Ինչու են ռուս զինվորականները զինված շրջում հայկական բնակավայրերում

132

Հուլիսի 17-ին Գյումրիի 102-րդ ռուսական բազայի զինվորականները «զորավարժություն» են անցկացրել Փանիկ գյուղի տարածքում, հայտնել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Հուլիսի 18-ին մարզպետն ընդունել է բազայի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչին: Նա ասել է, որ տեղի ունեցածը ֆորս մաժոր է, հրամանատարությունից հրաման չի եղել: Նրանք հավաստիացրել են, որ այլեւս չի կրկնվի եւ ներողություն են խնդրել բնակիչներից՝ նշելով, որ սա առաջին նման դեպքն է, եւ մեղավորները պետք է պատժվեն, նշել է Շիրակի մարզպետը: Հանդիպումից հետո հրամանատարի տեղակալը լրագրողների ասել է, որ մարզպետին ներողություն է փոխանցել: «Քննություն է կատարվում, եւ կտեսնենք արդյունքները», – ասել է նա:

Հիշեցնենք, որ զինվորականները մտել են Փանիկ, կրակել ու պայթեցրել: Մարդիկ սկզբում վախեցել են, հետո հասկացել, որ ռուս զինվորներն են, ու պահանջել են հեռանալ:

Այս աղաղակող դեպքը ցույց է տալիս, թե ռուս զինվորները որքան արտոնյալ են իրենց զգում Հայաստանի տարածքում: Չնայած պայմանագրով նրանց տեղակայման վայրերը սահմանափակված են, նրանք Հայաստանի ամբողջ տարածքում ազատ տեղաշարժվում են մարտական զենքով, անգամ կրակում ու վախեցնում մարդկանց:

Տարիներ առաջ Սյունիքի մարզում ռուս սահմանապահները կանգնեցրել էին Զարուհի Փոստանջյանին՝ փորձելով նրան խուզարկել: Այն ժամանակ հարցը լուծվեց «ներքին կարգով»՝ չնայած ռուս սահմանապահներն այդպես էլ չբացատրեցին, թե ինչ իրավունքով են զենքով այդքան հեռացել սահմանից:

Երկրորդ դեպքը 2015 թվականի հունվարին էր, երբ Վալերի Պերմյակովը Գյումրիում սպանեց մի ամբողջ ընտանիքի, իսկ հետո ռուս զինվորները զինված շրջում էին Գյումրիի փողոցներում՝ փորձելով գտնել նրան: Այն ժամանակ նույնպես հարցեր ծագեցին ռուսական բազայի շուրջ՝ ռուս զինծառայողներն իրավունք ունե՞ն զենքով մտնել քաղաք:

Հայաստանը պետք է մեկընդմիշտ լուծի այս հարցը՝ սեփական հետաքննությունն անցկացնելով: «Իրար մեջ» հարց լուծելը բերում է նրան, որ ռուս զինվորները Հայաստանում իրենց զգում են նույնիսկ ավելի քան տանը, որովհետեւ տանը նրանց նույնպես թույլ չեն տալիս զենքով գնալ ուր խելքը կփչի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache