Ինչու Սամվել Բաբայանի «ջեբը Իգլա գցեցին» ու բանտարկեցին

133

lragir.am — Դատարանն այսօր 6 տարվա ազատազրկման դատապարտեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին, անօրինական ճանապարհով «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և փողերի լվացման մեղադրանքներով:Սամվել Բաբայանի կողմնակիցները նշում են, որ սա քաղաքական պատվեր էր, որեւէ իրավական հիմքեր չկային նրան ազատազրկելու համար: Նշվում է նաեւ, որ հերոսի հետ այդպես չպետք է վարվեին:

Ինքը Բաբայանը դատարանում հայտարարել է, որ պատվերը կատարվեց, եւ պատվեր տվողը Հայաստանում մեկն է: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե գիտե ինչու են իրեն բանտարկել, բայց այդ մասին կխոսի հետո: Սամվել Բաբայանը խուսափում էր ինքզինքը քաղաքական բանտարկյալ համարելուց, չնայած կողմնակիցների հայտարարություններին: Իսկ մեղադրանքների մասով էլ ասում էր, որ Իգլան իրականում «տռուբա» էր, քանի որ բացակայում են անհրաժեշտ մարտական մասերը, իսկ փողը ստացել է օրինական ճանապարհով:

Սամվել Բաբայանը, տեւական ժամանակ գտնվելով Մոսկվայում, Հայաստան վերադարձավ անցյալ տարվա ամռանը, ապրիլյան պատերազմից հետո: Նա մեկնեց Արցախ, եւ այդ այցը բավական աղմկոտ ստացվեց: Շատերը խոսում էին այն մասին, որ նա այնտեղ շարժում է սկսելու, նկատի ունենալով նաեւ արցախցիների դժգոհությունները իշխանությունից թե սոցիալ-տնտեսական քաղաքականության, թե ապրիլյան պատերազմի իրողությունների համատեքստում:Սակայն նրան փաստացի վտարեցին Ղարաբաղից, Ազատամարտիկների միությունում հայտնի ժողովի արդյունքում, ծեծի ենթարկելով նաեւ նրա կողմնակցին, որն ավելի շատ զգուշացում էր Սամվել Բաբայանին:

Բացի այդ, Սամվել Բաբայանի այցը Արցախ աղմկոտ էր նաեւ նրա հայտարարությունների պատճառով, երբ նա կրկնեց ապրիլյան պատերազմի վերաբերյալ Սերժ Սարգսյանի թեզերը, մասնավորապես կորցրած տարածքների մասով:Հայաստանում Բաբայանը մտավ նախընտրական պայքարի մեջ, ՕՐՕ դաշինքի շրջանակներում, եւ ինչ որ պահից մամուլը սկսեց գրել այն մասին, որ Բաբայանը դարձել է դաշինքի համակարգողն ու միանձնյա որոշողը, այդ թվում՝ նախընտրական ցուցակների մասով:

Կա տեսակետ, որ նրա ձերբակալությունը տեղի է ունեցել հենց ընտրականգործընթացների համատեքստում, երբ դաշինքի անդամները ակնարկներով կամ բացահայտ խոսում էին հետընտրական զարգացումների մասին, այդ թվում՝ զինված: Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը, ով հռչակել էր անաղմուկ ընտրություն անցկացնելու իր մտադրությունը, դիմեց կանխարգելիչ քայլերի, եւ Սամվել Բաբայանին ձերբակալելուց հետո դաշինքը կարելի է ասել «կազմալուծվեց»:Դժվար է ասել՝ արդյոք դաշինքն իսկապես կգնար հետընտրական զարգացումների, թեեւ դրանց ելքը դժվար չէր կանխատեսել:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache