Լրահոս

Ինչու է ՊԲ-ն թաքցրել վիրավորների մասին տեղեկությունը

 

Հունիսի 16-ին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով զոհվել է երեք հայ զինծառայող: Տեղեկությունը նույն օրը հրապարակել է ԼՂՀ ՊԲ-ն, սակայն նույն ժամանակ տարբեր ԶԼՄ-ներով տեղեկություններ են տարածվել նաեւ վիրավորների մասին:
ԼՂՀ ՊԲ-ն այդպես էլ պաշտոնապես չի տեղեկացրել վիրավորների մասին, երեկ նրանց վերաբերյալ տեղեկություն է տարածել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավորներից մեկը Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում է, մյուսը՝ Մալայան կենտրոնում, ում վիրահատել են: Վիրահատության մասին տեղեկություն է տարածել Առողջապահության նախարարի խոսնակը:
ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով վիրավորների թեմային, ասել է, որ պետք է հետեւել պաշտոնական հաղորդագրությանը, եւ եթե այնտեղ չկա վիրավորների մասին տեղեկություն, ուրեմն դա չի համապատասխանում իրականությանը: Դավիթ Բաբայանը դրանով ցանկանում էր ասել, որ անհրաժեշտ է հստակ տեղեկատվական քաղաքականություն, քանի որ երկիրը գտնվում է փաստացի պատերազմի մեջ, եւ այդ պայմաններում տեղեկատվական խառնաշփոթը վտանգավոր է դառնում:
Դավիթ Բաբայանը կարեւոր հայտարարություն է արել չափազանց կարեւոր իրողության վերաբերյալ: Վերջին շրջանում պաշտպանական ոլորտում տեղեկատվական քաղաքականության մեջ փորձ է արվում որոշակի համակարգում կատարել, մասնավորապես՝ բանակը հրաժարվել է առաջնագծի իրավիճակի մասին ամենօրյա տեղեկատվությունից, եթե արտառոց որեւէ բան չի կատարվում: Այս հանգամանքը դարձել է բանավեճի առարկա, շատերը կողմ են, շատերը՝ դեմ: Այդպես էլ լինելու էր, եւ այդպես է ցանկացած ոլորտում: Տվյալ պարագայում խնդիրն այլ է՝ եթե որոշվում է որեւէ բան, ապա պետք է այն իրականացնել հստակ ու հետեւողական, հակառակ դեպքում առաջանում են կասկածներ ու մտահոգություններ, մեղմ ասած:
Հունիսի 16-ի միջադեպի վերաբերյալ տեղեկատվական որոշակի խառնաշփոթը ասվածի ապացույցն է: Օրինակ, վիրավորների մասին արտահոսք եղավ որոշակի ԶԼՄ-ներով, որոնք մասնավորապես «մասնագիտացված են» իրավապահ ոլորտում որոշակի ուղղորդված տեղեկատվության արտահոսքերի հարցում: Իրավապահների մեջ կա այսպես ասած մրցակցություն ու որոշակի դիմակայություն, կապված թե տեղեկատվության, թե կոնկրետ գործերի ուղղորդման հետ:
Ինչո՞ւ է այդ «խողովակով» դուրս եկել վիրավորների մասին տեղեկատվությունը: Եթե պաշտպանության ոլորտում պետք է հստակ տեղեկատվական քաղաքականություն լինի, ապա արտահոսքեր չպետք է լինեն որեւէ այլ խողովակով, եւ պետք չէ բանակը «խառնել» մյուս հաստատություններին, որոնք լուծում են լիովին այլ խնդիրներ:
Բանակը ներկայում միակ կառույցն է մնացել, որ չի կորցրել հանրության հետ կապը, հանրությունը խոշոր հաշվով վստահում է բանակին, եւ այս հանգամանքը անվտանգության, եւ ոչ միայն, լուրջ խնդիր է:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing