Լրահոս

Ինչպես կանխել եւ պատժել մարդասպան Ալիեւին

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, որ Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է եւ այն, ինչ կատարվում է Արցախում ու «գրավյալ տարածքներում», հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը:Ալիեւն այդ մասին հայտարարություն անում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ նա արժանացավ Ռուսաստանի կշտամբանքին, արտգործնախարար Լավրովը հայտարարեց, թե համաձայն չէ, որ Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է:

Ալիեւն անկասկած հասկանում է, որ Արցախի խնդիրը իր ներքին գործը չէ եւ թերեւս չի էլ դառնա: Այդ դեպքում ինչու՞ է նա արդեն երկրորդ անգամ հայտարարում այդ մասին: Արդյոք հայտարարությունը միայն ներքին սպառման համար է, այդ սպառման որոշակի «թարմ հռետորաբանություն» հանդիսացող ապրանք, նույնը չկրկնելու համար, թե՞ Իլհամը Արցախի խնդիրն Ադրբեջանի «ներքին գործ» է հռչակում դիվանագիտական-քաղաքական որոշակի նոր ռազմավարության կամ մարտավարության համար:Արդյոք Ալիեւը փնտրում է իր «ռազմական դիվանագիտության» կամ «պատերազմի իրավունքի» նոր հիմնավորում, նոր փաստարկ:Ապրիլի ագրեսիայից հետո, որն Ադրբեջանի համար հանդիսացավ փոքր տարածքային ձեռքբերում, բայց ռազմա-քաղաքական եւ դիվանագիտական բավական խոշոր տապալում, Ադրբեջանը միջազգային ասպարեզում ակնհայտորեն զրկվել է «պատերազմի իրավունքից» եւ անգամ «ռազմական դիվանագիտության» փաստարկներից:

Անգամ Ռուսաստանը, որ հանդիսացել է Ադրբեջանի այդ «իրավունքի» առաջնային գեներատոր, ապրիլի պատերազմից հետո պարբերաբար մերժում է նոր ագրեսիայի գործընթացի ադրբեջանական հայցերը:Ռուսաստանի այդ կեցվածքն էլ ունի իհարկե իր պատճառները, քանի որ ապրիլի պատերազմը նաեւ Ռուսաստանի տարածաշրջանային ռազմավարության տապալումն էր եւ նրան դրեց փակուղային վիճակում:Միջազգային կառույցներում եւ անգամ Մինսկի խմբի համանախագահությունում ավելի է շեշտադրվում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման հարցը, իսկ Ֆրանսիայի նախագահ Օլանդն էլ հայտարարում է, որ այդ մեխանիզմի նպատակը պետք է լինի հրադադարը խախտողին պատժելը: Ադրբեջանը ստիպված է արդեն բացահայտորեն դեմ հանդես գալ այդ մեխանիզմին, ասելով, թե դա գործնականում կնշանակի ստատուս-քվոյի ամրապնդում:Ալիեւը ստացավ նաեւ բավական ուժգին ռազմական հարված՝ փետրվարի 25-ին, երբ հայկական զինուժը ծանր կանխարգելիչ հարված հասցրեց գրոհի պատրաստվող ադրբեջանական ստորաբաժանումներին:

Ընդ որում, հակահարվածն ուղեկցվեց նաեւ ապացույցների ներկայացմամբ:Բաքուն այդ ամենի ֆոնին շարունակում է մարդասպանությունն առաջնագծում, եւ Ալիեւի նոր հայտարարություններն ուղեկցվեցին հայկական կողմից նոր կորստով: Ադրբեջանցի դիպուկահարը մարտի 31-ին հայ պայմանագրային զինծառայող է սպանել:Ալիեւը չի դադարեցնելու մարդասպանությունը, այստեղ կասկած չկա: Այդ հարցում հայկական կողմն ունի մեկ գործնական անելիք՝ ավելի ու ավելի ինտենսիվացնել առաջնագծում զինվորի եւ սպայի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ջանքը:

Ռազմավարական զսպման Իսկանդերի մասին անընդհատ հիշեցումների փոխարեն պետք է բազմապատկել ջանքը առաջնագծի մարտավարական զսպման մեխանիզմների ուժգնացման ուղղությամբ: Երեւանը հայտարարում է այդ մասին, պետք է հուսալ, որ հայտարարությունները ոչ միայն նախընտրական են:Դա կլինի արդեն Ադրբեջանի երկկողմ արգելափակում, մի կողմից Իսկանդերի զսպման ներուժի միջոցով, մյուս կողմից նաեւ առաջնագծում՝ անվտանգության եւ կանխարգելիչ ռազմա-տեխնիկական կարողությունների ընդլայնման միջոցով:Ալիեւը փակուղում է առայժմ մի կողմից, եւ քանի դեռ առաջնագծում նա գտնում է «մահաբեր ճեղքեր», փորձելու է «սողոսկել» դրանցով, շարունակելով մարդասպանությունը:Դեռեւս ունենալով մարդասպանության հնարավորություն, Ալիեւը փորձում է նաեւ գտնել դիվանագիտական եւ ռազմա-քաղաքական ճեղքման տարբերակ, այդ թվում մարդասպանության շանտաժով:

«Ներքին խնդիր» ձեւակերպումը դրա փորձն է, եւ չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահը փորձում է այդ ձեւակերպումը դարձնել համանախագահ միջնորդների հետ առեւտրի առարկա:Կհաջողվի՞ դա, թե ոչ: Նախադրյալներն իհարկե հուսադրող չեն Ալիեւի համար, բայց այստեղ շատ բան կախված է Հայաստանի քաղաքականությունից, դրանում ապրիլից հետո ի հայտ եկած համարժեքության եւ սուբյեկտության տարրերի եւ դինամիկայի առնվազն պահպանումից, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերության մասով, ինչն Ադրբեջանին թույլ չի տա վերականգնել Մոսկվայի հետ նախաապրիլյան գործակցության տրամաբանությունը:Իսկ Բաքուն այդ փորձն անում է, ընդ որում կարծես թե վերստին փորձելով աշխույժ շրջանառության մեջ դնել ԵՏՄ-ին անդամակցության գաղափարը:

Համենայն դեպս ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը այդ հարցն է ուղղել ՌԴ արտգործնախարար Լավրովին, «սադրելով» նրան Ադրբեջանի անդամակցության հավանականությունը ողջունելու: Իսկ Լավրովը «հավանականությունը» ողջունել է, թեեւ այլ հարցի շրջանակում նաեւ նշել, որ չկա Լավրովի պլան:Բանն այն է, որ Արցախի խնդրում «առաջընթացի» դիմաց Ադրբեջանի եվրասիական ինտեգրացիան «Լավրովի պլան» կոչվող փաթեթի մաս էր: Լավրովը ներկայում հայտարարում է, որ այդպիսի պլան չկա եւ սեղանին այն մոտեցումներն են, որոնք ներկայացրել են երեք համանախագահ երկրները: Այսինքն, Մոսկվան փաստացի Բաքվին ակնարկում է, որ առնվազն այժմ չկա «տետատետ» գործընթացի հնարավորություն:Մտադրություն կա՞, թե ոչ, դա հարց է, որը կախված է հենց Հայաստանի քաղաքականությունից:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing