Ինչո՞ւ էր պաշտպանության նախարարն այցելել Վարդենիսի հիվանդանոց

187

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Վարդենիսի հիվանդանոց՝ շենքային պայմաններին ծանոթանալու: Նախարարը շրջել է հիվանդանոցում, տնօրինությանը հարցուփորձ արել:

Դեռեւս նախորդ կառավարության օրոք որոշում էր կայացվել լուծարել Վարդենիսի հիվանդանոցը եւ քաղաքացիներին սպասարկելու պարտավորությունը դնել Վարդենիսում գործող զինվորական հոսպիտալի վրա: Այս որոշումը հարուցել էր հիվանդանոցի բուժանձնակազմի դժգոհությունը, որոնք մտավախություն ունեին, որ անգործ կմնան:
Կառավարությունը հիվանդանոցի լուծարումը պայմանավորել էր կուտակած շուրջ 3,5 միլիոն դրամ պարտքով: Այս պահի դրությամբ այս բուժհիմնարկում աշխատում է մոտ 92-97 մարդ: Դավիթ Տոնոյանի այցը բուժաշխատակիցներին մտահոգության տեղիք է տվել:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ նպատակով է նախարարն այցելել, արդյո՞ք հիվանդանոցի լուծարումն ուժի մեջ է, ինչպես որ որոշել էին նախկին իշխանությունները, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Անուշ Պողոսյանը, հաստատելով նախկին կառավարության որոշումն, ասաց, որ այսօր նախարարի այցի ժամանակ քննարկվել է այդ որոշումը կատարելու հարցը եւ Վարդենիսի հիվանդանոցի բուժանձնակազմին մտահոգող հարցերը:

«Աշխատողների հարցերը փարատվեցին, որովհետեւ ի սկզբանե որոշված էր, որ այստեղ աշխատողների կրճատման կամ աշխատանքից դուրս մնալու խնդիր չի լինելու: Բնականոն հունով հօգուտ ազգաբնակչության արդիականացվելու է, որպեսզի Վարդենիսի տարածաշրջանն ունենա արդիական, ժամանակակից չափորոշիչներով հիվանդանոց»:
Մեր ճշտող հարցին, թե այսինքն՝ միավորվո՞ւմ են քաղաքացիական հիվանդանոցն ու հոսպիտալը, Անուշ Պողոսյանը պատասխանեց, որ Վարդենիսի հիվանդանոցը լուծարվում է եւ միանում զինվորական հոսպիտալին: Ըստ տիկին Պողոսյանի՝ կառավարության որոշման մեջ հատուկ կետ կա, որով հանձնարարվում է Գեղարքունիքի մարզպետարանին, առողջապահության եւ պաշտպանության նախարարներին՝ կադրային քաղաքականությունը տանել այնպես, որպեսզի աշխատակիցները շարունակեն աշխատել. «Նրանք, որոնք աշխատել են Վարդենիսի հիվանդանոցում, նրանք շարունակելու են աշխատել, որովհետեւ մեզ համար կադրային ներուժն այսօր ամենակարեւորն է, եւ այսօր կան պրոֆեսիոնալ բժիշկներ, բուժանձնակազմ, որոնք աշխատում են եւ շարունակելու են աշխատել»:
Վարչության պետի խոսքով՝ օպտիմալացումը միտված էր նաեւ անձնակազմի համալրմանը, քանի որ բուժհիմնարկը հիմնականում նեղ մասնագետների պակաս ունի. «Այս պահին արդեն ծրագրեր ունենք, որպեսզի Վարդենիսի բժշկական համալսարանն ավարտողը՝ վարդենիսցիներն ունենան նպատակային կլինիկական օրդինատուրայում սովորելու հնարավորություն եւ վերադառնալ իրենց հայրենիքում աշխատելու: Դա արդեն իսկ երկու տարի արվում է եւ մի քիչ ավելի մեծ ծավալով կարվի: Երեք-չորսն արդեն վերադարձել են, ունենք սովորողներ, որոնք նպատակային վերադառնալու են Վարդենիս»:

Նշենք, ոչ տասը տարուց ավելի է՝ Վարդենիսի հիվանդանոցն ու հոսպիտալը գործում են նույն տանիքի տակ: Հիվանդանոցն ու հոսպիտալը մեկ դռնով են առանձնացվում: Ժամանակին Վարդենիսի հիվանդանոցն ունեցել է 60 մահճակալ, սակայն մահճակալների թիվը կիսով չափ՝ 30-ով պակասեցվել է՝ հատկացվելով հոսպիտալին:
Այս պահին հիվանդանոցը չունի կարեւոր մասնագետներ՝ անասթեզիոլոգ, վիրաբույժ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache