Без рубрики

Ինչո՞ւ և ինչպե՞ս Սերգեյ Դանիելյանն ամբողջովին մերկացավ ֆիլմում. պարզաբանում է ռեժիսորը

 

ւււ-420x280Asekose.am-ը գրում է. Այսօր համացանցում է հայտնվել նոր՝ «Վայ մամա ջան» կատակերգության թրեյլերը, որում հանդես են եկել դերասաններ Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Դանիելյանը, Կարո Բալյանը, Արմինե Պողոսյանը և այլք: Բացի այն խառնաշփոթ իրավիճակներից, որոնք որ ներկայացված են ֆիլմում և որոնք որ ուշադրություն են գրավում, համացանցային օգտատերերի շրջանում արդեն իսկ հետքրքրություն է առաջացրել նաև դերասան Սերգեյ Դանիելյանի՝ կատակերգության տեսարաններից մեկում մերկանալու փաստը: Asekose.am-ը կապ հաստատեց «Վայ մամա ջան» ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Սերգեյ Հայրապետյանի հետ՝ ճշտելու ֆիլմի գաղափարի և ստեղծման, դերասանների ընտրության, նկարահաման ընթացքի և, վերջապես, Սերգեյ Դանիելյանի՝ ֆիլմում մերկանալու որոշման մասին:

Ըստ Սերգեյ Հայրապետյանի խոսքերի՝ ֆիլմի գաղափարն իր մոտ եղել է դեռևս երկու տարի առաջ.

«Վաղուց է, ինչ մտածում էի ֆիլմի ստեղծման մասին և մի օր զրուցելով Համազգային պետական թատրոնի տնօրենի հետ՝ որոշեցինք համատեղ նախագիծ անել և իրականություն դարձնել ֆիլմի գաղափարը»,- մանրամասնեց ռեժիսորը:

Խոսելով բուն ֆիլմի և դերասանական կազմի մասին՝ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այն իրենից իրավիճակային կոմեդիա է ներկայացնում, որն իր ոճով մի փոքր տարբերվում է մյուսներից, իսկ դերասանների մեծ մասն էլ ընտրված են հենց Համազգային պետական թատրոնից.

«Նկարահանումները տևել են մոտ 25 օր և դրանց մեծ մասն անց են կացվել Գյումրիի բժշկական կենտրոնում: Ուզում եմ նշել, որ «Վայ մամա ջան»-ում ընդգրկված դերասանները բոլորը պրոֆեսիոնալ են, որոնց հետ շատ հեշտ էր աշխատել: Այստեղ հանդիսատեսը հիանալի դերասանական խաղ կարող է տեսնել»,- ավելացրեց ֆիլմի ռեժիսորը՝ անդրադառնալով նաև նկարահանումների ընթացքում եղած բարդություններին.

«Միակ բարդությունը շոգն էր, ինչը դժվարեցնում էր աշխատանքը, իսկ ինչ վերաբերում է տեսարանների բարդությանը, ապա նշեմ, որ ընդամենը երկու դրվագ է իրականացվել կասկադյորների օգնությամբ, իսկ մնացած մասերի նկարահանումները շատ հեշտ են իրականացվել»:

Ինչպես նշում է Սերգեյ Հայրապետյանը, «Վայ մամա ջան»-ը խառնաշփոթ կոմեդիա է, որն ունի սցենարային շատ հետաքրքիր լուծումներ: Ըստ նրա՝ հանդիսատեսն անգամ չի հասցնի մինչև վերջ շունչ քաշել և հասկանալ, թե ինչ է կատարվում:

Անդրադառնալով նաև դերասան Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ մերկ տեսարաններին՝ ռեժիսորը խոստովանեց, որ ինքն անձամբ այդ ամենի մեջ որևէ արտասովոր բան չի տեսնում.

«Նույնիսկ արդեն հասցրել եմ մի քանի մեկնաբանություններ կարդալ: Այս հարցի շուրջ ընդամենը երկու բան կարող եմ ասել. առաջին, տարիների ընթացքում մենք ինքներս թե ամերիկյան, և թե եվրոպական ֆիլմերում բազմիցս մերկ մարդկանց ենք տեսել: Դա երբեք ինչ-որ արտասովոր բան չի եղել: Չգիտես ինչու, սակայն, մեզ մոտ այս երևույթը տարօրինակ է դիտվում: Եվ երկրորդ, ամեն դեպքում ինձ հաճելի էր, որ անմիջապես ֆիլմի թրեյլերի՝ համացանցում հայտնվելուց հետո, եղան նման արձագանքներ»,- ասաց Սերգեյը:

Չցանկանալով բացել փակագծերը՝ ռեժիսորը նշեց միայն, որ ֆիլմը դիտելիս մարդիկ կհասկանան, որ այն պահին, երբ Սերգեյ Դանիելյանի կողմից մարմնավորած կերպարը մերկանում է, նա բանականությունից դուրս է, ինչը, ըստ նրա, արդարացնում է տվյալ տեսարանի առկայությունը:

Հետաքրքվելով՝ արդյո՞ք անձամբ Սերգեյ Դանիելյանին մերկանալու համար համոզելու կարիք եղել է, թե՝ ոչ, Սերգեյ Հայրապետյանը պատմեց.

«Մենք հենց սկզբից այս կերպարում պատկերացնում էինք Սերգեյ Դանիելյանին, ով պրոֆեսիոնալ է իր աշխատանքում: Նա հասկանում էր, որ այդ ամեն ինչի մեջ կերպարային արդարացում կա, այսինքն՝ պահն է դա թելադրում, այլ ոչ թե դա արվում է պարզապես անելու համար: Դա նրա համար նորմալ երևույթ էր և նրա համար նույնպես այդտեղ ոչ մի արտասովոր բան չկար: Բարդություններ ընդհանրապես չեն եղել: Սերգեյը հստակ հասկանում էր, թե ինչ էինք մենք իրենից պահանջում, և թե որ տեսարանում նա կոնկրոտ ինչ պետք է աներ,- հստակեցրեց «Վայ մամա ջան» ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը՝ հավելելով, որ այն տեսարանները, որոնցում որ դերասանն ամբողջովին մերկ է, նկարահանվել են առանց կողմնակի մարդկանց ներկայության:

Asekose.am-ի այն հարցին, թե, այնուամենայնիվ, ֆիլմում նման տեսարանների առկայությունը Սերգեյն ինչ-որ մի չափով նաև իր ֆիլմի այցեքարտն է համարո՞ւմ, ռեժիսորը պատասխանեց.

«Ոչ: Սցենարային լուծումները հենց սկզբից էլ այդպես էին տրված: Այս առումով եթե մենք հանդիպեինք որևէ խնդրի, բնականաբար, սցենարային ինչ-որ փոփոխություն կլիներ: Բայց նորից եմ կրկնում, ինքս արտասովոր բան այստեղ չեմ տեսնում: Դեռ 30, 40 տարի առաջ աշխարհում նման տեսարաններ նկարահանվել են»:

Այն նկատառմանը, թե քննարկումների պատճառը գուցե այն է, որ այս երևույթը հայ հանդիսատեսի համար դեռ խորթ է, քանի որ մինչ այս հայկական կինոմատոգրաֆիայում չի եղել մի ֆիլմ, որում դերասանը ներկայացել է ամբողջովին մերկ, Սերգեյ Հայրապետյանը նշեց.

«Միգուցե, չեմ ցանկանում այս առումով հակադարձել: Ես ինքս էլ չեմ հիշում հայկական որևէ ֆիլմ, որում դերասանն ամբողջովին մերկ է ներկայացել: Ամեն դեպքում, երևի թե մարդկանց զարմանքի պատճառը մեր մտածողությունն ու հոգեկերտվածքն է: Առհասարակ, մենք մեր դերասաններին ավելի «հարևանի» պես ենք նայում, այսինքն՝ նա մեզ համար հեռու չէ, իսկ եթե նույն այդ մերկանալն անում է, օրինակ, եվրոպացի կամ հոլիվուդյան ինչ-որ մի դերասան, դրան մենք նայում ենք շատ սովորական, քանի որ տվյալ դերասանը մեզանից հեռու է և գուցե մի աստիճան վերև»,- Asekose.am-ին ասաց ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանը:

Զրույցի վերջում էլ խոսելով իր սպասելիքների մասին՝ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ, բնականաբար, վատ սպասելիքներ չունի: Ռեժիսորը նշեց, որ ինքն անձամբ ցանկացած կարծիք, տեսակետ ուշադիր լսում է և փորձում է դրանցից ինչ-որ հետևություններ անել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am