Ինչպես է Սերժ Սարգսյանի նախկին օգնականին հաջողվել գարեջրի գործարան ու ռեստորան կառուցել արգելված վայրում

31

armlur.am — Արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի արդեն նախկին օգնական Ավետիս Բերբերյանի «Բիթեր Ռիվեր» ընկերությունը Արզնի գյուղում գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում:

Նշենք, որ «Բիթեր Ռիվեր» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` ընկերության հիմնադիրներն են Արեն Դուրգալյանը եւ Եղիսաբեթ Շմավոնյանը: Սակայն իրական սեփականատերը Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանն է: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՍՊԸ հիմնադիրներից Եղիսաբեթ Շմավոնյանը հենց Բերբերյանի մայրն է: Ընկերությունը գարեջրի գործարանն ու ռեստորանը կառուցում է Արզնի համայնքի Երեւան-Սեւան մայրուղի 10/5 հասցեում: Ընկերությունը բնապահպանության նախարարությանը ներկայացրել էր գարեջրի գործարանի եւ ռեստորանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարի 8-ին «Բիթեր Ռիվեր»-ի գարեջրի գործարանի եւ ռեստորանի աշխատանքային նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը տվել է դրական եզրակացություն:

Բացի այս, պարզվում է, անցած տարվա դեկտեմբերի 12-ին եւ այս տարվա հունվարի 29-ին նախատեսվող գործունեության նախնական գնահատման հայտի վերաբերյալ անգամ կազմակերպվել են հասարակական լսումներ: Արդյունքում կազմված արձանագրություններով մանակիցները եւ համայնքը Արզնի գյուղը նախատեսվող գործունեության իրականացմանը տվել են իրենց հավանությունը:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արզնիի գյուղապետ Վենիամին Վենիամինովի հետ, որը հայտարարեց, թե շուտով գարեջրի գործարանի եւ ռեստորանի շինարարական աշխատանքները կավարտվեն: Մինչդեռ նշենք` ընկերությունը նախագծի դրական եզրակացությունը ստացել է փետրվարի 8-ին: Իսկ գարեջրի գործարան եւ ռեստորան կառուցելու հանրային քննարկումները տեղի են ունեցել հունվարի 29-ին: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ ՀՀ երրորդ նախագահի օգնականն այս ժամանակահատվածում հասցրել է ձեռք բերել Արզնի գյուղի մի քանի բնակիչների կողմից ժամանակին սեփականաշնորհված գյուղնշանակության հողատարածքները:

«Այդ հողերի վրա նման շինություններ չէր կարելի կառուցել, քանի որ դրանք գյուղնշանակության են: Բայց կառավարության միջոցով փոխեցին կատեգորիան ու արտադրական դարձրեցին: Այսինքն` սեփականաշնորհած հողատարածքներ են գնել սեփականատերերից եւ դրանց կատեգորիան փոխել են: Խոսքը մոտ 1 հա մասին է: Հողի կատեգորիան փոխողը կառավարությունն է, մենք դրա իրավունքը չունենք: Նրանք դիմում են մեզ, մենք էլ այն փոխանցում ենք մարզպետարան, որն էլ իր հերթին ներկայացնում է կառավարությանը, հետո մի քանի նախարարությունով անցնում է մինչեւ փոխվելը: Անպայման դա օրենքի շրջանակներում է, եթե դա չլինի, ով ռիսկ ունի Երեւան-Սեւան մայրուղու վրա նման բաներ կառուցի»,-զարմացած հետաքրքրվեց Արզնիի գյուղապետը:

Մեր զրուցակիցը տեղյակ չէր, թե որքանով է ընկերությունը ձեռք բերել հողատարածքները. «Սեփականատերերին հավաքել են, խոսել են ու բանակցել, նոտարով, կադաստրով գնել են այդ հողամասերը»: Գյուղապետի պատմելով` այդ հողատարածքներում տարիներ առաջ խնձորի այգիներ են եղել, հետո դրանք սեփականաշնորհվել են մի քանի գյուղացու կողմից:

Բայց նրանք ծառերը կտրել են, մոտ երկու տարի մշակել են, ապա վաճառել են «Բիթեր Ռիվեր» ընկերությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ գյուղապետը ընկերության ներկայացուցիչներից խնդրել է գարեջրի գործարանի եւ ռեստորանի շինարարական աշխատանքներում ներգրավեն նաեւ գյուղացիներին: Սակայն ի պատասխան` ընկերությունից փոխանցել են, որ չեն կարող, քանի որ շինաշխատանքեր իրականացնում է մեկ այլ կազմակերպություն, որը իր աշխատողներն ունի: Միաժամանակ հայտնի չէ` գարեջրի գործարանի եւ ռեստորանի կառուցումից հետո Արզնիի բնակիչները աշխատանքի կընդունվե՞ն այդտեղ, թե՞ ոչ: «Իրենց սեփականությունն է, մասնավոր ընկերություն է, ես ինչ կարող եմ իրենց պարտադրել»,- նկատեց գյուղապետ Վենիամին Վենիամինովը:

Նշենք, որ Ավետիս Բերբերյանը Սերժ Սարգսյանի օգնական աշխատել է 2011 թվականից: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` անցած տարում 50 հազար դոլարով 2 հողամաս է գնել եւ 25 հազար դոլարով Mini Cooper S All4 1.6 մակնիշի մեկ ավտոմեքենա, փոխարենը 86 մլն դրամով վաճառել է բնակարան, 220 մլն դրամով` հասարակական նշանակության մեկ շինություն եւ 2 մլն դրամով ավտոտնակ: Անցած տարեվերջին ունեցած փոխառությունները կազմել են ավելի քան 240 մլն դրամ, իսկ դրամական միջոցները` 420 հազար դոլար: Նախկին նախագահի այլեւս նախկին օգնականը որպես եկամուտ հայտարարագրել է երկու ընկերությունից ստացած 83 մլն դրամի չափով շահաբաժինը, վարձակալության դիմաց ստացած 21 մլն դրամ վճարը: Ի դեպ, անցած տարում նրա ամսական աշխատավարձը կազմել է 646 հազար դրամ:

Նրա կինը` Սոնա Առաքելյանը եւս անցած տարում որպես եկամուտ հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 140 մլն դրամի չափով շահաբաժինը, իսկ դրամական միջոցը կազմել է 300 հազար դոլար: Տիկնոջ ամսական աշխատավարձը կազմել է 222 հազար դրամ: Նրա հետ համատեղ բնակվող անձը` Արիս Բերբերյանը, անցած տարում 89 մլն դրամի չափով նվեր է ստացել: Բացի այս, վերջինս մեկ ընկերությունում ունի 78 մլն դրամի բաժնետոմս:

Իսկ ահա Եղիսաբեթ Շմավոնյանը, ով եւ համարվում է «Բիթեր Ռիվեր»-ի հիմնադիրը, անցած տարում վարձակալության դիմաց ստացել է 4 մլն դրամ, որպես նվեր` 25 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 117 հազար եվրո:
Ահա, թե ինչպես են պետական պաշտոնյաները եւ նրանց ընտանիքի անդամները հարստանում` օգտագործելով դիրքն ու պաշտոնը:

Սյունէ Համբարձումյան



Загрузка...