել:

Հայաստանում Սերժ Սարգսյանի եւ Ղարաբաղում Բակո Սահակյանի կառավարման տարիներին Երեւանի ու Ստեփանակերտի «կապն» ավելի անտանելի դարձավ: Այդ անառողջ կապից տուժում էին թե Հայաստանը, թե Ղարաբաղը: Հին պնդօղակները անվերջ ձգվում էին, մինչեւ խափանվեցին:

Վարչապետ ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում սենսացիոն հայտարարություն արեց: Նա ասաց, որ այսուհետ Արցախը բանակցություններում ինքը պետք է ներկայացնի իր շահերը:Փաստացի, Փաշինյանը հրաժարվեց բանակցությունների արատավոր կոնֆիգուրացիայից եւ դա «տարածեց» նաեւ Երեւանի ու Ստեփանակերտի հարաբերությունների վրա՝ Բակո Սահակյանին փաստացի առանց հենքի թողնելով: Որոշ ժամանակ անց դա սկսեցին հասկանալ նրանք, ովքեր ցանկանում են փոփոխություններ, եւ նրանք, ովքեր Ստեփանակերտում ցանկանում են իշխանության գալ: Հունիսի 1-ի միջադեպը լավ առիթ է Բակո Սահակյանի ամրությունը ստուգելու համար:Ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ անում Նիկոլ Փաշինյանին միջամտել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache