Լրահոս

Ինչպես լուծեցին հարցը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը

 

arm147800054389

lragir.am- Գազի գնի նվազեցման մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունը աստիճանաբար դառնում է իրականություն, եւ Գազպրոմ Արմենիա ընկերությունը, որը դեռեւս Հայռուսգազարդի ժամանակներում տասը տարի ղեկավարել է Կարապետյանը, պատրաստվում է գազի գնի վերանայման հայտով դիմել Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին:
Այդ հարցերը հավանաբար վերջնականապես կարգավորվեցին Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի Հայաստան կատարած այցի ընթացքում: Ի դեպ, հատկանշական է երկու հանգամանք: Միլլերի այցից անմիջապես հետո Կարեն Կարապետյանը որոշում կայացրեց Հայաստանի պատվիրակության Իրան այցի մասին, որտեղ պետք է ստորագրվի Իրանի հետ գազի առք եւ վաճառքի մասին պայմանագիր: Հայկական կողմից այն ստորագրելու է այդ նպատակով ստեղծված 100 տոկոս պետական Էներգաիմպեքս ընկերությունը:
Հայ-իրանական այս գործարքը հետաքրքրական է նրանով, որ դրանում շոշափվում է նաեւ Վրաստան իրանական գազ տարանցելու տարբերակը, որը պետք է իրականացվի Գազպրոմի միջոցով` փոխանակման սկզբունքով: Հավանաբար, Հայաստանի իշխանությունն այստեղ Գազպրոմին առաջարկել է որեւէ շահեկան տարբերակ՝ գազի գնի նվազեցման դիմաց:
Մյուս հատկանշական հանգամանքն էլ այն է, որ Գազպրոմ Արմենիան գազի գնի նվազեցման հայտի մասին տեղեկությունը տարածում է նոյեմբերի 1-ին, հենց այն օրը, երբ հայկական պատվիրակությունը մեկնելու է Իրան:
Գազպրոմ Արմենիան նախատեսում է գազի գինը նվազեցնել նաեւ տնտեսվարողների համար:
Գնի նվազման այդ նախաձեռնությունը հիշարժան է դարձնում երկու հանգամանք:
2011 թվականից Հայաստանի մամուլում շրջանառվեց տեղեկություն, թե ՊԵԿ պաշտոնական փաստաթղթերում Հայաստան մուտք գործող գազի գինը սահմանին ոչ թե 189 դոլար է, այլ 220-ից ավելի: Իշխանությունը համառրեն, հետեւողական հերքում էր, թե դա իրականություն է, ասելով, որ գազի գինը չի թանկացել, եւ մնում է 1000 խմ դիմաց 189 դոլար` սահմանին:
Երկու տարի անց, 2013 թվականին, երբ Հայաստանն անցել էր արդեն նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները, հանկարծ պարզվեց, որ Հայաստանը ռուսական Գազպրոմին պարտք է 300 միլիոն դոլար: Հայաստանի իշխանությունը որեւէ կերպ անկարող էր բացատրել հանրությանը, թե ինչպես է գոյացել այդ պարտքը, որտեղից: Մյուս կողմից, Հայաստանի էներգետիկայի նախկին նախարար հանգուցյալ Արմեն Մովսիսյանը մի առիթով խոստովանեց, որ իրականում 2011 թվականին եղել է գազի գնի բարձրացում, պարզապես դա տեղի է ունեցել պարտքով: Այսինքն, Գազպրոմը գինը թանկ է հաշվել, իսկ Հայաստանը վճարել է հին գնով` փոխադարձ համաձայնությամբ, որպեսզի նախըտնտրական իրավիճակում չառաջանա սոցիալական նոր լարվածություն եւ դժգոհություն:
Երկու տարի անց, Հայաստանը Գազպրոմին վճարեց պարտքը, այդ թվում Հայռուսգազարդ ընկերության վերջին 20 տոկոս բաժնեմասը, այդպիսով ընկերությունը դարձնելով 100 տոկոս Գազպրոմի սեփականություն:

Հետո, իբրեւ ԵՏՄ բոնուս, Ռուսաստանը որոշեց, որ Հայաստան առաքվող գազը չի հարկի արտահանման հարկով եւ այդպիսով գազի գինը կմնա 189 դոլար: Դա էլ մատուցվեց իբրեւ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Պուտինի Հայաստան այցի արդյունք, ինչն իրականում պարզ մանիպուլյացիա էր, քանի որ գազի գնի այդ հայտարարված նվազեցումը որեւէ կերպ չէր առնչվում սպառողին եւ ընդամենը թվաբանական աճպարարություն էր: Արդյունքը այն էր, որ Գազպրոմը 2 տարվա ընթացքում 300 միլիոն պարտք բարդեց Հայաստանի վրա եւ ստացավ այն:
Եթե ներկայում Գազպրոմը Հայաստանի համար գազի գնի իջեցումից ստանալու է ընդամենը իրանական գազը Վրաստան տարանցելու հարմար պայման, ապա պետք է ասել, որ Հայաստանը գազի գնի նվազեցումից դուրս կգա առանց կորստի: Համենայն դեպս, երկու տարի նախադեպային ժամկետը կա եւ թերեւս պետք է սպասել, թե երկու տարի անց հանկարծ ինչ կարող է պարզվել ներկայում գազի գնի նվազեցման մասով:
Մյուս հիշարժան հանգամանքն այն է, որ Հայաստանի տնտեսվարողների համար մի անգամ էլ գազի գին «նվազեցվեց»` 2006 թվականին: Ընդ որում, կրկին նախընտրական տարում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ պայմանավորվել է Հրազդան ՊՇԷԿ 5-րդ էներգաբլոկը 251 միլիոն դոլարով Գազպրոմին վաճառելու մասին, որի կեսն էլ կուղղվի Հայաստանում գազի թանկացող գնի սուբսիդավորմանը, իսկ գինն էլ անփոփոխ կմնա հետագա երեք տարիներին:
Հայաստանի իշխանությունն այդ գործարքով փորձում էր սոցիալական էֆեկտ ստանալ 2007-08 թվականների խորհրդարանի եւ նախագահի ընտրության համար:
Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, որ տնտեսվարողների համար գազի գնի սուբիսդավորումը` Հրազդան ՊՇԷԿ դիմաց Գազպրոմից ստացած փողի հաշվին, կնպաստի, որ հայաստանցի տնտեսվարողների համար գազը լինի ցածր գնով, եւ դա կբերի նրանց մրցունակությանը:
Դա բերեց ընդամենը նրան, որ իշխանությունը պետական գույքի վաճառքի հաշվին սուբիսդավորեց յուրայինների կամ սեփական բիզնեսները` գազի գնի մասով: Իսկ մրցունակության առումով խոսուն պատկերն այն էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամին ամենաանպատրաստը գտնվեց Հայաստանի տնտեսությունը, որը դրվել էր կապիտալ շինարարության սպեկուլյատիվ էֆեկտի վրա, ինչը հետագայում խոստովանեց այդ տարիներին հենց այդ էֆեկտի համար դրավարկային քաղաքականություն իրականացրած ԿԲ նախկին նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ տնտեսությունը փլվեց նրա վարչապետական ուսերին:
Այդպիսով, գազի գնի նվազումը տնտեսվարողների համար իսկապես ողջունելի քայլ է, սակայն այդ քայլը խիստ անբավարար է նրանց մրցունակության եւ ընդհանրապես վիճակի թեթեւացման համար: Եվ եթե չեն կատարվում մյուս քայլերը, որոնք ենթադրում են արդեն ոչ թե նվազում, այլ բարձրացում` Հայաստանում մրցակցության մակարդակի եւ դրա իրավական պաշտպանվածության բարձրացում, ապա գազի գնի նվազումը կարող է լինել ընդամենը քող, որի ներքո դատարկությունն ու սպեկուլյացիան կբացահայտվի համաշխարհային տնտեսության առաջին իսկ միջանցիկ քամուց:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing