Լրահոս

Ինչպես չվախեցավ Սերժ Սարգսյանը

 

Խորհրդարանում հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկումը գործնականում վերածվեց Հանրապետական կուսակցության վախի ախտորոշման: Համենայն դեպս, համաձայնագրի օգտին փաստարկների մի զգալի մաս հիմնված էր այն մտքի վրա, որ, եթե չլինի Ռուսաստանը, Հայաստանը կենթարկվի թուրքական ագրեսիայի եւ անկարող կլինի դրան դիմակայել միայնակ:
Թուրքական վտանգը հայության եւ Հայաստանի կենսագործունեության հարցում դարձել է բավական բազմաշերտ մի խնդիր: Մի կողմից ակնհայտ է, որ վտանգ կա, համենայն դեպս դատելով Թուրքիայի ներկայիս իշխանության պահվածքից, որը բավական ագրեսիվ է, որը դրսեւորում է ազգայնական-իսլամական միտումներ: Մյուս կողմից անհերքելի է, որ այդ վտանգը դարձել է հայկական, համահայկական, հայաստանյան բարդույթների մի հսկա կծիկի առաջացման պատճառ, միաժամանակ Հայաստանն ու հայությանը խոցելի դարձնելով տեղեկատվա-քարոզչական շանտաժի տեսանկյունից, որին ցանկացած սուբյեկտ կարող է ենթարկել հայությանն` օգտագործելով թուրքական վտանգի խաղաքարտը:
Ըստ այդմ առաջանում է պարզ հարց, թե ինչպես վարվել: Առաջինը եւ նվազագույնը, որ թերեւս պետք է անել, այդ վտանգի եւ դրա դեմ Հայաստանի անզորության մասին ոչ միայն քիչ խոսելն է, այլ չխոսելը ընդհանրապես: Դա նվազագույն անհրաժեշտն է, որ պետք է անել:
Որեւէ դեպքում չպետք է Հայաստանի պետական որեւէ քայլի կամ որոշման հիմնավորում դարձնել թուրքական վտանգը եւ դրա դեմ մեր միայնակ անզորությունը, եթե անգամ բոլորի համար է դա ճշմարտություն, եւ առավել եւս, եթե դա բոլորի համար ճշմարտություն է:
Ուրեմն ինչու՞ մեկ անգամ եւս աշխարհով մեկ հայտարարել այդ վախի եւ դրա դեմ մեր անօգնականության, ու այդ համատեքստում էլ «առանց ռուսի կյանք չունենալու» մասին:
Կրկնում եմ, դա անկախ վտանգի լինել-չլինելուց: Վտանգ իհարկե կա, այդ վտանգի չեզոքացման ուղղությամբ իհարկե պետք է անել քայլեր, ընդ որում դրանք միայն Ռուսաստանի ռազմական օժանդակությանն անվերապահ դիմումները չեն, այլ նաեւ արտաքին քաղաքական եւ անվտանգության կարողությունների դիվերսիֆիկացիան, ՆԱՏՕ հետ աշխատանքը, ՆԱՏՕ անդամ առաջատար պետությունների հետ քաղաքական հարաբերության խորացումը, եւ նաեւ անմիջականորեն Թուրքիայի հետ շփումների եւ հարաբերության հաստատմանն ուղղված ջանքը: Բայց ջանք, որում Հայաստանը կլինի ինքնուրույն: Գոնե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերության հարցում մենք պետք է կարողանանք լինել ինքնուրույն եւ ինքնավստահ:
Իսկ դրան հասնելու համար հենց պետք է քիչ խոսել թուրքական վտանգի հանդեպ անվստահության եւ տկարության մասին:
Ի վերջո, հայկական որեւէ էլիտայի խնդիր պետք է լինի թե Հայաստանի հանրությանը, թե համայն հայությանը դուրս բերել «աշխարհը թուրքական վախով» չափելու մտահորիզոնից եւ հոգեբանությունից: Դա վտանգի կանխարգելման միջոց չէ, այլ ավելին՝ մեծացնում եւ գեներացնում է վտանգը, ընդ որում համակողմանիորեն:
Այլապես, երբ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հայտարարում էր, որ Թուրքիան սխալվում է, եթե կարծում է, որ Հայաստանը հնարավոր է պատանդ պահել հայ-թուրքական արձանագրությունների միջոցով եւ Հայաստանը 2018-ի գարուն կմտնի առանց դրա, իշխող խորհրդարանական մեծամասնությունը պետք է հանդիմաներ կուսակցապետին՝ թե այդ ինչպե՞ս է համարձակվում այդ տոնով խոսել Թուրքիայի հետ:
Թեեւ, իհարկե հնարավոր է այդ դեպքում բերվի փաստարկ, որ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ այդ տոնով խոսում է հենց Ռուսաստանի հույսով, այլապես դա չէր անի:
Իրավիճակն իսկապես գտնվում է ծայրահեղությունների դաշտում: Թուրքիան իսկապես վտանգավոր հարեւան է: Բայց այդ վտանգը այլեւս այն աստիճանի է խորացել հոգեբանական-մտածողական տիրույթում, որ այլեւս ոչ այնքան դրսից է, որքան մեր իսկ ներսից:
Ի վերջո, անկախ հայ-ռուսական միացյալ զորախմբի հանդեպ վերաբերմունքից, այդ քայլին գնալու իշխանության որոշումը կարող է ունենալ մի շարք էական ռազմա-քաղաքական հիմնավորումներ եւ փաստարկներ, որոնք իհարկե դարձյալ բանավեճի առարկա են, որոնք չեն կարող հավակնել անհերքելի լինելուն, բայց որոնց շուրջ քննարկումը կարող է հարստացնել հայաստանյան եւ համահայկական միտքը եւ բերել ինքնավստահության ռազմավարական պաշարների ձեւավորման, հոգեբանական վախերը գեներացնելու փոխարեն:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing