Ինչո՞ւ հենց հիմա Ադրբեջանը որոշեց կրակել Բաղանիս գյուղի վրա

74

Երեկ և այսօր ադրբեջանական զինված ուժերը կրակել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վրա։ Ասել, որ Բաղանիս գյուղի վրա չէին կրակում` սուտ կլինի, քանի որ այս գյուղը տավուշյան սահմանի ամենավտանգավոր հատվածներից մեկն է։ Սակայն վերջին շրջանում հարաբերական անդորր էր ինչպես այստեղ, այնպես էլ Արցախում։ Միայն մեկ ամիս առաջ հակառակորդը մի փոքր ակտիվացավ Նախիջևանում, սակայն նորից հանգստացավ։

Հասկանալու համար, թե ինչու Ադրբեջանը որոշեց ակտիվանալ՝ պետք է հետևել իրադարձություններին։ Նախ պաշտոնական Բաքուն բարկացավ և հետո պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով մոսկովյան այցի շրջանակներում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքն Արցախը պատկերացնում է որպես Հայաստանի մաս։ Բնականաբար, այս ամենը պիտի բարկացներ Բաքվին։ Ու շատ կարճ ժամանակում Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը ասաց, որ նման հայտարարությունը հանդիսանում է անհարգալից վերաբերմունք՝ միջազգային իրավական նորմերին և սկզբունքներին, ՄԱԿ ու ԱԽ կողմից ընդունված բանաձեւերին, ինչպես նաև այն բանակցային գործընթացին, որն ընթանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելությամբ։

Հաջիևը նշեց նաև․ «Այս հայտարարությամբ վարչապետի մակարդակով ցուցադրվեց, որ Հայաստանի իրական նպատակներն է հանդիսանում ոչ թե Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, այլ ադրբեջանական հողերի շարունակական անօրինական օկուպացիան։ Հայաստանի ղեկավարությունը կանխամտածված, թե ոչ՝ հանդես է գալիս նման հայտարարությամբ, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրման՝ Նյու Յորքում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, որը կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Միաժամանակ նման հայտարարություն արվել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի՝ այս շաբաթ Ադրբեջան կատարվելիք այցից առաջ»։

Հատկանշական է, որ, սովորաբար, երկու երկրների հանդիպումներից առաջ Ադրբեջանն ունի խրոնիկ սովորություն, սահմանում՝ իրավիճակը լարելու և դրանով ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու։ Սրանից զատ, Ադրբեջանում ծանր են տանում նաև իրենց ամենամեծ դաշնակցի՝ Ռուսաստանի սահմանների ներսում ՀՀ վարչապետի կատարած հայտարարությունը։ Սակայն իրավիճակը մի փոքր այլ է այս պարագայում, քանի որ Հայաստանում նոր իշխանություն է, ու տպավորություն էր, որ Ադրբեջանը սպասում էր ծանոթանալու ՀՀ վարչապետի դիրքորոշմանը՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Ադրբեջանը ծանոթացավ ու Բաղանիսում անցավ «գրոհի»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache