Ինչու՞ է Արմեն Սարգսյանը շտապ մեկնել Մոսկվա

146

Ռուսական Կոմերսանտը հոդված է հրապարակել, որում հղում անելով դիվանագիտական անանուն աղբյուրին ասում է, թե Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզից օպերատիվ այց է կատարել Մոսկվա, հետո նոր վերադարձել Երեւան:

Արմեն Սարգսյանը մեկնել էր Նյու Յորք, որտեղ նա ստացել էր հեղինակավոր մրցանակ, որպես պետական գործիչ: Հետո Արմեն Սարգսյանը այնտեղից մեկնել էր Փարիզ, որտեղ մասնակցել էր Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը: Կոմերսանտը գրում է, որ Արմեն Սարգսյանը Փարիզից մեկնել է Մոսկվա, ուր հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ նրա տեղակալի՝ Գրիգորի Կարասինի հետ:

Ըստ Կոմերսանտի, Նյու Յորքում էլ Սարգսյանը հանդիպել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, թեեւ այդ հանդիպման մասին նախագահի գրասենյակը չի հայտարարել:

Ըստ Կոմերսանտի, Արմեն Սարգսյանի Մոսկվա կատարած այցի օրակարգում եղել է Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության շուրջ քննարկումներն ու այդ ներքին գործընթացի կապակցությամբ Մոսկվայում հնարավոր անհանգստության փարատումը:

Ի դեպ, այդ առումով ուշագրավ էր, որ հոկտեմբերի 8-ին Իզվեստիա պարբերականին Գրիգորի Կարասինը ասել էր, որ թեեւ Հայաստանում ներքին քաղաքական որոշակի անկայուն վիճակը շարունակվում է, այդուհանդերձ դա չի խանգարում հայ-ռուսական հարաբերության բնականոն զարգացմանն ու այդ ուղղությամբ աշխատանքի շարունակությանը: Մեծ հավանականությամբ, Կարասինի հայտարարությունն արտացոլում էր Արմեն Սարգսյանի Մոսկվա շտապ այցի արդյունքը:

Հատկանշական է, որ Սարգսյանը Փարիզում հանդիպել էր նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ կասկածից վեր է, որ նախագահի մոսկովյան այցը համաձայնեցված է վարչապետի հետ, եւ այդ առումով Սարգսյանը խոշոր հաշվով պահել է Մոսկվայում Փաշինյանի թիկունքը, երբ Փարիզից վերադարձից հետո Երեւանում նա անցավ խորհրդարանի դեկտեմբերյան արտահերթ ընտրության հարցն այսպես ասած վերջնական ամրագրման տանելու գործին:

Միեւնույն ժամանակ ստացվում է նաեւ բավական ուշագրավ տրանզիտ՝ Նյու-Յորք-Փարիզ-Մոսկվա:

Այդ հանգամանքն իհարկե հարց է առաջացնում, թե արդյոք Արմեն Սարգսյանի մոսկովյան այցի օրակարգում միայն Հայաստանի արտահերթ խորհրդարանի ընտրության հարցն էր, թե՞ Փաշինյան-Սարգսյան տանդեմը Փարիզում «ուղղելով» սլաքները Սարգսյանի Նյու Յորք այցից եւ Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո, միաժամանակ շարունակել են սլաքների ճշգրտումը Մոսկվայում:

Այստեղ հատկանշական հանգամանք է այն, որ նախօրեին պաշտոնապես հաստատվեց տեղեկությունը, որ ռեգիոն է ժամանում ԱՄN առանցքային պաշտոնյաներից, ամերիկյան քաղաքականության «պատրիարք» եւ բազեներից մեկը՝ Ջոն Բոլթոնը, որը ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերի խորհրդականն է: Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկյան ազգային շահը առաջ մղելու ուղղությամբ աշխատանքի համար հոկտեմբերի 20-ին մեկնում է Ռուսաստան, Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:

Առանցքային պաշտոնյայի ուշագրավ այց հետաքրքիր աշխարհագրությամբ: Միեւնույն ժամանակ, Բոլթոնի կալիբրը եւ խորհրդական լինելու հանգամանքը վկայում է, որ այցն ամենեւին զուտ դիվանագիտական աշխատանքի մաս չէ՝ խորհրդականի բուն աշխատանքը այդ այցերը չեն: Եվ եթե Բոլթոնը դուրս է գալիս «արահետ», ապա կնշանակի խիստ կոնկրետ օրակարգով ու հարցերով, խիստ կոնկրետ արդյունքի ակնկալիքով:

Այդ իմաստով հատկանշական է, որ առավելապես ներքին օրակարգի վրա Փաշինյանի ուշադրության ու ջանքերի կենտրոնացման փուլում Արմեն Սարգսյանն էլ սպասարկում է արտաքին ուշագրավ օրակարգ, նաեւ Ջոն Բոլթոնի այցից առաջ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache