Ինչու եւ ով է թանկացրել ՀԴՄ-ները

4

lragir.am — Հունվարի 24-ին ՊԵԿ կայքում պաշտոնական նորություններ բաժնում տեղադրվել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ Կառավարության 2017 թ. թիվ 861-Ն որոշման համաձայն՝ Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել 160 հազար ՀՀ դրամը:

Հասկանալի լինելու համար նշենք, որ խոսքը այսպես կոչված «նոր սերնդի» ՀԴՄ սարքերի մասին է, որոնք տարիներ առաջ պարտադրվել են հարկ վճարողներին հարկային վարչարարության «կատարելագործմանն» ուղղված միջոցառումների շրջանակներում: Այս սարքերի իրացման գինը հարկատուների տարբեր շրջանակների համար տարբեր էր: Մասնավորապես գործունեությունը նոր սկսող ու փոքր ու միջին հարկատուների համար սահմանված էր 60 հազար դրամ գինը:

Այսպիսով, ՊԵԿ-ն իր պաշտոնական կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրությամբ ՀԴՄ սարքերի գնի թանկացման պատասխանատվությունն անհասկանալի պատճառներով, դե ֆակտո փորձում է հեռացնել իրենից՝ նոր գնի համար պատասխանատու «սահմանելով» կառավարությանը: Այս հաղորդագրությանը ծանոթացող որևէ անձ թերևս այլ կերպ չի կարող հասկանալ այս հաղորդագրության «ՀՀ Կառավարության 2017թ. թիվ 861-Ն որոշման համաձայն Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել 160 հազար ՀՀ դրամը» արտահայտությունը: Մարդիկ ակնհայտորեն մտածելու են, որ ՀՀ կառավարությունն է թանկացրել ՀԴՄ սարքի գինը, 60 հազարից դարձնելով 160 հազար, չնայած նրան, որ իրականում դա այդպես չէ:

Բանն այն է, որ ՀՀ Կառավարության 2017թ. թիվ 861-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանվում է, որ ՀԴՄ իրացման գները սահմանում է ՊԵԿ Նախագահը: Այս որոշումն օրինական ուժի մեջ է մտել 12.08.2017թ.-ին:Իսկ թե ո՞ր իրավական ակտով է ՊԵԿ նախագահը ՀԴՄ գինը սահմանել 160 հազար դրամ, այդքան էլ հեշտ չէ պարզելը, քանի որ ՊԵԿ նախագահի հրապարակած իրավական ակտը որևէ պաշտոնական տեղեկագրում, նաև ՊԵԿ կայքում 24.01.2018 թ.-ից առ այսօր տեղադրված չէ: Ավելին, հարկ վճարողների զանգերի սպասարկման կենտրոնում չեն կարողանում անգամ հայտնել ՊԵԿ նախագահի հրամանի (ենթադրվում է, որ ՀԴՄ իրացման գինը թերևս հենց հրամանով էլ սահմանվել է) ոչ համարը և ոչ էլ ամսաթիվը:Փաստորեն, ՊԵԿ-ը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը անձանց նկատմամբ կիրառում են մի իրավական ակտ, որը չի հրապարակվել, որի համարը և ընդունման ամսաթվի մասին տեղյակ չեն ոչ ՊԵԿ զանգերի կենտրոնում և ոչ էլ ՊՈԱԿ-ում, և որը փաստացի չի կարող իրավական ուժ և որևէ հետևանք առաջացնել անձանց համար:

Արդեն տևական ժամանակ է (ամիսներ), ինչ հարկատուները չեն կարողանում օրենքով սահմանված կարգով նոր սերնդի ՀԴՄ սարքեր ստանալ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից, չնայած դիմումների և անհրաժեշտ (փաստորեն մինչ 24.01.2018թ. գործող իրենց հայտնի՝ նախկին գներով) վճարումների կատարված լինելու հանգամանքին: Վերջիններիս՝ ՀԴՄ ների ձեռք բերման դիմումները օրեր կամ ամիսներ անց մերժվում են տարբեր նշումներով:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից ի պատասխան հարկատուների հարցերի հայտնում են, որ դիմումները մերժվում, իսկ սարքերը չեն տրամադրվում այն պատճառով, որ ինչ որ «անհայտ» իրավական ակտի հիման վրա մինչ օրս այս գործընթացը դադարեցված է եղել և վերսկսում է միայն հունվարի 24-ից՝ արդեն նոր գնով:Ստացվում է մի իրավիճակ, որ օրենքով սահմանված կարգով պահանջվում է որոշակի տեսակի գործունեության համար ունենալ ՀԴՄ, նույնպես օրենքով սահմանված կարգով ՊՈԱԿ-ը և ՊԵԿ-ը պարտավոր են պատշաճ ներկայացված դիմումները բավարարել և սարքը տրամադրել 1 օրվա ընթացքում, սակայն հարկատուները չեն կարողանում ստանալ այն:

Այս հարցը նաև սոցիալական կայքերում գործող մասնագիտական խմբերում առավել քննարկվող թեմաներից է: Մարդիկ սոցցանցում կիսվում են օրենքով սահմանված կարգով ՀԴՄ ձեռք բերելու և գործունեություն իրականացնելու իրենց «անհաջողության» պատմություններով: Ըստ այդ պատմությունների, հարկատուներից նրանք, ովքեր համարձակվում են գործունեությունը սկսել առանց ՀԴՄ սարքերի, հաշվի առնելով, որ վերջինիս բացակայության պատճառը իրենք չեն և որ իրենք ձեռնարկել են օրենքով սահմանված բոլոր միջոցները այն ստանալու համար, ենթարկվում են ՀԴՄ կիրառման ճշտության ստուգումների և տուգանվում են ՀԴՄ չունենալու համար:

Հանուն արդարության պետք է նշել, որ տուգանքի որոշումների վերաբերյալ գանգատները բավարարվում են ՊԵԿ Գանգատարկման հանձնաժողովի կողմից՝ մեղքի բացակայության հիմքով: Բազմաթիվ առավել զգուշավոր հարկատուներ անընդհատ նյարդային սպասումների  պայմաններում կամ չեն սկսում գործունեությունը կամ ընկնում ՀԴՄ սարքի այսպես կոչված «երկրորդային» շուկայում որոնումների մեջ: Հաջողվելու դեպքում գնում են այն թանկ գներով:

Սա թերևս հարկային վարչարարության և հարկ վճարողի հետ գործընկերային հարաբերությունների «բարելավման» օրինակ է: Ըստ ՊԵԿ պաշտոնյաների պաշտոնական հայտարարությունների՝ այս ՀԴՄ սարքերը ներդրվել են հենց վարչարարության բարելավման համար և հանդիսանում են դրա կարևորագույն գործիքներից մեկը: Վարչարարության բարելավում, որը էական նյութական և անձնական նյարդային ռեսուրսներ է արժենում բազմաթիվ հարկատուների համար:Հուսով ենք, որ ՊԵԿ-ն այնուամենայնիվ կհրապարակի, թե ՊԵԿ նախագահի ո՞ր հրամանի հիման վրա է սահմանվել ՀԴՄ նոր գինը, երբվանի՞ց է այն գործում և ինչու՞ չեն կարող հարկատուներն ստանալ ՀԴՄ սարքերը, եթե դիմել են մինչ այդ հրամանի ուժի մեջ մտնելն ու վճարել նախկին գներով:

Հ.Գ. Առավել լայն, գլոբալ իմաստով այս և համանման իրավիճակներում խնդիրը թերևս «հարկային վարչարարություն» հասկացության ընկալման սկզբունքային, կոնցեպտուալ այլափոխումների մեջ է: ՊԵԿ-ում այն թերևս ընկալում են գերազանցապես որպես հարկատուների նկատմամբ վերահսկողությունն ու պատասխանատվության լծակների ավելացման ու եղածների կատարելագործման, այլ կերպ ասած՝ առավել հեշտ տուգանելուն ուղղված միջոցառումներ, գործիքակազմի ամբողջություն: Մինչդեռ վարչարարությունն ընդհանրապես (ոչ միայն հարկային) իրենից ենթադրում է անձանց (ֆիզիկական և իրավաբանական) ու վարչական մարմնի հարաբերությունների առավել լայն շրջանակ, ներառյալ դիմումներին ու հարցումներին օրենքով սահմանված կարգով պատասխանելու, ընթացք տալու, օրենքով սահմանված գործողությունները սահմանված ժամկետներում կատարելու պարտականություն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache