Ինչու՞ է Բաքուն շեշտը դնում «տարածքների վերադարձի» վրա

42

«Միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հակամարտության կարգավորումը պետք հիմնվի հենց այս առանցքային սկզբունքների վրա», ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով՝ կարգավորման փուլային տարբերակը, որն առաջակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բոլորին հայտնի է:

Մամեդյարովն ընդգծել է, թե Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներն իրենց համատեղ հայտարարություններում բազմիցս նշել են ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին: Կարգավորման գործընթացն առաջ տանելու համար Ադրբեջանի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում «առարկայական բանակցությունների» ակտիվացումը գործող ձևաչափի և օրակարգի շրջանակներում:

Մամեդյարովը նաև հայտարարել է, թե ինքն ու իր հայաստանցի պաշտոնակիցը պատրաստ են շարունակել առարկայական բանակցությունները: Ավելի վաղ Բրյուսելում, հուլիսի 11-ին, կայացել էր նրանց առաջին հանդիպումը, որը Մամեդյարովը դրական էր գնահատել, նույնիսկ հայտարարել էր, թե Զոհրաբ Մնացականյանն ավելի արհեստավարժ դիվանագետ է, քան Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ռուսաստանը, որպես ղարաբաղյան կարգավորման հիմնական մոդերատոր, չի՞ պատրաստվում արդյոք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել», ՏԱՍՍ գործակալության այս հարցին ի պատասխան, Մամեդյարովը միայն նշել է․ «Ադրբեջանը բաց է երկխոսության համար, սակայն բանակցությունները պետք է առարկայական և պատասխանատու լինեն, որոնց նպատակը արդյունքի հասնելն է»։

Իսկ «արդյունք» ասելով՝ Ադրբեջանի արտգործնախարարը նկատի ունի «ադրբեջանական տարածքների դեօկուպացիան»: «Հենց այդ տարածքները չազատելն է, որ խոչընդոտում է խնդրի կարգավորմանը»,- ասել է Մամեդյարովը, հավելելով՝ վստահ է, որ եթե այդ տարածքների խնդիրը լուծվի, «մնացած բոլոր հարցերը հեշտ կարգավորվող են, տեխնիկական բնույթի, և դրանց շուրջ համաձայնության գալը դյուրին կլինի»:

Բաքուն այսպես, շարունակում է բանակցությունների իմաստը ամբողջապես խեղաթյուրել: Նրանք պահանջում են տարածքներ, որից հետո, չգիտես, ինչ տրամաբանությամբ՝ խոսում հնարավոր համաձայնության մասին:

Ուղիղ մեկ ամիս առաջ Ալիևը դարձյալ ռազմաշունչ հայտարարություններ հնչեցրեց, նշելով, թե Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, միաժամանակ սպառնալով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ ադրբեջանական բանակն «ի զորու է ոչնչացնելու ռազմական և ռազմավարական ցանկացած օբյեկտ»: Ալիևը կրկնեց այն ամենը, ինչ տարիներ շարունակ ասել է Ղարաբաղի մասին. «Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, Բաքուն երբեք չի ընդունի Ղարաբաղի օկուպացիան, Ադրբեջանը կվերականգնի իր վերահսկողությունը Ղարաբաղում և հարակից գրավյալ տարածքներում» և այլն: Նա հայտարարել է նաև, թե Բաքուն շարունակելու է զենք գնել՝ ուժեղացնելու բանակը:

Բաքուն բացահայտ ասում է՝ աշխարհում հիմա գերիշխում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ ռազմական ներուժը, հիմնավորմամբ, թե, եթե միջազգային իրավունքն աշխատեր, տարածքները վաղուց ազատված կլինեին:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ մի քանի շաբաթ առաջ խոսում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության մասին: «Պատերազմը դեռ չի ավարտվել։ Ավարտվել է միայն դրա առաջին փուլը»,– եզրափակել է իր ելույթն այսպես Ալիևը։ Ադրբեջանը պատրաստ է չճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածքում ոչնչացնել Հայաստանի բոլոր ռազմական և մարտավարական օբյեկտները, սպառնացել է Իլհամ Ալիևը։ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է։ Ադրբեջանցիները հարյուրավոր տարիներ ապրել և ստեղծել են այս տարածքի վրա։ Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Ադրբեջանը չի համակերպվի իր գրավյալ տարածքների հետ և կվերականգնի տարածքային ամբողջականությունը», ասել է Ալիևը, ապա հավելել. «Հայաստանը չի կարողանում և չի կարողանա մեզ հետ մրցակցել։ Պատմական արդարությունը մեր կողմն է, մենք ունենք ռազմական և տնտեսական հզորություն, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև անդունդը միայն ավելի է մեծանալու»։

Բաքուն հստակ հասկացնում է, որ իրենց նպատակն է բանակին պատերազմի նախապատրաստել, որ քաղաքական բանակցությունները իրենց աշխատանքի մեջ չեն մտնում։ Ադրբեջանը բաց խոսում է պատերազմի նախապատրաստության մասին, նույնիսկ որոշ փակագծեր բացելով՝ դրա «պատճառների» մասին:

Բաքվի տակտիկան հասկանալի է. Ադրբեջանում ցանկանում են Հայաստանի նոր իշխանության հետ բանակցությունները սկսել ուժի դիրքերից՝ բացառելով Բաքվից հնարավոր զիջումները: Այդ իսկ պատճառով պաշտոնական Բաքուն շաբաթը մեկ սկսել է բարձրաձայնել «տարածքների վերադարձման» թեմայի մասին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache