Լրահոս

Ինչպես կանդրադառնա Հայաստանի և Ռուսաստանի վրա Անկարա-Թբիլիսի-Բակու համագործակցությունը

 

1815170

verelq.am-ը գրում է.  Օրերս ադրբեջանական Գաբալա քաղաքում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը: Ըստ այդմ, Վրաստանը պատրաստակամություն է հայտնել 2017 թվականի ապրիլին անցկացնել մի քանի համատեղ զորավարժություն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի կայունությանը և ղարաբաղյան հակամարտության պատճառով տարածաշրջանում լարվածության աճին վերաբերող մի շարք հարցեր:

Վերլուծաբանների կարծիքով՝ նախևառաջ սա ուղղված է տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազմանը, Ռուսաստանի դիրքերի թուլացմանը և հակառակը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ դիրքերի ամրապնդմանը: Հատկապես վերջին կես տարվա իրադարձությունների զարգացման ֆոնին՝ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցում, ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացում, ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական հարաբերությունների վերսկսում և այլն, լավ հիմք է դրվել, որպեսզի Ռուսաստանի թիկունքում այս ալյանսը փորձեր անի էլ ավելի հզորանալու: Արդյո՞ք այն չի գործի նաև Հայաստանի ու հայկական շահերի դեմ, քանզի ալյանսում գոնե երկուսը՝ Թուրքիան ու Ադրբեջանը, մեղմ ասած, Հայաստանին թշնամական պետություններ են:

VERELQ-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նշեց, որ այդ համագործակցությունն արդեն հինգ տարուց ավելին է, ինչ գոյություն ունի և այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ հանդիպումներ, զորավարժություններ: Բայց այսօր առավել քան ակնհայտ է դառնում, որ մի ալյանսում, որտեղ երեք պետություններից երկուսը Հայաստանի թշնամիներն են, մշտապես խնդիրներ են առաջ գալու.

«Հայաստանը պետք է զգոն ու ուշադիր լինի, որպեսզի կարողանա իր շահերը պաշտպանել: Պետք է ընդունենք, որ դա գոյություն ունեցող իրականություն է և պետք է պատրաստ լինել այդ իրականությանը, քանի որ ցանկացած պահի նման համագործակցությունը կարող է խորանալ»,- նշեց պատգամավորը:

Թևան Պողոսյանը հատուկ շեշտեց՝ այս համագործակցության մեջ մեզ համար կարևորը պետք է լինի Վրաստանի դերակատարման խնդիրը, քանի որ այս պետությունը Հայաստանը որակում է իբրև «եղբայրական պետություն».

«Կներեք, բայց ես չեմ ուզում լինել «եղբայրական», ես ուզում եմ, որ մեր շահերի գիտակցմամբ մեր համագործակցությունը շարունակվի և Վրաստանը միշտ գիտակցի, որ եթե Հայաստանը իրեն անվտանգ չզգաց, այդ դա ուշ թե շուտ դառնալու է Վրաստանի անվտանգության խնդիր: Եվ Վրաստանն այդտեղ արդեն իր սեփական շահերից ելնելով պետք է կարողանա այնպես անել, որ հարևան Հայաստանը իրեն անվտանգ ընկալի, քանզի, կրկնում եմ, որ վայրկյանին անվտանգությունն անկայունացավ, դա լինելու է նաև Վրաստանում»,- ասաց նա: Ընդդիմադիր գործչի ցանկությունն է, որպեսզի Վրաստանն այնքան հզորանա, որ որևէ պարագայում թուրք-ադրբեջանական կախման մեջ չընկալվի, քանի որ հասկանալի է, թե ինչի է այսօրվա դրությամբ Վրաստանը տարածաշրջանում հենց այդ երկու երկրների հետ համագործակցում, որոնք խոսում են ժողովրդավարությունից, բայց թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ժողովրդավարությունից չափազանց հեռու են: Պարզ է, որ վրացական կողմը դա տեսնում և գիտակցում է, բայց ստիպված է համագործակցել, որովհետեև ինքն էլ իր շահերից ելնելով չի գտնում ուրիշ մեկին, որ կկարողանա ապահովել իր էներգետիկ անվտանգությունը և այլ խնդիրները: Այնպես որ, կրկնեց նա, Աստված տա Վրաստանը հզորանա և թոթափվի այդ կախվածությունից.

«Բայց ցանկացած պարագայում Վրաստանը մեկ բան պետք է լավ գիտակցի՝ եթե Հայաստանը իրեն չզգաց անվտանգ, նույնն ազդելու է իր անվտանգության խնդիրների վրա»,- հավելեց Թևան Պողոսյանը:

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանըհակադիր կարծիքն ունի և մտավախություն չունի, որ այս ալյանսը կարող է հայկական կողմերի շահերի դեմ գործել: Հարությունյանը նշեց երկու պատճառ.

«Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, ինչպես նաև Թուրքիան: Բայց Հայաստանը Վրաստանի լավ հարևանն է: Այսինքն՝ Վրաստանի համագործակցությունն այդ երկու երկրների հետ չի կարող ունենալ հակահայկական ուղղվածություն, այլ ունի սեփական անվտանգությունն ապահովելու, կոլեկտիվ ինչ-որ պաշտպանական համակարգեր ձևավորելու տրամաբանություն: Եվ չեմ կարծում, որ այն կարող է օգտագործվել Ղարաբաղի դեմ»,- կարծիք հայտնեց Խոսրով Հարությունյանը:

Ավելին, շարունակեց պատգամավորը, թուրք-ադրբեջանական տանդեմը բավարար է հակահայկական կամ հակաղարաբաղյան գործողությունների, այդ թվում և ռազմական պլանավորումների համար, ի՞նչ կարիք կա Վրաստանին դարձնել թիրախ: Բացի դա, համոզմունք հայտնեց նա, Վրաստանը ինքը չի համաձայնվի դրան, թույլ չի տա մեր հարևանի ողջամտությունը՝ իրենց շահերից այդ ամենը չի բխի:
Հարցին՝ արդյոք ողջամտությունը երկրորդ պլան չի մղվում, երբ գիտենք, թե որքան ուժեղ է Վրաստանում ադրբեջանական ու թուրքական լոբբին, ինչպես նաև Վրաստանի տնտեսության կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից, Խոսրով Հարությունյանը համաձայնեց, որ այդ երկու երկրների ազդեցությունը հարևան պետությունում իսկապես մեծ է.

«Պետք է փաստենք, որ Վրաստանում նրանք ավելի ազդեցիկ են, քան մենք, նաև պետք է փաստենք, որ Վրաստանի հետ մենք այնքան էլ լավ չենք աշխատում, և բացեր ունենք, որոնք հարկավոր է լրացնել: Այս խնդիրը, ցավոք, ամբողջ խորությամբ գիտակցված չէ: Բայց, կրկնում եմ, այդ ռազմական համագործակցությունը և հատկապես Վրաստանի մասնակցությունը դրանում խոսում է, որ այն ավելի շատ հակառուսական ազդեցություն կարող է ունենալ, քան հակահայկական»,- հավելեց ՀՀ նախկին վարչապետը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing