Ինչպես լուծել Ռուսաստանի հարցը. զե՞նք, թե՞ թավշյա «սեզոն»

89

Ասել, թե նախորդ իշխանությունն իր արատավոր համակարգային բնույթով հանդերձ ամբողջությամբ տապալել է արտաքին քաղաքականությունը, կլինի թերևս անարդարացի: Ավելին, ի տարբերություն լիովին տապալված ներքին քաղաքականության, արտաքին քաղաքականության հարցում, այդուհանդերձ, առնվազն նվազագույն անհրաժեշտ արդյունավետությունն ապահովվել է, իսկ որոշ դեպքերում նաև զգալիորեն ավելին:

Իհարկե, կա նաև արտաքին հարաբերություններում Ռուսաստանի հետ հարաբերության ընդհանուր ազդեցությունը, որն իր հետքն է թողել գործնականում մյուս բոլոր ուղղություններում արդյունավետության վրա, սակայն մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերության վրա էլ իր հետքն է թողել ներքին քաղաքականության խորքային տապալումը, ներպետական կարողությունների ու որակների ձախողումը:

Այս հարցում հնարավոր է հայտնվել հավի ու ձվի պատմության առաջ՝ հաշվի առնելով տեսակետը, որ հենց Ռուսաստանից կախվածությունն է, որ թույլ չի տալիս ներքին արդյունավետ ու որակապես արդիական քաղաքականություն վարել և կառուցել իրավական, ազատ ու ժողովրդավարական, ինքնիշխան պետություն, ըստ այդմ՝ վարել ազատ ու ինքնիշխան արտաքին քաղաքականություն: Իբրև դրա փաստարկ է ներկայացվում այն, որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի արդիականացում, որովհետև դա կնշանակի Հայաստանի ինքնիշխանացում, իսկ դա էլ կբերի նրան, որ Հայաստանն այլևս չի ենթարկվի Ռուսաստանին:

Սա առաջին հայացքից կուռ տրամաբանություն պարունակող, սակայն խորքային առումով էֆեկտիվության գրեթե զրոյական գործակցով մոտեցում է, որովհետև այդ մոտեցման տրամաբանությամբ ելքն այն է մնում, որ Հայաստանը պարզապես ազգային-ազատագրական զինված պայքար սկսի Ռուսաստանի ազդեցությունից ազատվելու համար, որպեսզի հետո կարողանա բարեփոխվել: Ինքնին պարզ է այդ տարբերակի անհնարինությունը: Հետևաբար ստացվում է, որ Հայաստանը տարբերակ չունի, քան՝ եթե կա Հայաստանի ներքին արդիականացման դեմ ռուսական հակազդեցություն, հաղթահարել այդ հակազդեցությունը թավշյա, ոչ բռնի ճանապարհով: Ընդ որում՝ ավելի հավանական կամ իրական է այն, որ Հայաստանի համար դա լինելու է ոչ թե խնդիր, որը մեկանգամյա լուծում է պահանջում, այսինքն՝ միանվագ լուծման ենթակա խնդիր, ինչպես, օրինակ, Հայաստանի գործող իշխանության հեռացումն էր, այլ իրողություն, որը կլինի գործընթաց-լուծում, այսինքն՝ Հայաստանը այլ տարբերակ չունի, քան անընդհատ լուծել այդ հարցը՝ ներքին վերափոխումներին զուգահեռ, դրանք առաջ տանելու համար:

Բանն այն է, որ Հայաստանի ներքին արդիականացման խնդրում, մեղմ ասած, արգելակող մոտիվացիաներ ունեցող խմբերը շատ են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմանից դուրս: Թուրքիան ու Ադրբեջանը այստեղ ստանդարտ են, սակայն ամենացավալին այն է, որ միայն նրանք չեն, և այդպիսի խմբեր կան ոչ միայն Ռուսաստանում, այլ գործնականում Հայաստանի հարևան բոլոր երկրներում, կա Իսրայելը և անգամ Արևմուտքում, որտեղ ևս ամենևին միատարր չեն քաղաքական հայեցակարգերը և դրանց կրող ուժերը: Սա ամենևին համաշխարհային դավադրության խնդիր չէ: Այդպես է ոչ միայն Հայաստանի հարցում, այդպես է բոլոր հարցերում, և այդպես է ընդհանրապես աշխարհաքաղաքականությունը: Հայաստանը բացառիկ չէ այդօրինակ խնդիրների առաջ լինելու իմաստով:

Ըստ այդմ՝ պետք է պարզապես գտնել դրանց պարագայում մարտահրավերների չեզոքացման և այդպիսով ներքին արդիականության քաղաքականությունն առաջ մղելու բանաձևը: Ակնառու է, որ այն պետք է իսպառ բացառի Արևմուտք, թե Ռուսաստան որևէ դիլեմա, միաժամանակ հստակ է, որ ինքնաբերաբար արդյունավետ չեն դառնում հայտարարությունները, թե Հայաստանը կամուրջ է Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Եթե առաջինը ուղղակի վտանգավոր է, ապա երկրորդը պարզապես անլուրջ, որովհետև Ռուսաստանն ու Արևմուտքը Հայաստանի իշխանությունից՝ որևէ իշխանությունից, ավելի լավ գիտեն իրենց հնարավոր կամուրջները կամ թունելները, ու լավ գիտեն, թե որ դեպքում կամրջով է պետք գնալ, իսկ որ դեպքում՝ թունելով:

Անհերքելի է, որ Հայաստանը պետք է համադրի շահերը՝ ներքին քաղաքականության արդյունավետ վերափոխման համար, սակայն դա չի կարող կատարվել պարզապես հռչակագրերով, այլ միայն ու միայն կոնցեպտուալ գաղափարական, առարկայական մշակումներով, հաշվի առնելով թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ մնացյալ կենտրոնների շահերն ու ուժային հարաբերակցությունը, միաժամանակ նաև սեփական քաղաքական ռեսուրսների համադրելիության աստիճանը դրանց հետ:

Սա չափազանց բարդ ու տարողունակ աշխատանք է, բայց առանց այդ աշխատանքը կատարելու հնարավոր չի լինելու գտնել այն բանաձևը, որը թույլ կտա համադրել Հայաստանի ներքին արդիականության ու միաժամանակ արտաքին ուժային բոլոր կենտրոնների հետ հարաբերության վերափոխման և նոր որակ հաղորդելու խնդիրները: Դրանք պետք է փոխլրացնեն իրար՝ համակարգային և ինստիտուցիոնալ դրսևորում ստանալու համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache