good-banner
Լրահոս

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն զգուշացնում Սարգսյանի ետեւից եկած քիլլերին…

 

sargsyani-qiller

Այսօր մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ կառավարության շենքը գտնվել է ուժեղացված հսկողության տակ: Ըստ հրապարակումների, կառավարության նիստը լուսաբանելու մեկնած լրագրողները նկատել են, որ «կառավարության շենքում հսկողություն իրականացնող ավտոմատավորների թիվն ավելացել է: Զինված հսկողություն է սահմանված ոչ միայն շենքի մուտքի մոտ, ինչպես նախկինում էր, այլ նաև շենքի բոլոր հարկերում զինված անձինք են կանգնած»:

Կառավարության շենքում ավտոմատավորներ հայտնվեցին 2015-ի նոյեմբերին, այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն Նորք Մարաշում մեծ աղմուկով վնասազերծեց հայտնի զինված խմբին, որն ըստ մեղադրանքի, ծրագրել էր հարձակումներ մի շարք պետական շենքերի վրա,այդ թվում՝ ԱԺ-ի, նախագահականի, կառավարության: Ծրագրերի մեջ էր նաեւ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պայթեցումը:

Դրանից հետո  ավտոմատավորների ներկայությունն այս շենքերում լրագրողների  համար սովորական էր դարձել: Եթե նրանք այսօր հատուկ ուշադրություն են գրավել, նշանակում է գործ ունենք նոր իրավիճակի հետ:

Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժեղացվել է Սերժ Սարգսյանի անվտանգությունը: Ըստ թերթի, դա կապված է ԱԱԾ-ի օպերատիվ տեղեկության հետ, թե Սերժ Սարգսյանի դեմ նոր մահափորձ է ծրագրված:

Ընդ որում, Սերժ Սարգսյանի անվտանգության պետ  Հրաչյա Հարությունյանը, ըստ էության, չի հերքել այս տեղեկությունը: Լրագրողի հարցին` «լուրեր են պտտվում, որ վարձու մարդասպան` քիլլերի են փնտրում իրավապահները, որը պատվեր է ստացել Սերժ Սարգսյանի դեմ» Հարությունյանը պատասխանել է. «Եթե նման բան բացահայտվեր, ապա այն հայտնի կլիներ բոլորին»:

Սերժ Սարգսյանի անվտանգության պետը չի ասում, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոչ մի վարձու մարդասպան էլ չենք փնտրում: Նա ասում է, եթե նման բան բացահայտվեր, հայտնի կլիներ բոլորին: Ճիշտ է, եթե բացահայտվեր, այսինքն՝ ենթադրյալ վարձու մարդասպանը գտնված եւ ինքնախոստովանական ցուցմունքն էլ տված լիներ, ԱԱԾ-ն հաստատ այդ մասին հաղորդագրություն կտարածեր:

ԱԱԾ-ն, որպես կանոն, պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակում դեռեւս չճշտած եւ չբացահայտած տեղեկությունների վերաբերյալ: Օրինակ, Նորք Մարաշի զինված խմբի գրոհից առաջ որեւէ հաղորդագրություն չէր եղել, թե օպերատիվ տեղեկություն կա, որ նման խումբ գոյություն ունի, որը նախագահի նկատմամբ մահափորձ եւ պետական կառույցների վրա հարձակումներ է ծրագրել: Մինչ այդ ինֆորմացիոն որեւէ արտահոսք նույնպես չկար:

Հիմա փաստորեն, լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ իրավապահները փնտրում են Սերժ Սարգսյանի ետեւից եկած վարձու մարդասպանին, եւ Սերժ Սարգսյանի անվտանգության պետը չափազանց երկիմաստ պատասխան է տալիս այդ մասին հարցին:

Ինչ է սա նշանակում, ինչով է պայմանավորված սույն թափանցիկությունը: Եթե իսկապես տեղեկությունը ճիշտ է, եւ իրավապահներն իրոք նման մարդու են փնտրում, ապա այդ մասին մամուլին տեղեկացնողը ով էլ որ նա լինի, առաջին հերթին վարձու մարդասպանին է տեղեկացնում, որ իրեն փնտրում են: Իսկ եթե նոր զինված գործողություններ ծրագրողներ կան, ապա մամուլի միջոցով նրանց իմաց է տրվում, որ «վառվել» են, իրենց փնտրում են եւ այլն: Իսկ այդ զգուշացումները, բնականաբար, պետք է նվազեցնեն նրանց հայտնաբերելու եւ չեզոքացնելու հավանականությունը:

Կա նաեւ երկրորդ տարբերակ: Ասենք,  ԱԱԾ-ն վաղուց վնասազերծել է վարձու մարդասպան համարվողին, բայց վստահ չէ, որ նա միայնակ է գործում: Եւ նման ինֆորմացիոն արտահոսքերով փորձում է անկանոն շարժումների դրդել բոլոր նրանց, ովքեր կարող էին կապ ունենալ նրա հետ:

Թերեւս, ավելի հավանական է երկրորդ տարբերակը, ինչով էլ բացատրվում է նաեւ կառավարության շենքում ավտոմատներով զինված ԱԱԾ-ականների թվի ավելացումը: Այսինքն՝ ԱԱԾ-ն չի բացառում, որ գործ ունի նոր կազմակերպված խմբի հետ եւ դրսում կան մարդիկ, ովքեր կփորձեն ահաբեկչական ակտ իրականացնել այլ պետական կառույցներում եւս:

Ճիշտ է,  Հրաչյա Հարությունյանը նաեւ ասել է, որ իրենց մոտ նորմալ աշխատանքային պրոցես է եւ անհանգստանալու, մտահոգվելու, առավել եւս խուճապի մատնվելու կարիք չկա: Սակայն, կարծում ենք, մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններ այս ճակատում որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, լինելու է:

Ամեն դեպքում, ԱԱԾ-ի համար այս ամենը պետք է որ անակնկալ չլիներ: Ընդամենը մեկ ամսի առաջ՝ դեկտեմբերի վերջերին, Սերժ Սարգսյանին հրապարակայնորեն սպառնացին, որ նոր զինված խումբ կարող է «գործուղվել» Հայաստան:

Նոր Նորքի զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը դեկտեմբերի 21-ին բանտից բաց նամակ էր հղել Սարգսյանին, որում զարգացումների երեք տարբերակ էր ձեւակերպել.

«1. Կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին, եւ ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել»,

2. հավաքում ես բոլորին եւ արտագաղթում,

3. շարունակում ես սեւ գործդ եւ սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է»:

Նշաններ, որ Սերժ Սարգսյանն ընտրել է առաջին երկու կետերից որեւէ մեկը, իսպառ բացակայում են: Ուստի, ուժի մեջ 3-րդ կետն է:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armtimes.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing