Լրահոս

Ինչին է անհամբեր սպասում Ալիևը

 

Հայասստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտում հայտարարել է, թե իր կարծիքով մինչեւ տարեվերջ հնարավոր է, որ մեկ երկիր ճանաչի Արցախի անկախությունը:Մանրամասների բացակայությունն անշուշտ պայմանավորված է դիվանագիտական նրբությամբ, քանի որ դա կարող է խանգարել արդյունքին, եթե այն դեռեւս չի հանդիսանում վերջնական պայմանավորվածություն կամ որոշում:Արցախի անկախությունն առայժմ ճանաչված է այսպես ասած «նահանգային» մակարդակում: Արցախի անկախությունը ճանաչել է ԱՄՆ վեց նահանգ, Ավստրալիայի մեկ նահանգ, աշխարհի տարբեր քաղաքներ: Դե ֆակտո դա միջազգային ճանաչում է, բայց դե յուրե իհարկե չունի միջազգային ուժ, եթե ճանաչող սուբյեկտն այսպես ասած ՄԱԿ անդամ չէ:Միեւնույն ժամանակ, զուտ քաղաքական, իրական քաղաքականության առումով դժվար է միարժեք ասել, թե որ ճանաչումն է ավելի կշռում՝ ասենք ամերիկյան մի քանի նահանգի ճանաչո՞ւմը, թե ՄԱԿ անդամ մի պետության, որը սակայն գործնականում ունի աշխարհքաղաքական շատ փոքր դերակատարում: Այդ տեսանկյունից, Արցախի միջազգային ճանաչումը գործնականում արդեն իսկ որոշակի փաստ է, առավել եւս նկատի ունենալով մի ուշագրավ նրբերանգ էլ՝ տարիներ շարունակ Արցախը տեղ է գտել ԱՄՆ տարեկան բյուջեում, իհարկե ոչ որպես պետություն, բայց հասցե, որի համար հատկացվել է ԱՄՆ պետական մարդասիրական օգնություն, տարեկան մոտ 5 միլիոն դոլարի չափով:Այդուհանդերձ, նախադեպի իմաստով իհարկե շատ կարեւոր է նաեւ, որ Արցախի անկախությունը ճանաչի ՄԱԿ անդամ որեւէ սուբյեկտ:

Այդ տեսանկյունից էլ իրավիճակը զրոյական կետում չէ, քանի որ տարբեր երկրների պատգամավորներ, խորհրդարանի պաշտոնյաներ են այցելել Արցախ, ինչը նույնպես ճանաչման որոշակի դրսեւորում է:Մի քանի տարի առաջ տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ մոտ է Արցախի անկախության ճանաչումը Ուրուգվայում:

Այդ պետությու՞նը նկատի ուներ Էդվարդ Նալբանդյանը, թե՞ այլ սուբյեկտ, դժվար է ասել:Չի բացառվում, որ խոսքը սուբյեկտի մասին է, որը մինչ այժմ չի էլ դիտարկվել որպես Արցախի անկախությունը հավանական ճանաչող:Լիովին անիրատեսական, գրեթե ֆանտաստիկայի ոլորտից կթվա այն, որ Արցախի անկախությունը ճանաչելու հավակնորդ պետությունը լինի Մինսկի խմբի, առավել եւս Մինսկի խմբի համանախագահության անդամ:Մյուս կողմից, սակայն, գործնականում կասկած չկա, որ որեւէ պետության ճանաչման հարցում շատ մեծ դեր է խաղալու ոչ միայն Հայաստանի ու Արցախի աշխատանքը, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահության, կամ դրա առանձին որեւէ անդամի, անդամների աշխատանքը, վերաբերմունքն այդ հեռանկարին:

Ավելին, բացառված չէ, որ հենց այդ հանգամանքն է վճռորոշ դեր խաղում մինչեւ տարեվերջ որեւէ ճանաչման ակնկալիք ունենալու հարցում:Ընդ որում, այդ հարցում հավանական է Մինսկի խմբի համանախագահների որոշակի կոնսենսուս, քանի որ կարծես թե չի մնում Ադրբեջանի խնդրի լուծման այլ տարբերակ: Իսկ Ադրբեջանի խնդիրն այն է, որ Ալիեւը որեւէ կերպ չի հրաժարվում իրավիճակի լարման, ռազմական շանտաժի քաղաքականությունից, ինչը գործնականում ոչ միայն պայթյունավտանգ է պահում իրադրությունը, այլեւ ստեղծել է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի գլոբալ փակուղի:
Ադրբեջանին ակնհայտորեն արգելված է լայնամասշտաբ պատերազմը, Բաքուն ինքն էլ հասկացել է ապրիլին, որ այդտեղ չունի որեւէ շանս: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ իրավիճակը երկարաժամկետ հատվածում կայուն պահելու համար անհրաժեշտ է նոր տրամաբանություն, որը փորձ է արվել ներդնել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգերով: Բաքուն մերժում է այդ տրամաբանությունը, որի դեպքում չի մնում իրավիճակը Արցախի ճանաչման գործընթացի նոր խթանով փոխելու այլընտրանք:Բացառված չէ, ի դեպ, որ դրան խորքային առումով դեմ չէ նաեւ Ադրբեջանը: Առաջին հայացքից տարօրինակ այդ վիճակը իրականում կարող է ունենալ իր բացատրությունը: Ամիսներ առաջ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե միջազգային հանրությունն իրեն պարտադրում է ճանաչել Արցախի կարգավիճակը, բայց ինքը դիմադրում է դրան:Մի քանի օր անց, տարածաշրջանային այցի շրջանակում Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով դրա վերաբերյալ հարցին, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, թե ողջունելի է, որ Բաքվում սկսել են հրապարակավ խոսել կարգավիճակի մասին եւ քննարկել այդ թեման:Տարիներ շարունակ շեշտը դնելով ռազմական դիվանագիտության, Ադրբեջանի ռազմական հզորության միջոցով հաղթանակի հասնելու մտայնության վրա, Ալիեւը գործնականում իրեն չի թողել նահանջի ճանապարհ: Միեւնույն ժամանակ, ապրիլին նա բախվեց հայկական զինուժին ու տեսավ, որ չունի նաեւ առաջ գնալու ճանապարհ: Իսկ ապրիլից հետո նա բախվեց նաեւ լայնամասշտաբ պատերազմի միջազգային արգելքին:Այդ իրավիճակում Ալիեւի համար «նահանջի ելք» գտնելու տեսանկյունից շատ կարեւոր է ռիսկի կամ մարտահրավերի ուժգնացումը: Գործնականում հենց դա էր նա անում, երբ ամիսներ առաջ, այն էլ ապրիլյան իր հռչակած «հաղթական» պատերազմից հետո հայտարարում էր, թե միջազգային հանրությունը պարտադրում է ճանաչել Արցախը:


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing