Լրահոս

Ինչու են բժիշկներին ուղարկել զինված խմբի մոտ. Ուշագրավ հանգամանքներ

 

arm146970943498

Lragir.am — Երեկ հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդի տարածք մեկնած շտապ օգնության բժիշկներին զինված խմբի անդամները թույլ չէին տվել դուրս գալ տարածքից: Առողջապահության նախարարությունն ու իրավապահները դեպքը որակեցին որպես զինված խմբի կողմից բժիշկների պատանդառություն:Բժիշկ Հայկ Մանասյանը, ուսումնասիրելով միջազգային իրավունքը, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունները, այս դեպքով ուշագրավ հարցադրումներ է առաջ քաշում:Ըստ նրա՝ առաջինը, այս հակամարտության գոտի պետք է մտներ Կարմիր Խաչը:«Հենց դա լիներ, նշանակում էր, որ տղաները ոչ թե քրեական հանցագործներ են, այլ օրինական ապստամբներ: Այդպիսին է միջազգային իրավունքը: Որպեսզի տղաները ապստամբ չճանաչվեն, Կարմիր Խաչին արգելել են միջամտել: Բայց, հակամարտության գոտում վիրավորվել են մարդիկ, որոնց անհրաժեշտ է եղել բուժօգնություն: Իշխանություններն անհեռատեսորեն փաստացի զինված հակամարտության գոտի են մտցրել անպաշտպան ու անզեն քաղաքացիական բժիշկներին՝ առանց անվտանգության երաշխիքների: Իսկ պատանդ վերցվելուց հետո արագ կազմակերպվում է իշխանամետ աղմուկ-աղաղակ, որպեսզի ոչ ոք չհասցնի բարձրացնել Կարմիր Խաչի հարցը, և պատասխանատվությունը, իշխանությունների վրայից գցվի ապստամբների վրա», ասում է Հայկ Մանասյանը:

Lragir.am-ի հետ զրույցում Հայկ Մանասյանը նկատեց, որ եթե Կարմիր Խաչը խառնվեր այս գործընթացին, նշանակում է, որ դեպքն արդեն ապստամբություն է: Իսկ եթե, ըստ իշխանությունների, սա զինված ապստամբություն չէ, և Կարմիր Խաչը չի մտնում տարածք, ապա, ըստ բժշկի, հարց է ծագում՝ ինչպե՞ս է շտապ օգնության մեքենան ուղղակի ուղարկել այդ տարածք:«Ինչպե՞ս եք անզեն բժիշկների ուղարկել այնտեղ, ո՞վ է երաշխավորում, որ ներսում փոխհրաձգություն չի լինի: Եթե ասում եք՝ առաջին անգամ եք տեսնում, որ բժշկին պատանդ վերցնեն, հարց է ծագում՝ իսկ քանի՞ անգամ եք տեսել, որ քաղաքացիական բժշկին ռազմական գործողութունների վայր մտցնեն՝ առանց երաշխիքների՝ որպես սովորական շտապ օգնության կանչ: Այստեղ պատասխանատվության հարց կա: Ո՞վ է պատասխանատվություն կրում նման բացթողումների համար»,- ասաց Մանասյանը:Նա նաև նշում է, որ Կարմիր Խաչը պետք է բացատրություն տա, թե ինչո՞ւ չի խառնվում այս դեպքերին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...