LifeStyle Առողջություն Հետաքրքիր Փաստեր

Ինչո՞ւ են մարդու որոշ օրգաններ զույգ

 

Սկզբում փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ մարդու մարմնի որոշ մասեր սիմետրիկ են, իսկ մյուսները` ոչ:

Սիմետրիան շատ կենդանի արարածների հիմնական առանձնահատկությունն է: Լինել սիմետրիկ շատ հարմար է: Ինքներդ մտածեք այդ մասին:

Ամենակատարյալ սիմետրիան գնդաձեւն է: Սակայն սա հնարավոր է միայն այն միջավայրում, որն ինքն էլ անթերի սիմետրիկ է բոլոր ուղղություններով, եւ որի վրա մարմնի բոլոր կողմերից ազդում են միեւնույն ուժերը: Բայց մեր երկրագնդի վրա նման միջավայր չկա: Առնվազն կա մեկը` ծանրության ուժը, որը գործում է միայն մեկ առանցքի շուրջ (վերեւից ներքեւ) եւ չի ազդում մյուսների վրա ( առաջ-ետ, ձախ-աջ): Այն ամեն ինչ ներքեւ է քաշում, իսկ կենդանի էակներին հարմարվել է պետք սրան:

Այսպես առաջանում է սիմետրիայի հետեւյալ տեսակը` ռադիալը կամ շառավղայինը: Շառավղային սիմետրիկ արարածներն ունեն վերին եւ ստորին մասեր, բայց աջ ու ձախ, առջեւի եւ ետեւի չունեն: Նրանք մեկ առանցքի շուրջ պտտման ժամանակ համընկնում են իրենք իրենց հետ: Օրինակ՝ ծովաստղը եւ հիդրան պատկանում են այս խմբին: Այս արարածները սակավ ակտիվ են եւ զբաղվում են «հանգիստ որսով»:

Բայց եթե որեւէ մի արարած պատրաստվում է ակտիվ կյանք վարել, հետապնդել զոհերին եւ փախչել գիշատիչներից, նրա համար կարեւոր է դառնում եւս մեկ` առջեւ-ետեւ ուղղությունը: Մարմնի այն մասը, որը գտնվում է առջեւում, երբ կենդանին շարժվում է, դառնում է ավելի նշանակալի: Այստեղ են «սողում» բոլոր զգայարանները եւ նյարդային հանգույցները, որոնք վերլուծում են զգայարաններից ստացված տեղեկատվությունը (որոշ հաջողակների համար այդ հանգույցները հետագայում վերածվում են ուղեղի): Ինչպես նաեւ առջեւում պետք է լինի բերանը, որպեսզի հասցնի բռնել զոհին: Այս ամենը սովորաբար գտնվում է մարմնի առանձին մասում` գլխում: Այսպես առաջանում է երկկողմանի սիմետրիան: Երկկողմանի սիմետրիկ էակների մոտ տարբերվում են վերեւի եւ ներքեւի, առջեւի եւ ետեւի մասերը, իսկ ձախը եւ աջը նույնական են եւ հանդիսանում են միմյանց հայելային պատկերը: Այս տեսակի սիմետրիան բնորոշ է կենդանիների մեծամասնությանը, այդ թվում ` մարդկանց:

Որոշ կենդանիների մոտ, ինչպիսիք են օղակավոր որդերը, երկկողմ սիմետրիայից բացի կա եւս մեկը` մետամերիան կամ, այլ կերպ ասած, մարմնահատվածավորությունը (սեգմենտացիա): Նրանց մարմինը (բացառությամբ հենց դիմացի մասից) բաղկացած է նույնական մետամերներ-սեգմենտներից, եւ եթե օղակավոր որդը տեղաշարժվի մարմնի երկայնքով, նա ինքն իր հետ «կհամընկնի»: Իսկ ավելի զարգացած կենդանիների մոտ, այդ թվում` մարդկանց, պահպանվում է այս սիմետրիայի թույլ «արձագանքը»: Այս իմաստով, մեր ողերը եւ կողերը կարելի է նաեւ անվանել մետամերներ:

Այսպիսով մենք հասկացանք, թե ինչու մարդու որոշ ներքին օրգաններ զույգ են: Այժմ քննարկենք, թե որտեղից են կենտ օրգանները:

Սկզբում փորձենք հասկանալ, թե ամենապարզ, ռադիալ սիմետրիկ ու պարզունակ բազմաբջիջների համար ի՞նչն է հանդիսանում առանցքի սիմետրիան: Պատասխանը շատ պարզ է. դա մարսողական համակարգն է: Նրա շուրջ է կառուցվում ամբողջ օրգանիզմը, եւ այն կազմակերպված է այնպես, որ մարմնի յուրաքանչյուր բջիջ մոտ լինի «տաշտակին» եւ ստանա բավարար քանակությամբ սննդարար նյութեր: Հիդրայի բերանը սիմետրիկ կերպով շրջապատված է շոշափուկներով, որոնք ներս են քաշում որսը, աղիքային խոռոչը գտնվում է օրգանիզմի մեջտեղում եւ այն առանցք է հանդիսանում, որի շուրջ ձեւավորվում է մնացած մարմինը:

Աստիճանաբար կենդանիներն ավելի են բարդացել, իսկ նրանց մարսողական համակարգը նույնպես դարձել է ավելի կատարյալ: Աղիներն ավելի են երկարել` սնունդն ավելի արդյունավետ մարսելու համար: Հայտնվել են լրացուցիչ օրգաններ` լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, որոնք բաշխվել են ասիմետրիկ ու «տեղաշարժել են» մի քանի այլ օրգաններ, օրինակ՝ քանի որ լյարդը գտնվում է աջ կողմում, աջ երիկամը եւ աջ ձվարանը ձախի համեմատ տեղաշարժվել են ներքեւ: Մարդու ամբողջ մարսողական համակարգից միայն բերանը, ըմպանը, կերակրափողն են պահպանել իրենց դիրքը օրգանիզմի սիմետրիայի հարթության վրա: Բայց մարսողական համակարգը եւ բոլոր օրգաններն այդպես էլ մնացել են եզակի:

Հիմա դիտարկենք արյան շրջանառության համակարգը:

Եթե կենդանին փոքր է, այն խնդիր չունի, որպեսզի սննդարար բոլոր նյութերը հասնեն յուրաքանչյուր բջջի, քանի որ բոլոր բջիջները բավական մոտ են մարսողական համակարգին, ինչը չի կարելի ասել խոշոր կենդանիների դեպքում: Անհրաժեշտություն է առաջանում ինչ-որ մի բանի, որը «կկերակրի» հեռվում գտնվող «տարածքները» եւ ամբողջ մարմինը կմիացնի իրար եւ թույլ կտա այդ «տարածքներին» «շփվել» միմյանց հետ (իսկ որոշ կենդանիների դեպքում նաեւ շնչառական օրգաններից թթվածին փոխադրել դեպի ամբողջ մարմին): Այսպես առաջանում է արյան շրջանառության համակարգը:

Արյան շրջանառության համակարգը բաղկացած է երկու խոշոր` որովայնային եւ ողնաշարի անոթներից, եւ դրանք միացնող մի քանի լրացուցիչ անոթներից: Եթե արարածը փոքր է եւ սակավաշարժ (ինչպես, օրինակ՝ նշտարը), որպեսզի արյունը շարժվի անոթների միջոցով, այդ անոթների կծկումը բավարար է: Բայց համեմատաբար խոշոր արարածների համար, որոնք նաեւ ակտիվ կենսակերպ են վարում (օրինակ՝ ձուկը), դա բավարար չէ: Ուստի նրանց որովայնային անոթի մի մասը վերածվում է հատուկ մկանային օրգանի, որն ուժով արյունը մղում է առաջ` սիրտ: Քանի որ այն առաջացել է կենտ անոթի վրա, ուստի սիրտն էլ է «միայնակ» եւ եզակի: Ձկների մոտ սիրտը սիմետրիկ է ինքնին եւ մարմնի մեջ գտնվում է սիմետրիայի հարթության վրա: Սակայն ցամաքային կենդանիների մոտ, կապված արյան շրջանառության երկրորդ շրջանի հետ, սրտամկանի ձախ կողմը դառնում է ավելի մեծ, քան աջը, իսկ սիրտը տեղաշարժվում է ձախ կողմ՝ կորցնելով եւ դիրքի սիմետրիան, եւ իր սեփական սիմետրիան:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing