Լրահոս

«Ինձ էլ ինչ տաք` տաք»

 

arm147478784476

lragir.am — Գողությունը վերացնելու, նոր նախարարների պարկեշտության ու համեստության, տնտեսությունը նոր հուն մղելու մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունները նշանակում են, որ նա ստանձնում է փոփոխությունների պատասխանատվությունը։
Դա լուրջ քայլ է։ Այն երկրում, որտեղից նոր վարչապետը Հայաստան է վերադարձել, նույն բարքերն են, ինչ մեզանում, դեռ մի բան էլ` վատ։ Ըստ վերջին բացահայտումների, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տնօրինում է մի դաստակերտ, որի միայն տարածքը 80 հեկտար է` 10 տոկոսը այն հողերի, որ մենք կորցրինք 4-օրյա պատերազմի ընթացքում։ (Навальный обвинил Медведева во владении дворцовым комплексом стоимостью полмиллиарда долларов http://nn.by/?c=ar&i=177364&lang=ru- http://nn.by/?c=ar&i=177364&lang=ru):
Բայց պետական գողությունը վերացնելու որևէ ձեռնարկ արդյունք կտա, եթե հստակ գիտենք, թե գողերի ինչին է պետք փողը։ Գուցե առաջին միլիոնից հետո նրանք սկսելու են ազնի՞վ ապրել… Կամ մտադիր են իրենց անունը հավերժացնելու համար նոր կրթական, գիտական հիմնադրա՞մ ստեղծել… Կամ բավականաչափ գումար կուտակելուց հետո նոր տեխնոլոգիաների զարգացմա՞նն օգնել։
Ո´չ։ Փողը նրանց պետք է, որ հնարավորին չափ շատ տարբերվեն… ժողովրդից։ Ճոխ առանձնատնով, շքեղ ավտոմեքենայով, թանկ զարդերով։ Զոռբայությամբ։
Լինելով գյուղական սովորական տանը կամ քաղաքային արվարձանում ծնված-մեծացած մարդիկ, պաշտոնյաններն ու իրենց կից օլիգարխները չեն կշտանում ոչ մի բանով` երևի չի հաջողվում մոռանալ այն տարիները, երբ երազում էին, որ շուտ հասնի ավտո առնելու կամ բնակարան ստանալու հերթը։
Նոր վարչապետի, նախարարների առաջին խնդիրը պետք է լինի սովորական մարդկանց մաշկի մեջ մտնելը, նրանցից չտարբերվելը։
Ինչ էլ ասեն վիճակագրական տվյալները, զեկույցներն ու վերլուծությունները, մինչև նոր տրանսպորտի նախարարը երթուղային տաքսիներից չօգտվի, հատկապես «պիկ» ժամերին, վիճակը չի կարգավորվի։
Ընդ որում, ավանդական միջոցներով հազիվ թե օգնեն` նոր լուծումներ են պետք, ամրապնդված անձնական օրինակով։ Ինչպես ճիշտ լավ մոռացված Մարքսին տեղին վերհիշեց Գրիգոր Խաչատրյանը` կեցությունն է որոշում գիտակցությունը։
Հասարակ մի բան` թող նոր նախարարները սկսեն երթևեկել մոպեդներով։ Հայաստանում այդ մասին չի խոսվում, բայց մոպեդը լայն տարածում է գտնում միլիոնանոց քաղաքներում։ Գիտեմ, որ շատերը կփորձեն հակադրել հեծանիվը և միգուցե վիճակագրական տվյալներ կմեջբերեն, որ այն երկրներում, որտեղ շատ են հեծանվով երթևեկում, կոռուպցիայի մակարդակը ամենացածրն է, բայց իմ նպատակն է ոչ միայն գեղեցիկ, այլև իրագործելի առաջարկ անել։
Երևանը, Հայաստանի քաղաքների մեծ մասը ռելիեֆային են, և տասից մեկի ուժն էլ չի պատի հեծանիվ քշել։ Բայց մոպեդի համար նման խնդիր գոյություն չունի։
Երևանը շնչահեղձ է լինում ավտոմեքենաներից, քաղաքի կենտրոնում «պիկ ժամ» հասկացողությունը համարյա վերացել է՝ խցանումներն ամենուրեք են, ցերեկվա բոլոր ժամերին` մոպեդները կբեռնաթափեն երթևեկությունը։
Ընդ որում, խոսքը էլեկտրական մոպեդի մասին է, որը տարածված է միլիոնանոց քաղաքներում` այն նաև չի աղտոտում օդը։ (Ի դեպ, էլեկտրական ու գազով աշխատող փոխադրամիջոցների համար հնարավոր է նույնիսկ ինչ-որ օժանդակություն ստանալ միջազգային կառույցներից` պետք է գլուխ դնել, այն փողերից չէ, որ իրենք իրենց են գալիս)։
Ճիշտ է, եթե ամբողջ կառավարությունն (ու թիկնապահական մասն) էլ մոպեդներով երթևեկի, դա որևէ բան չի փոխի։ Բայց օրինակը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա։ Նախ ենթականերն անմիջապես գլխի կընկնեն, որ չի կարելի «շեֆից» բարձր թռչել։ Հետո «ոսկե» համարավոր, տան չափ ջիպերով շրջող գողերը կսկսեն հարմարվել նոր կառավարության «ոճին», պետբյուջեի փողերից չկտրվելու համար։
… Ես նույնիսկ գներին եմ ծանոթացել։ Չեք պատկերացնի, ինչ մատչելի են։ Լավ տարբերակներ կան` սկսած 200 դոլարից. ահա հղումը, հետաքրքրվողները թող համոզվեն` http://www.ebay.com/itm/MotoTec-MT-EM-Purple-Electric-Moped-Purple-24v-/152166472343 ։ Երևի ռոմանտիկայի ոլորտից է, որ Հայաստանում էլեկտրական մոպեդների արտադրություն կազմակերպվի, բայց սա առնվազն հեռանկարային ուղղություն է ներկրողների համար։
Հայտնի անեկդոտի նման ես կարող էի վերջում ասել` «Ինձ էլ` ինչ տաք` տաք», բայց չէ, ինձ բան պետք չի. միայն իշխանությունը փոխի իր կեցությունը` դա կփոխի նրա գիտակցությունը։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...