Լրահոս

Ինչպես Սերժ Սարգսյանին պարտադրվեց շրջադարձը

 

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն Ազատություն ռադիոկայանի եթերում անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրացիայի անհաջող փորձին, հայտարարել է, որ Հայաստանը փորձեց, սակայն թույլ չտրվեց, իսկ վճարել այնպիսի գին, ինչպիսին Վրաստանը, մենք չէինք կարող մեզ թույլ տալ:Խոսքը Ռուսաստանի «թույլ չտալու» մասին է եւ Արցախով գին վճարելու վտանգի: Այդ մոտեցումը արտահայտվում է դեռեւս 2013 թվականից եւ Ալեքսանդր Արզումանյանը առաջինը չէ, ու թերեւս չի լինի վերջինը: Դա տարածված մոտեցում է:

Իշխանությունն էլ այն ուղղակի թե անուղղակի տարբերակներով մատուցում է հանրությանը, նաեւ միջազգային հանրությանը:Համարվում է, որ Վրաստանն իր եվրաինտեգրացիայի հեռանկարի համար վճարեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորստով, իսկ Հայաստանն էլ կվճարեր Արցախի կորստով, եթե չշեղվեր Ասոցացման գործընթացից:Այն, որ ասոցացման գործընթացում Հայաստանի եւ Վրաստանին նույնականացումը իրատեսական չէ, աներկբա է: Նույնիսկ Վրաստանի եւ Մոլդովայի, նույնիսկ Վրաստանի եւ Ուկրաինայի նույնականացումը համարժեք չէ:

Ամեն առանձին դեպքում կան բազմաթիվ նրբերանգներ, որոնք ձեւավորում են տարբեր իրավիճակներ եւ իրողություններ:Միաժամանակ, կասկածից վեր է, որ 2013 թվականին Հայաստանի եւ Վրաստանի հնարավորություններն ամենեւին նույնը չէին, եւ Վրաստանն ընդհանրապես շատ ավելի քիչ էր կախված ռուսական ազդեցությունից, քան Հայաստանը:

Ընդ որում, այդ կախվածության հարցը մեկ օրում կամ մեկ ամսում չէ, որ լուծվել էր, այլ տարիների ընթացքում:Սակայն, խնդիրն այստեղ ամենեւին այն տարածքային «կորուստները» չեն, որոնց մասին փորձ է արվում խոսել Հայաստանում եւ ներկայացնել դրանք որպես փաստարկ, որ Հայաստանը չէր կարող այն, ինչ Վրաստանը՝ չշեղվել Ասոցացման կուրսից:Հայաստանն իսկապես չէր կարող, բայց ոչ այն պատճառով, ինչը որ նշվում է՝ տարածքային կորստի վտանգ:Նախ, Վրաստանն Աբխազիան եւ Օսիան դե ֆակտո կորցրել էր դեռեւս երկու տասնամյակ առաջ տանուլ տված պատերազմի հետեւանքով:

Այդ տարածքներում լիակատար ռուսական գերիշխանություն էր, թե «խաղաղապահ» պարեկության, թե ռուսական անձնագրերի տոտալ բաժանման տեսքով: Ինչ խոսք, 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո Վրաստանը որոշ տարածք կորցրեց, որը մինչ այդ իր վերահսկողության տակ էր, սակայն դա գործնականում չունի վճռորոշ նշանակություն, հաշվի առնելով եւ այն, որ Վրաստանն այդ ընթացքում փաստացի ձեռք է բերել ամբողջ Աջարիան, որը մինչեւ վարդերի հեղափոխությունը դե ֆակտո անկախ պետություն էր Աբաշիձեի գլխավորությամբ:Այդպիսով, դեռ պետք է պարզել եւ հստակեցնել՝ Վրաստանն ավելի շատ տարածք կորցրե՞լ է, թե ձեռք բերել՝ Վարդերի հեղափոխությունից հետո եվրատլանտյան կուրս որդեգրելուց հետո:Հետեւաբար, ակնհայտ է, որ Վրաստանի օրինակով Հայաստանի եվրասիական շրջադարձը արդարացնելն այդքան էլ համարժեք չէ:

Առավել եւս, որ կա ապրիլյան պատերազմի օրինակը, երբ Հայաստանը առանց դաշնակից Ռուսաստանի ստիպված էր դիմագրավել Ռուսաստանի աջակցությամբ ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական գրոհ ձեռնարկած Ադրբեջանի ագրեսիան, դրա հետեւանքով ունենալով որոշակի դիրքային կորուստ:Այդպիսով, չնայած եվրասիական շրջադարձին, անվտանգության խնդրից Հայաստանին այդուհանդերձ խուսափել չհաջողվեց:

Ավելին, այդ եվրասիական շրջադարձից հետո Հայաստանն ավելի ու ավելի հաճախ սկսեց բախվել դրա հետ, քանի որ «զարմանալի զուգադիպությամբ», իսկ իրականում ընդամենը ռազմա-քաղաքական օրինաչափությամբ, Ադրբեջանը սկսեց Հայաստանի ԵՏՄ շրջադարձից հետո ավելի ու ավելի ագրեսիվ լինել սահմանին: Հայաստանի դաշնակիցները լուռ էին, փոխարենը ժամացույցի ճշգրտությամբ ապահոովում էին Ադրբեջանի սպառազինության մատակարարումը, ուշացնելով Հայաստանինը:Ի՞նչ պետք է լիներ: Ռուսաստանը պետք է վերցներ Արցախն ու հանձնե՞ր: Ու՞մ, Բաքվի՞ն:

Ռուսաստանում հիմա՞ր են: Հաստատ՝ ոչ: Ռուսաստանն ունի խնդիր՝ ռազմական ներկայություն ապահովել ստատուս-քվոյի ներքո, պարզապես վերցնել այդ ստատուս-քվոն իր ենթակայության տակ: Ռուսաստանի խնդիրը տարածքները Բաքվին տալը չէ, այլ իր ռազմական ներկայությունն այնտեղ ապահովելը, Բաքվին մի քանի դիրքով «խաբելով»: Ալիեւն էլ հիմար չէ, դա չհասկանալու համար: Արցախում գործնականում չէր կարող լինել ավելին, քան այն, ինչ եղավ ապրիլին: Ավելին կարող էր լինել մի դեպքում՝ եթե չլիներ հայկական զինուժի դիմադրությունը:Վրաստանի օրինակը, անգամ Ուկրաինայի Արեւելքի օրինակը բացարձակ անհամեմատելի են, որքան էլ մակերեւույթին դրանք ունեն նմանության եզրեր:Ավելին, եթե Ռուսաստանն ունենար Արցախի խնդրում Հայաստանին իրապես լրջորեն սպառնալու լրջագույն լծակ, ապա Հայաստանում չէր ձեւավորվի այսպես կոչված ոչիշխանական բեվեռը, որը կախվեց Սերժ Սարգսյանի գլխին:

Ճնշման միակ գործնական, «կենսունակ» լծակը եղել է իշխանափոխության վտանգը՝ Սերժ Սարգսյանին սպառնացել են իշխանությունից հեռացնելով: Սերժ Սարգսյանը շրջադարձը կատարել է հենց այդ վտանգը չեզոքացնելու համար:Խնդիրը այն չէ, որ Արցախի խնդրում չկար որեւէ վտանգ: Վտանգ կար, եւ ահռելի: Խնդիրն այն է, որ այդ վտանգի հիմքը, շարժառիթը, դրանում ՌԴ մոտիվացիաներն ամենեւին պայմանավորված չէին եվրասիական շրջադարձով: Ավելին, եվրասիական շրջադարձը հենց միջոց էր Ռուսաստանին այն շարժառիթները սպասարկելու համար, որ կային եւ ձեւավորում էին Արցախի խնդրում Հայաստանի եւ Արցախի համար վտանգավոր իրավիճակի հասունացումն ու գեներացիան:

Այդ վտանգավոր զարգացումը սկսել է ծավալվել, քայ առ քայլ, դեռեւս 2004-05 թվականներից:Սերժ Սարգսյանն ինքն էլ անկասկած շատ լավ գիտակցում ու պատկերացնում էր, որ շրջվի ԵՏՄ, թե չշրջվի, Արցախի խնդրում առկա վտանգը չի նվազելու, որովհետեւ դրա արմատն այլ տեղում էր, ինչն էլ ապացուցվեց ժամանակի ընթացքում:Սերժ Սարգսյանի շրջադարձն ապահովող միակ վտանգը իշխանափոխության վտանգն էր ոչ իշխանական բեւեռի միջոցով, որն էլ աշխատեց, կատարեց իր դերը, եւ որպես պարզ վկայություն՝ Սերժ Սարգսյանն այդ բեւեռը ցրելու քարտ-բլանշ ստացավ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը մեկուկես ամիս անց:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing