Ինչու Սերժ Սարգսյանը մեդալ տվեց Դիանա Գրիգորյանին

1

Դիանա Գրիգորյանի եւ Քիմ Քարդաշյանի առեղծվածը

Մարտի 8-ի կապակցությամբ Սերժ Սարգսյանը Մովսես Խորենացի մեդալ է շնորհել Արմենիա հեռուստատեսության սցենարիստ Դիանա Գրիգորյանին: Հանրության մի մասը շոկի մեջ է. նրանք հանկարծ հասկացել են, որ հենց Դիանա Գրիգորյանն է «բռնացրել» իրենց ընտանիքների կյանքի շունչը, «ձեւակերպել» բարքերը եւ կարողացել կապիտալիզացնել այն:Ի վերջո, Դիանա Գրիգորյանը փող է վաստակում սերիալների սցենարներ գրելով, այսինքն՝ մենք մեզ համար ապրում ենք, ինքն էլ փող է աշխատում:

Հայ իրականության մեջ դա ընտանական, ինտիմ բարքերի առաջին կապիտալիզացիան չէ: Ամենավառը, երեւի, Քիմ Քարդաշյանի օրինակն է. Նա իր ընտանիքով հանդերձ աշխարհի առջեւ բացել է իր եւ մեր տան ոչ միայն խոհանոցը, այլեւ ննջարանն ու ամենամութ անկյունները:

Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ արժանիքներ ունի Քիմ Քարդաշյանը, որի համար վայելում է աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկի համբավը: Ոչ պարում է, ոչ երգում է, ոչ ամենասիրունն է աշխարհում: Իրականում Քարդաշյանները դա մենք ենք, մեր տուն-ամրոցներով, այն բարքերով, որոնցից ամաչում ենք եւ ոչ մեկին չենք պատմում: Բայց Քարդաշյանների շոուից հետո հասկանում ենք, որ դա նորմալ է, ու շատերի մոտ է այդպես լինում:Դիանա Գրիգորյանն էլ է մեր կյանքը, եւ իրականում Սերժ Սարգսյանը Մովսես Խորենացու մեդալ է շնորհել մեզ՝ մեր գողական բարքերին, կնոջը «ախչի» ասողներին, քյարթու հարաբերություններին, քաղաքականությանը չխառնվելուն եւ «գործ չտալուն»: Հենց դա է նկարագրում Դիանա Գրիգորյանը, նա ոչինչ չի հորինում, ամեն ինչ կյանքից է վերցված: Եվ հանրությունը, որը ամեն երեկո «կպնում» է էկրաններին, ուզում է ուղղակի համոզվել, որ այն բարքերը, որոնք իրենց ընտանիքներում են, իրենց բակում եւ բանակում՝ դա նորմալ է, այդպես էլ պիտի լինի:

Սերժ Սարգսյանն էլ է համարում, որ հենց դա է նորմալ: Հանկարծ մարդիկ չսկսեն որակյալ, ասենք, որոշ հոլիվուդյան կինոներ նայել, որտեղ հաստատվում է մարդու ըմբոստանալու, օրինազանցի դեմ զենք օգտագործելու իրավունքը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache