Լրահոս

Ինչու էր Սամվել Ալեքսանյանը շտապել հիվանդանոց. Իրավիճակը լրջանում է

 

Հայկական ժամանակի թղթակիցը «Աստղիկ» բժշկական կենտրոնի մուտքի մոտ նկատել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նա թիկնապահների ուղեկցությամբ դուրս է եկել բժշկական կենտրոնից եւ արագ հեռացել:
Սամվել Ալեքսանյանին պատկանող այս հիվանդանոցում են վիրահատել այսօր Վերնիսաժին հարող տարածքում կրակոցների հետեւանքով վիրավորված Վահագն Աբգարյանին, ով, ըստ ԶԼՄ-ների՝ ալավերդցի քրեական հեղինակություն է:
Թղթակցին չի հաջողվել ճշտել, թե արդյոք Սամվել Ալեքսանյանը հիվանդանոց էր գնացել տեսակցության: Մյուս կողմից, հիվանդանոցի պարագան կարող է ինքնին վկայել նրանց մտերմության մասին:
Այսօրվա միջադեպի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն, նշելով, որ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք հրապարակման ենթակա չեն: Արդյոք սա նշանակում է, որ այս գործը մտնում է «փակ ռեժիմ», եւ արտահոսքեր չեն լինելու տարբեր իրավապահ կառույցների կողմից, ինչպես օրինակ նախորդ նման դեպքերում, երբ դեռ պաշտոնական հաղորդագրությունները չտարածված՝ դրանք արդեն հնացած էին լինում մամուլում հրապարակված մանրամասների համեմատ: Եթե այդպես է, նշանակում է ի հայտ են եկել ներքին կարեւոր հանգամանքներ, եւ իրավիճակը լրջացել է:
Դա չի բացառվում, նկատի ունենալով Հայաստանի ներքին զարգացումներին զուգահեռ ընթացող քրեական միջադեպերի «էվոլյուցիան»:
Բանն այն է, որ մինչ այժմ, չհաշված «կենցաղային հողի վրա» տեղի ունեցած միջադեպերը, քրեական աղմկոտ իրադարձությունների կենտրոնում «դրսի կրիմինալն էր», ինչպես օրինակ երկու օր առաջ Էջմիածնի սպանությունը: Հիմա թիրախ է դարձել «տեղական հեղինակություն». իրավիճակը դո՞ւրս է գալիս վերահսկողությունից, թե՞ տեղափոխվում է նոր փուլ, որի թելերը տանում են դեպի հայկական քրեա-օլիգարխիա, եւ Վերնիսաժի կրակոցները դրա նախանշանն են:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing