Ինչո՞ւ Պուտինը դավաճանեց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին

1

hayeli.am — ՀՀԿ-ի քաղաքական դիրքորոշման առեղծվածը հավանաբար դեռ կդառնա քննարկումների թեմա: Ինչու մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը միասնաբար դեմ քվեարկած ՀՀԿ-ն մեկ օր հետո հայտարարեց, որ ՀՀԿ-ն մայիսի 8-ին վարչապետի թեկնածու չի առաջադրելու և սատարելու է խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին: <<Ծառուկյան>> դաշինքն ու <<Ելք>>-ը արդեն հայտարարել են միասնաբար Նիկոլ Փաշինյանին առաջադրելու մասին, հետևաբար ՀՀԿ-ն, եթե հավատարիմ մնա խոստմանը, պետք  է կողմ քվեարկի նրա թեկնածությանը: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ նրանք նույն բանը չարեցին մայիսի 1-ին: Փաստացի ՀՀԿ-ն կարծես թե դիտավորյալ գնաց ինքնաոչնչացման ճանապարհով և ինքն իրեն զրկեց ոչ միայն իշխանություն, այլ նաև ընդդիմություն լինելու հնարավորությունից: Նրանք այդ քայլին գնացին ինքնակա՞մ, թե՞ պարտադրված:

Համենայն դեպս, ապրիլի 30-ին, երբ ԱԺ-ում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ, կարծես թե կար տպավորություն, որ նա, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի մասով հակված է քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին, և եղել էր անգամ պաշտոնական հայտարարություն, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտելու ժողովրդի թեկնածուի ընտրությանը: Բայց ԱԺ-ում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Գիշերվա ընթացքում տեղի էր ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն, և սա ակնհայտ էր: Ուշ կեսգիշերին Նիկոլ Փաշինյանը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀԿ-ն փորձելու է խոչընդոտել վարչապետի թեկնածուի քվեարկությանը, որ պրոցեսին խառնվել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ճնշումներ են գործադրվել պատգամավորների վրա, որ դեմ քվեարկեն: Մամուլում նաև տեղեկություններ տարածվեցին, թե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեկնել են Մոսկվա: Թեպետ տեղեկությունը հերքվեց, և անգամ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, թե որևէ առնչություն չունի ներքաղաքական պրոցեսների հետ, բայց Նիկոլ Փաշինյանը հազիվ թե առանց հիմքի նման հայտարարություն աներ:

Եվ ուրեմն ի՞նչ հույսով էին Մոսկվա մեկնել ՀՀԿ-ի բանագնացները, նրանց այնտեղ ի՞նչ խոստում էր տրվել, որը մեկ օր անց այդպես գլխիվայր փոխեց ՀՀԿ-ի դիրքորոշումը` հընթացս իսպառ ոչնչացնելով նաև այդ կուսակցությունը` որպես քաղաքական կառույց: Պետք է ենթադրել, որ Պուտինը կամ նրա շրջապատը, որն անթաքույց համակրանք ուներ Հայաստանի թավշյա հեղափոխության նկատմամբ,  Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ինչ-որ հույսեր էր տվել, այդ պատճառով էլ ՀՀԿ պատգամավորները խստագույնս հրահանգավորվել էին դեմ քվեարկել: Բայց այդ հրահանգը կատեգորիկ փոխվեց ընդամենը 1 օր անց` թերևս նաև հաշվի առնելով առաջին հերթին ժողովրդական հուժկու ճնշումը: Բայց այդ ճնշումը ակնառու էր նաև մայիսի 1-ին. երբ ընթանում էր ԱԺ հատուկ նիստը,  լեփ-լեցուն հրապարակը, ավելի քան 250 հազար մարդ, ուղից 12 ժամ սպասում էր արդյունքներին: Եթե դատելու լինենք արդյունքներից, ՀՀԿ-ն, Նիկոլ Փաշինյանին առաջին փուլում չընտրելով վարչապետ, քաղաքական լուրջ գործոն դարձրեց ԲՀԿ-ին և Ծառուկյանին: Մայիսի 8-ին այլևս Փաշինյանը չի կարող թեկնածու առաջադրվել միայն ԵԼՔ-ի կողմից: Սահմանադրությունը պահանջում է, որ վարչապետի թեկնածուն առաջադրվի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանին այս անգամ պետք է առաջադրեն նաև Ծառուկյանն ու նրա թիմը` դրանից  բխող քաղաքական հետևանքներով: Մինչդեռ ՀՀԿ-ն, առաջին փուլում ձայն տալով Նիկոլ Փաշինյանին, կարող էր նվազեցնել անգամ չեզոքացնել ԲՀԿ-ի և Ծառուկյանի քաղաքական  դերակատարումը և պահպանել սեփական ազդեցությունը գոնե ապագայում ընդդիմություն դառնալու համար:

Հազիվ թե այս պարզ հաշվարկները Մոսկվայի, ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի համար կանխատեսելի չէին: Հավանական է, որ Մոսկվային ցանկալի էր Նիկոլի թիմում տեսնել նաև Գագիկ Ծառուկյանին` ավելի վերահսկելի իրավիճակ ունենալու համար. ի դեպ Ծառուկյանը ևս այդ օրերին այցելել է Մոսկվա: Բայց ինչո՞ւ Պուտինը դա արեց ՀՀԿ-ի իսպառ ոչնչացման հաշվին, ի՞նչը չներվեց Սերժ Սարգսյանին ու նրա թիմին: Գուցե ԵՄ ասոցացման պայմանագիրը կամ էլ ա՞յլ հանգամանքներ: Համենայն դեպս, ռուսական պետական քարոզչամեքենան ՀՀԿ-ին ազդակներ ավելի վաղ էր ուղարկել. ամիսներ առաջ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական հաղորդաշարում Հայաստանի իշխող ուժը` ՀՀԿ-ն, համեմատվեց նացիզմի հետ` ԵՄ ինտեգրումը խորացնելու պատրվակով:

 

Հայկ Դավթյան




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache