Ինչպես Երեւանը պահեց Իսկանդերի իրավունքը

1

Բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը Կոմսոմոլսկայա Պրավդային ասել է, որ Բելառուսը ցանկանում էր Ադրբեջանին վաճառել ռեակտիվ համազարկի Պոլոնեզ հրթիռային կայաններ, սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ դեմ է եղել ՀԱՊԿ անդամ Հայաստանը:

Բելառուսական արտադրության Պոլոնեզները համարվում են ռեակտիվ համազարկի հրթիռային կայաններ, որոնք սակայն արդիականացման եւ նոր՝ Մ20 հրթիռների միջոցով փաստացի ձեռք են բերել օպերատիվ-մարտավարական սպառազինության հատկանիշներ: Բանն այն է, որ այդ նոր հրթիռները Պոլոնեզին տվել են մինչեւ 280 կմ հեռահարության հարվածի հնարավորություն:Այդպիսով, դրանք դիտարկվում են որպես ռուսական Իսկանդերի տարբերակ, որին Բելառուսը դիմել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը չի համաձայնել տրամադրել Իսկանդերներ: Ըստ ռուսական մամուլի, Բելառուսն ակնկալում էր Իսկանդեր Մ կամ Իսկանդեր Կ տարբերակը, որը իր հատկանիշներով ավելին է, քան արտահանման համար նախատեսված Իսկանդեր Է-ն: Սակայն, Ռուսաստանը դրանք չի տրամադրել եւ Բելառուսը անցել է Պոլոնեզների մշակման ու արդիականացման:Այդպիսով, Պոլոնեզները, ըստ գնահատականի, դարձել են Իսկանդեր Է-ի հետ համեմատելի, համենայն դեպս իրենց հեռահարությամբ, այդպիսով ձեռք բերելով ոչ միայն ռեակտիվ համազարկի, այլ նաեւ օպերատիվ-մարտավարական զինատեսակի հատկանիշներ:Անշուշտ ամեն ինչ դրանով չի սահմանափակվում, քանի որ կա նաեւ խոցելիության հարց, այսինքն ինչքանով է հակառակորդի ՀՕՊ համակարգի համար հասանելի Պոլոնեզը եւ ինչքանով է հասանելի Իսկանդերը, որը համարվում է ՌԴ լավագույն զինատեսակներից մեկը:

Այստեղ անշուշտ Պոլոնեզը հազիվ թե լինի Իսկանդերի լուրջ մրցակից, եւ այդ տեսանկյունից համեմատությունը թերեւս ավարտվում է հեռահարությամբ:Ադրբեջանին ըստ երեւույթին անհրաժեշտ է հենց դա, հայկական Իսկանդերին այսպես ասած հակադրելու համար: Համենայն դեպս այդ մեկնաբանությանն արժանացավ ամիսներ առաջ տեղեկությունը, թե Ադրբեջանը փորձում է ձեռք բերել բելառուսական Պոլոնեզ:Այժմ ահա, բելառուսցի ռազմական փորձագետը ասում է, որ դա չի ստացվել, քանի որ Հայաստանը դեմ է եղել: Բանն այն է, որ ՀԱՊԿ անդամները, այդ թվում նույն Բելառուսը, Բաքվին մահաբեր սպառազինություն մատակարարում է վաղուց: Ամենամեծ մատակարարը Ռուսաստանն է իհարկե, որը վերջին տարիներին տրամադրել է Ադրբեջանի ձեռք բերած սպառազինության մոտ 80 տոկոսը, ըստ Ստոկհոլմի Խաղաղության եւ Պատերազմի հարցերի ինստիտուտի վերլուծության:Հարց է առաջանում, ինչու՞ Հայաստանը նախկինում չէր արգելակում ՀԱՊԿ անդամների ռազմա-տեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ, իսկ այժմ արել է դա:

Ինչու՞ նախկինում դա չէր ստացվում, այժմ ստացվել է, եթե փորձագետ Ալեսինը հայտնում է իրականությունը:Չի բացառվում, որ այստեղ խնդիրը զինատեսակն է, ու Երեւանը փորձել է թույլ չտալ, որ ՀԱՊԿ անդամները Ադրբեջանին վաճառեն օպերատիվ-մարտավարական հատկանիշներով զինատեսակ, եթե անգամ դա համեմատելի չէ իր տնօրինած Իսկանդերին: Միեւնույն ժամանակ, կարծես թե մանրամասն հայտնի չէ, թե Ռուսաստանն ի վերջո Իսկանդերի ո՞ր տեսակն է տրամադրել Հայաստանին՝ Իսկանդեր Է՞, թե՞ այդուհանդերձ Մ կամ Կ, որոնք իրենց հատկանիշներով ավելին են, քան արտահանման համար նախատեսվածը:Մյուս կողմից, փորձագետները նշում են, որ այդօրինակ սպառազինության արտահանման ենթակա տեսակների մասով կա սահմանափակում, դրանց հեռահարությունը չպետք է գերազանցի 300 կմ-ը:Մյուս կողմից, առկա է այլ խնդիր: Ի տարբերություն Բաքվի, Երեւանի ռազմավարական օբյեկտները Ադրբեջանին ավելի հասանելի են, նկատի ունենալով Նախիջեւանի պարագան: Իսկ այդ հասանելիության հրթիռներ Ադրբեջանը կարող է ունենալ:

Հետեւաբար, արդյոք Բաքուն ունի Պոլոնեզի մեծ անհրաժեշտություն, թե՞ խնդիրը ավելի շատ հոգեբանական-քարոզչական դաշտում է:Իսկ գուցե կա այլ խնդիր, մասնավորապես Իրանի մասով: Համենայն դեպս, հարեւան Իրանը մեղմ ասած ամենեւին ոգեւորված չի լինի Բաքվի տրամադրության տակ 300 կմ հեռահարությամբ հրթիռների առկայությունից ու չի բացառվում՝ իբրեւ վարկած, որ Հայաստանն այս դեպքում դրանց մատակարարման արգելքի կարողացել է հասնել այն բանի շնորհիվ, որ այստեղ եղել է նաեւ Թեհրանի չբարձրաձայնված աջակցությունը:Ի վերջո, օպերատիվ-մարտավարական զինատեսակի վաճառքը ավելին է, քան զուտ ռազմա-տեխնիկական գործարք եւ պահանջում է ավելի լայն քաղաքական խորհրդակցության շրջանակ: Եվ այս դեպքում Բաքվին այդօրինակ զինատեսակ տրամադրելու հարցում չի եղել «միջազգային կոնսենսուս», ինչն աներկբայորեն առկա էր Հայաստանին Իսկանդերի տրամադրման հարցում: Այլ կերպ ասած, այստեղ էական աջակցությունը հայկական կողմին գուցե ոչ միայն Թեհրանի, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիայի հնարավոր դիրքորոշումն է:

Ի դեպ, այդ տեսանկյունից հետաքրքիր է, որ փորձագետ Ալեսինն ասում է, թե Բաքվի փոխարեն բելառուսական Պոլոնեզների առաջին գնորդը կարող է լինել Ղազախստանը: Այդ տեղեկությունը հետաքրքիր է Նազարբաեւի շաբաթներ առաջ Վաշինգտոն կատարած այցի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների անունից ԱՄՆ նախագահ Թրամփին բաց տեքստով խնդրանքի ֆոնին՝ տարածաշրջանում լինել ակտիվ եւ օգնել անվտանգությանը:Հետաքրքիր է, թե ինչպես կվերաբերի Չինաստանը Ղազախստանի այդ հնարավոր ձեռքբերմանը: Ընդ որում, հետաքրքիր է, որ ըստ տարբեր տեղեկությունների, բելառուսական Պոլոնեզի արդիականացումն իրականացվել է Չինաստանի գործակցությամբ:Անկասկած, ընդհանուր ռազմա-տեխնիկական բալանսում Պոլոնեզի ստանալ-չստանալն սկզբունքորեն չի նվազեցնում Բաքվի մահաբեր սպառազինության խնդիրը Հայաստանի անվտանգության տեսանկյունից:

Սակայն ապրիլյան պատերազմից հետո առանցքային է ռազմա-քաղաքական հավասարակշռության հանգամանքը, ինչին ածանցյալ է ռազմա-տեխնիկական իրավիճակը: Ռազմա-տեխնիկական առումով Իսկանդերի առավելությունը սկզբունքորեն չի լուծում ռազմա-տեխնիկական ընթացիկ խնդիրներ, սակայն մյուս կողմից այն ապահովում է դրանց լուծման ռազմա-քաղաքական անվտանգության հովանոցը, ստեղծելով «ժամանակի ու տարածության» միջանցք:Այդ իմաստով, Ադրբեջանի համար ռազմավարական իմաստով տանուլ տված ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը գործնականում հնարավոր է բնորոշել մի կողմից Ադրբեջանի պայքարը «պատերազմի իրավունքի» վերականգնման համար, մյուս կողմից Հայաստանի պայքարը Իսկանդերի բացառիկ իրավունքի պահպանման եւ այդպիսով Ադրբեջանի «պատերազմի իրավունքը» չեղարկված պահելու համար:

Պոլոնեզի հարցում Երեւանի հաջողությունը առանցքային է դառնում այդ տեսանկյունից, հենց դրա շնորհիվ նաեւ ստանալով տողատակում առավել լայն ռազմա-քաղաքական եւ աշխարհքաղաքական մասշտաբ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache