Ինչպե՞ս սովորեցնել երեխային օգտվել գիշերանոթից

23

Մայրիկները, որքան հնարավոր է շուտ, ցանկանում են երեխաներին վարժեցնել գիշերանոթին:

Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք՝ նախքան այդ երեխաները պետք է որոշակի ֆիզիկական և հոգեբանական պատրաստություն անցնեն: Հետագայում խնդիրներից ու բարդույթներից խուսափելու համար հարկավոր է ընտրել հարմար պահը և ժամանակից շուտ երեխային չմղել այնպիսի գործողությունների, որոնց նա դեռ պատրաստ չէ:

Ինչպե՞ս սովորեցնել երեխային օգտվել գիշերանոթից՝ մտահոգիչ հարցի պատասխանը փորձել ենք պարզել մանկաբույժ Մարի Դարակչյանից:

-Ինչու՞ են մայրիկները շտապում երեխային սովորեցնել օգտվել գիշերանոթից։

-Գիշերանոթի օգտագործումը նոր հմտություն է երեխայի համար, և շատ կարևոր է, որ սովորեցնելիս ծնողները չցուցաբերեն շտապողականություն՝ նպաստելով երեխայի մոտ սթրեսային վիճակի զարգացման: Պետք է լինել համբերատար, օգնել, որ բալիկը կարողանա ճիշտ անցնել այդ ուղին: Այսինքն՝ երեխան պետք է լինի առավել գիտակից տարիքում, երբ հնարավոր կլինի կոնտակտ հաստատել նրա հետ:

Ո՞ր տարիքից երեխաները կարող են օգտվել գիշերանոթից։

-Հասկանալու համար, թե որ տարիքից է գիշերանոթի օգտագործումը առավել խելամիտ և ցուցված, պետք է հասկանալ մի քանի ֆիզիոլոգիական հատկություններ: Պետք է գործընթացը սկսել այն ժամանակ, երբ երեխան պատրաստ է, իսկ եթե պատրաստ չէ, չի կարելի ստիպել նրան դա անել: Ծնողների կարծիքով՝ երեխաներին գիշերանոթին սովորեցնել պետք է 2-2.5 տարեկանում, սակայն իրականում չկա որևէ հստակ ժամանակ: Օրինակ՝ 1 տարեկանում շատ երեխաներ դադարում են գիշերը կեղտոտել, 2-ում որոշները մնում են չոր օրվա ընթացքում, 3 տարեկանում 10-ից 9-ը գիշերվա ընթացքում  չի թրջում տակը: Երբեմն կարող են լինել որոշակի շեղումներ, այսինքն՝ հնարավոր է՝ երեխան տակը անի, երբ, ասենք,  հոգնած է կամ ջղայնացած, կամ սթրեսային վիճակում է: 4 տարեկանն այն տարիքն է, երբ երեխաները, վստահաբար, կարող են լինել չոր օրվա ընթացքում (սա վերաբերում է ցերեկային ժամերին):
Երեխային գիշերանոթին պետք է սովորեցնել այն ժամանակ, երբ կան հստակ նշաններ, որոնցից կարելի է հասկանալ, որ նա կարողանում է կառավարել իր միզապարկը.

1-ին նշան՝ երեխան արդեն կարողանում է հասկանալ՝ երբ է թաց կամ երբ է տակդիրը լիքը:
2-րդ նշան՝ երեխան միզելու ցանկության մասին ասում է մայրիկին կամ արդեն արած լինելու դեպքում տեղեկացնում է դրա մասին:

3-րդ՝ միզում է 1 ժամ ընդմիջումով:

4-րդ՝ երեխան թաքնվում է, երբ պետք է միզի։

Ի դեպ, որոշ ծնողներ կարծում են,որ ավելի հեշտ է գիշերանոթին սովորեցնելու գործընթացը սկսել ամռանը, երբ հեշտ է դառնում հագուստ փոխելը կամ սկսել այն ժամանակ, երբ փոփոխություններ չեն կատարվում ընտանիքում, առօրյայում։  Հակառակ դեպքում երեխան կհայտնվի սթրեսային վիճակում։

Ես համակարծիք եմ ծնողների հետ այն առումով, որ ամառային ժամանակահատվածը հեշտացնում է զգեստափոխությունը: Երեխան պետք է զգա, որ թաց է: Մինչև նա չզգա դա, իր մոտ չի ձևավորվի ռեֆլեքս և չի կարող հսկել միզապարկի աշխատանքը: Իսկ ձմռանը գործընթացը ավելի է դժվարանում, երբեմն ժամանակից ուշ է ստացվում փոխել շորերը, ծնողները հապաղում են, ուշացնում:

-Սեռով պայմանավորված՝ գիշերանոթին սովորեցնելու գործընթացը տարբե՞ր է։


-Տղաների համար ավելի հեշտ է, երբ սկզբից սովորում են նստած վիճակում, հետո անցնում կանգնած վիճակի:

 

-Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ գիշերանոթից օգտվելիս:

-Եթե տեսնում ենք, որ գործընթացը ուղեկցվում է նյարդային վիճակով, պետք է հասկանալ, որ երեխան դեռևս պատրաստ չէ: Այդ դեպքում սպասեք որոշ ժամանակ և արդեն մեկ կամ երկու շաբաթից կրկնեք սովորելու գործընթացը: Եթե երեխան վեր է կենում գիշերանոթից, անում է տակը, չպետք է ցուցաբերել ագրեսիվ վարքագիծ, որովհետև երեխան, որը անհանգիստ է կամ լարված, հաջորդ անգամ հաջողություն գրանցելու քիչ շանսեր կունենա: Չի կարելի նախատել երեխային, կիրառել ֆիզիկական ուժ՝ ցույց տալու իր սխալը։ Այդպիսով՝ դուք միայն վիճակը կբարդացնեք, վախ կառաջացնեք երեխայի մոտ: Պետք է հանգիստ վերաբերվել ձախողումներին։

-Որտեղի՞ց է երեխայի մոտ վախ առաջանում գիշերանոթից:


— Գիշերանոթի օգտագործումը նորույթ է երեխայի կյանքում: Դա պետք է անել փուլերով՝ քայլ առ քայլ: Երեխան ծանոթանում է նոր գործողությանը, կարծում է, որ կարող է ձախողել և սկսում է վախենալ գործընթացից:

Ինչպե՞ս երեխային սովորեցնել օրվա ռեժիմին:

-Երեխայից պահանջվում է որոշակի տարիք, որպեսզի նա կարողանա լսել ու կատարել ծնողների կամ խնամողների՝գիշերանոթի հետ կապված հրահանգները:
Պետք է ստեղծվի կայուն գրաֆիկ, գիշերանոթը պետք է դառնա երեխայի առօրյայի մի մասը: Լավ կլինի՝ գիշերանոթը գտնվի զուգարանում կամ լոգասենյակում, երեխան իմանա դրա գտնվելու վայրի իմաստի մասին: Սովորեցնելիս կարևոր է, որ իր անձնական գիշերանոթն ուղեկցի երեխային բոլոր այն տեղերում, որտեղ նա լինում է, իսկ մարդիկ, որոնք խնամում են  երեխային ձեր բացակայության ժամանակ, գիշերանոթի հետ կապված ունենան նույն մոտեցումը, որպեսզի երեխաների մոտ չառաջանա շփոթմունք:
Պետք է տակդիրը փոխելու ժամանակ խոսել երեխայի հետ, բացատրել, թե ինչ է կեղտը, մեզը, թաց լինելու գաղափարը:
Երեխայի տակդիրը պետք է  միշտ փոխվի նույն վայրում՝ լոգասենյակ, զուգարան: Պետք է գիշերանոթից օգտվելուց հետո լվանալ երեխայի ձեռքերը, որ նա հասկանա գործողությունների հաջորդականությունը: Գործընթացն ավելի թեթև է անցնում, երբ տանը երեխա կա, ով արդեն օգտագործում է գիշերանոթ. կրկնօրինակման մեթոդը հեշտացնում  գործընթացը:

Բժիշկներն  ասում են, որ գիշերանոթին սովորեցնելու գործընթացում օգտակար է նաև հեքիաթաթերապիան: Հեքիաթաթերապիայի ընթացքում մայրիկը հորինած կերպարի օգնությամբ ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հաղթահարել գիշերանոթի նկատմամբ վախը:

Հեղինակ՝ Ստելլա Պետրոսյան




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache