Լրահոս

Ինչու ԱՄՆ պետքարտուղարը լքեց հայ-ադրբեջանական հանդիպումը

 

arm14813531457

lragir.am –  Համբուրգում կայացած ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների վեհաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը չի կայացել ԱԳ նախարարների ձևաչափով, քանի որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պետք է ավելի վաղ մեկներ Համբուրգից: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հանդիպումը կայացել է համանախագահների մակարդակով, ընդ որում՝ ոչ պաշտոնական ձեւաչափով:
Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չկատարելու մեջ, ըստ էության՝ դրանով պայմանավորելով բանակցային գործընթացը: Մասնավորապես, խոսքը ԵԱՀԿ մանդատն ընդլայնելու եւ հետաքննության մեխանիզմները ներդնելու մասին է:
Ապրիլի իրադարձություններից հետո Հայաստանը մի շարք կտրուկ հայտարարություններ կատարեց, որոնք կարող էին փոխել կարգավորման տրամաբանությունը, սակայն հետագայում նկատվեց նահանջ, որը կարգավորումը վերադարձրեց «ավանդական» հուն, Ադրբեջանին հնարավորություն տալով որոշ չափով շտկել մեջքը ապրիլի ռազմական ու քաղաքական խոշոր փակուղուց: Միակ սկզբունքային պահը, որի վրա պնդում է հայկական կողմը, Ղարաբաղի կարգավիճակն է, որին դեմ է Ադրբեջանը:
Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ բանակցելու թեմա չկա, առավել եւս որ Ադրբեջանն իսկապես որեւէ քայլ չի կատարում ոչ միայն պայմանավորվածությունները կատարելու, այլեւ շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Եվ Համբուրգի հանդիպումն էլ ըստ էության անիմաստ էր դառնում, եթե իհարկե հայկական կողմը մինչեւ վերջ պնդում է իր դիրքորոշումը:
Համբուրգում Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ հնչեցին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների տեղակայման վայրի հարցում համաձայնություն չկա, ավելացնելով, որ ինքը կողմ է, որ նրանք տեղակայվեն շփման գծի ողջ երկայնքով. «Ես, ինչպես եւ շատ ուրիշներ, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծի երկայնքով մեկ»:
Իր հերթին, ԵԱՀԿ նախագահող Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերը հայտարարեց, թե Ղարաբաղյան կարգավորումը ներկայում փակուղում է, սակայն դրա մեղավորը ԵԱՀԿ-ն չէ: «Չեմ ցանկանում որևէ մեկին ուղղակի մատնանշել, սակայն խնդիրը նրանց մեջ է, ովքեր այդ հակամարտությունը վերսկսել էին այս տարվա ապրիլին», ասել է նա, այդպես էլ չտալով մեղավորների անունները:
Մեղավորների անուններ չտրվեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որում մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով ապրիլին շփման գծում բռնության աճը` մենք մտահոգություն ենք հայտնում շարունակական զինված միջադեպերի` այդ թվում ծանր զինատեսակների կիրառման առնչությամբ, և խստորեն դատապարտում ենք ուժի և դրա սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի և ոչ մի արդարացում չկա քաղաքացիական անձանց մահվան և վիրավորման դեպքերի վերաբերյալ: Մենք նաև տեղյակ ենք ռազմաճակատում ապրիլին տեղի ունեցած վայրագությունների մասին, որոնք մենք դատապարտում ենք ամենախիստ ձևակերպումներով»:
ԱԳ նախարարների հայտարարության մեջ նաեւ որոշ առումով աննախադեպ հանգամանք կար՝ դրանում մանրամասն թվարկված են կարգավորման դետալները, ըստ էության՝ «գաղտնազերծելով» դրանք, ինչը փորձագետներին բերել է այն համոզման, որ ղարաբաղյան կարգավորումն այս փուլում «սառեցվում» է: Այս պնդումը հիմնավոր է թվում, նկատի առնելով Համբուրգում տեղի ունեցած իրադարձությունները եւ հայտարարությունները, որոնք ըստ էության արձանագրեցին, որ խնդիրն այս փուլում էլ լուծման նախադրյալներ չունի, կողմերի եւ համանախագահների տարաձայնությունների պատճառով:
Այս ֆոնին, հայտարարվում է, որ համանախագահ երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայացել ԱՄՆ պետքարտուղար Քերրիի շտապ մեկնելու պատճառով: Այսինքն, այդ հանդիպման անհրաժեշտությունը չի եղել, կամ էլ չի եղել որեւէ համաձայնության հասնելու անհրաժեշտություն կամ հնարավորություն:
Ի դեպ, վեհաժողովի օրը Սերժ Սարգսյանը «կամուֆլյաժով» այցելել է Արցախի մի քանի զորամասեր:



Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing