Լրահոս

Ինձ հլը չեք մոռացե՞լ… արխային եղեք

 

Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)։ Նա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզից և ՀՀԿ թեկնածուների մեջ զբաղեցրել չորրորդ տեղը՝ ստանալով 6 724 ձայն՝ հետ մնալով Նահապետ Գեւորգյանից՝ 22070 ձայն, Սեյրան Սարոյանից՝ 21982 , Ալեքսան Պետրոսյանից՝ 9 581։

Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրության արդյունքները։ ԱԺ-ում այլևս չեք լինելու։

Ինձ հլը չեք մոռացե՞լ… Հանգիստ, առօրյա կյանքով ոնց ապրել եմ, տենց շարունակելու եմ ապրել։

Անսովոր չի լինի՞, որ էլ չեք գալու ԱԺ։

Ցավդ տանեմ, ոչ մի բան չի փոխվել և չի փոխվելու։ Ամեն ինչն էլ անցողիկ ա բոլորիս համար։ Կյանք ա, ամեն ինչ էլ լինում ա։

Ընտրության արդյունքները, Ձեր ստացած ձայները չտխրեցրի՞ն Ձեզ։

Չէ՛, իմ արդյունքները շատ գերազանց են, իմ բոլոր ձայները նվեր եմ տվել մարզպետին։

Չեք տխրե՞լ, որ Ձեր ընկերներ Սեյրան Սարոյանը և Նահապետ Գևորգյանը մի քանի անգամ ավել ձայն հավաքեցին։

Տղամարդը երբեք չի տխրում, և ոչ ոք ինձնից շատ ձայն չի հավաքել, ես չեմ ուզեցել, չեմ արել։ Իմ համար հանգիստ ապրում եմ։ Իմ ճանապարհը ոնց գնացել եմ, ոնց տեսել եք, այդպես էլ գնում եմ։

Չեք փոշմանե՞լ, որ ասֆալտապատման աշխատանքներ սկսեցիք, անգամ ԿԸՀ նախագահից նկատողություն ստացաք ձեռնարկած աշխատանքների համար։

Հիմա էլ եմ անում, չկարծես թե չեմ անում, հիմա ավելի շատ եմ անում, և ես ժողովրդի կողքին եմ, քանի որ ժողովուրդն իմ կողքը կանգնեց։ Հենց հիմա որ գաս տեսնես, հենց հիմա անում եմ, քանի որ ժողովրդին խոսք եմ տվել։

Ձեր անձնական միջոցներո՞վ, թե ՀՀԿ-ն է ֆինանսավորել, որ անում եք ասֆալտապատում։

Իհարկե իմ ֆինանսներով։ Կարո՞ղ է փող չունենք, ամեն ինչ էլ ունենք, արխային եղիր։

Իսկ այս ԱԺ-ն, ըստ Ձեզ, շա՞տ է տարբերվելու նախորդներից։

Ես ինչ իմանամ, դուք կիմանաք։

Չէ՞ որ շատերը ՀՀԿ խմբակցությունից անցան։

Ով է ռեյտինգային, որ անցե՞լ է…

Սամվել Ալեքսանյան, Սեյրան Սարոյան…

Նրանք՝ Սամվել Ալեքսանյանը, Մանվել Գրիգոյանը, իմ ընկերներն են, էնտեղ ուր ա դեմք որ։

Նորություն, թարմություն չկա՞ ՀՀԿ ցուցակում։

Ձեր գործերին հաջողություն եմ ցանկանում, իմն էլ նույնպես։ Ամեն ինչ նորմալ է։

Իսկ հնարավո՞ր է պաշտպանության բանակում Ձեզ պաշտոն տան։

Սաղ կյանքս պատերազմների մեջ եմ եղել, հոգնել եմ, հանգիստ եղեք, թողեք ես էլ հանգիստ լինեմ։ Ես կյանքում չեմ փոխվելու, հենց փոխվա, երեսով կտաք։ Գալու լինեք մարզ, համեցեք։

ԱԺ-ում լինելուց էլ փաստորեն հոգնե՞լ էիք։

Ես երբեք ժողովրդին օգնելով չեմ հոգնում։ Հիմա էլ եմ օգնում։ ԱԺ-ն ինձ համար ասենք տեղ չի եղել, որ ես դրանով ապրեմ։ Իմ տեսածը, իմ ճակատարգիրը, իմ անցած ճանապարհը հլը շատ-շատ մարդիկ պիտի հասնեն, որ գոնե փորձեն մի քիչ հավասարվել։ Դրա համար ողջունում եմ բոլորին, բոլորին շնորհավորում եմ, որ մեր պետությունը միշտ կայուն լինի։ Դա էլ կախված է ինձ նման տղերքից, որ պիտի կայուն պահենք, չնեղանանք, չընկճվենք, միշտ շարունակենք առաջ շարժվել։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing