Ինտրիգ խորհրդարանում. Նյարդային վիճակ ՀՀԿ-ում

175

1in.am — Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե մերժում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունը 24-ժամյա ռեժիմով անցկացնելու կառավարության փորձը, քանի որ ընտրակարգի փոփոխություն է նախատեսվում, իսկ դա չեն անում ընտրությունից մեկ ամիս առաջ: Ակնառու է, որ ՀՀԿ-ի համար գերկարևոր է պահել ռեյտինգային ընտրակարգը, քանի որ դա է այն եզակի, բացառիկ շանսը, որի հիմքով ՀՀԿ-ն կարող է ակնկալել թեկուզ մի քանի տոկոս ներկայացվածության հնարավորություն: Դա ՀՀԿ համար մազն է, որից կախված է կուսակցությունը: Կուսակցությունը, կամ հնարավոր է կուսակցության մեջ որևէ թև, որովհետև ՀՀԿ-ում միարժեք կարծիք չկա նաև մասնակցության վերաբերյալ: Առովոտյան ՀՀԿ ԳՄ նիստը կայացրել է որոշում, որը սակայն առայժմ պահվում է այսպես ասած փակ և Աշոտյանը հայտարարել է, որ կներկայացնեն, երբ կա ԸՕ փոփոխության վերաբերյալ խմբակցությունների կարծիքի ժամանակը: Ընտրական օրենսգրքի քվեարկության համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն, պարզ մեծամասնության փոխարեն: Սակայն քննարկումները սկսել են 53 պատգամավորի գրանցումով: Եթե ՀՀԿ-ն չմիանա, ԸՕ-ն չի ընդունվի:

Աշոտյանն ակնարկել է, որ այդ ընթացքից է կախված ՀՀԿ ընդունած որոշման հրապարակայնացումը: Ընդ որում ՀՀԿ փոխնախագահը խոսել է իրեն ոչ այնքան բնորոշ նյարդային տոնայնությամբ, ինչը թերևս հենց կուսակցության ներսում առկա մթնոլորտի արտահայտությունն է: Հնարավոր է ենթադրել, որ, եթե ԸՕ-ն ընդունվի և կառավարությանը հաջողվի ապահովել 63 ձայն, ապա ՀՀԿ-ն կարող է հայտարարել չմասնակցելու մասին: Ընդ որում, դա կլինի այսպես ասած «փաստարկված» չմասնակցություն, որովհետև ՀՀԿ-ն այդ խնդրի առաջ է անշուշտ:

Մի կողմից պարզ է, որ չունեն որևէ հույս, մյուս կողմից նաև պարզապես հայտարարել չմասնակցելու մասին կուսակցությունը չէր ուզում, դիտարկելով դա որպես այսպես ասած նվաստացուցիչ տարբերակ: ԸՕ-ն կարող է լինել իրավիճակից դուրս գալու ելք, երբ ՀՀԿ-ն կարող է չմասնակցությունը ներկայացնել որպես սկզբունքային դիրքորոշում:

Մյուս կողմից, ԸՕ չընդունումը թերևս լինելու է փաստարկ ՀՀԿ այն ուժերի համար, որոնք կողմ են մասնակցությանը և դրանում են տեսնում իրենց քաղաքական կարիերայի շարունակության հնարավորությունը: Ըստ ամենայնի, կուսակցության ներսի քննարկումներում ԸՕ փոփոխությունը դիտվում է որպես մասնակցելու իմաստազրկման հիմք: Այսինքն, ԸՕ փոփոխությունը փաստարկ է չմասնակցելու կողմնակիցների օգտին, որոնք էլ այդպիսով կսկսեն արդեն ներսում իրավիճակի արմատապես վերանայման գործընթացը, փոխելով ՀՀԿ ներքին ստատուս-քվոն, ներքին դասավորությունը: Սրան զուգահեռ, ԸՕ չընդունումը ըստ էության փաստարկ կարող է լինել մասնակցելու կողմնակից ՀՀԿ թևերի կամ գործիչների համար, որոնք ուզում են պահել ստատուս-քվոն և ըստ այդմ իրենց դիրքը կուսակցությունում: Եթե նրանց հաջողվի խորհրդարանում տապալել ԸՕ ընդունումը և թողնել արտահերթից առաջ հինը, գուցե խորհրդարանի ընտրությանը մասնակցելու դեպքում անգամ հնով չհասնեն ոչնչի, սակայն կուսակցության ներսում կհասնեն հաղթանակի: Իսկ ՀՀԿ առումով բուն քաղաքական խնդիրը այս փուլում հենց կուսակցության ներսում է և ակնհայտ է, որ սրված է պայքարը ՀՀԿ-ում «իշխանության» համար:

Ընդ որում, հետաքրքիր է, թե արդյո՞ք այդ հարցում կամա, թե ակամա ՀՀԿ որ թևին կօժանդակի նոր կառավարությունը Ընտական օրենսգրքի ընդունման հարցում իր համառությամբ կամ այսպես ասած հնարավոր պակաս համառությամբ: Այստեղ օրվա ընթացքում զարգացումները կլինեն իրապես ուշագրավ, հատկապես նախօրեին ՏԻՄ ընտրությունների հետաքրքիր արդյունքների ֆոնին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache