Լրահոս

Իրանը կտրուկ փոխել է վերաբերմունքը Հայաստանին

 

arm14658436897

lragir.am-Թուրք-իրանական խորհրդակցություններ Հարավային Կովկասի հարցերով
Ամերիկացի փորձագետներ Պատրիկ Կլաուսոնի ու Ռոբերտ Սելտոֆի (մերձավորարեւելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտ) գնահատականներով, Իրանը եւ Թուրքիան վաղուց կանոնավոր խորհրդակցություններ են անցկացնում անվտանգության հարցերով, տարբեր խնդիրների կտրվածքով: Կանոնավոր ռեժիմում քննարկվող խնդիրներից են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, ներառյալ ղարաբաղյան խնդիրը:
Այս խնդիրներին զուգահեռ, քննարկվում են հարցեր, որոնք կապված են Նախիջեւանի եւ Ադրբեջանի ներքին քաղաքական գործընթացների հետ:
Իրանի ու Թուրքիայի միջեւ այս պրակտիկան գործում է վաղուց, սակայն իրան-իրաքյան պատերազմից հետո այն կրում է պարտավորեցնող ու կանոնավոր բնույթ:
Եթե ղարաբաղյան խնդիրը քննարկման առարկա է բավական վաղուց, նախիջեւանյան խնդիրը քննարկվում է 2001-ից: Դա բավական հետաքրքիր նախադեպ է դարձել, երբ երրորդ երկրների բավական վիճելի խնդիրները քննարկում են երկու շրջանային մակրոտերություններ: Ըստ տեղեկությունների, կողմերը կիրառում են շփման ու փաստարկման այնպիսի ոճ, կարծես թե խոսքը նրանց ներքին խնդիրների մասին է:
Երկու-երեք տարիների ընթացքում Թուրքիան փորձում էր Իրանին շահագրգռել այնպիսի քաղաքականության հարցում, որը կհանգեցներՀայաստանի թուլացմանը, ղարաբաղյան հարցում նրան հարկադրելով զիջումների: Թուրքիան բերում էր փաստարկներ, որոնք անակնկալ չէին Իրանի համար:
Թուրքիան փորձում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հեռանկարը ներկայացնել որպես պարտվողական այն պետությունների համար, որոնք աջակցում են Հայաստանին, Հայաստանը դիտարկելով որպես կողմ, որն այսպես թե այնպես կզիջի ոչ միայն Ղարաբաղը, այլեւ այլ տարածքներ, նախեւառաջ Մեղրին:
Հղում էր արվում Իրանի հյուսիս-արեւմուտքում բազմամիլիոն թյուրքալեզու բնակչությանը: Իրանին առաջարկվում էր միջնորդություն ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում, ինչպես նաեւ իրանական շահերի լոբբինգ Եվրոպայում: Իրանցիների համար այս փաստարկները համոզիչ չէին թվում:
2004 թ. վերջին Թուրքիան Իրանին առաջարկել է կազմակերպել Թուրքիա-Իրան-Ադրբեջան եռակողմ հանդիպում խնդիրների ողջ համալիր, սակայն առաջին հերթին ղարաբաղյան խնդիրը քննարկելու համար: Այդ առաջարկը հանգեցրեց խորհրդակցությունների որոշակի դադարի, որից հետո Թուրքիան չի ցուցաբերել ուշադրությունը ղարաբաղյան թեմայի վրա կենտրոնացնելու ցանկություն:
Անկարայում ու Բաքվում հասկացել են, որ Իրանի համար ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը մերձավոր շրջանների հանդեպ ռազմավարության մասն է, որը կապված է նրա անվտանգության կարեւորագույն հարցերին:
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ու Իրանի այս խորհրդակցությունների ռեժիմով հարաբերություններն, այնուամենայնիվ, դրական արդյունքներ են ունեցել Ադրբեջանի համար: Իրանը սահմանափակել է մտադրությունները ԼՂՀ-ին օգնելու եւ այլ գործունեության մասով, գործնականում հրաժարվել է դրանից:
Այսպիսով, Թուրքիային այնուամենայնիվ հաջողվել է կանխել Իրանի ավելի ակտիվ ներկայությունը Ղարաբաղում: Իրանը այս խորհրդակցությունների շրջանակներում փորձում է զերծ մնալ ղարաբաղյան թեմայի քննարկումից, զուգահեռ հռչակագրային հայտարարություններ անելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին:
2001 թ. Իրանը, օգտվելով հայ-ադրբեջանական հարաբերությունների վիճակից, փորձեց Ռուսաստանին առաջարկել որոշակի համաձայնություն հնարավոր օգնության մասին, թուրք-հայկական զինված հակամարտության դեպքի համար, նկատի ունենալով Հայաստանի ու Ռուսաստանի ռազմա-քաղաքական պայմանագիրը:
Սակայն Ռուսաստանը հասկացնել տվեց, որ այդ առաջարկը իմաստ չունի քննարկել, քանի որ շրջանում կառուցում է այլ քաղաքականություն: Անշուշտ, գնալով այդ քայլին, Իրանը ցանկանում էր պարզել Ռուսաստանի մտադրություններն ու դիրքորոշումները: Հնարավոր է Իրանը նաեւ փորձում էր հասնել հարաբերությունների մակարդակի բարձրացման, այդ թվում սպառազինության ու տեխնոլոգիաների մատակարարման մասով:
Մերժում ստանալով, Իրանը հնարավոր է գերադասեց կազմակերպել այդ տեղեկատվության արտահոսքը, քանի որ Թուրքիայի ռազմական ղեկավարությանը հայտնի դարձավ այդ նախաձեռնության մասին, ինչը ոչ երկարատեւ ճգնաժամ առաջացրեց թուրք-իրանական հարաբերություններում: Այդպիսով Թուրքիային հասկացրին, որ Իրանը պատրաստ է որոշակի արձագանքի ճգնաժամային իրավիճակի առաջացման դեպքում:
Որոշակի պահի ադրբեջանական քաղաքական ու վերլուծական գրականության մեջ կարելի էր նկատել ակնարկներ ու ռեպլիկներ Իրանի ծրագրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Իրանը Հայաստանի կողմը կլինի ռազմական հակամարտության դեպքում: Սակայն Իրանը չի ձգտում Հայաստանի հետ պայմանագիր կնքել պաշտպանության ու փոխօգնության մասին, Ռուսաստանի նմանությամբ:
Պետք է եզրակացնել, որ Իրանը ոչ հրապարակային խաղեր ու ինտրիգներ է անում՝ դրանցում ներքաշելով «հայկական» եւ «ղարաբաղյան» գործոնները:
Սակայն վիճակը փոխվել է 2016 թվականի ապրիլի պատերազմից սկսած, որում, Իրանի կարծիքով, Հայաստանը պարտվել է: Դժվար է ասել, թե Թուրքիան եւ Իրանը որքանով են քննարկել այդ իրադարձությունները, ինչպիսին է Իրանի դիրքորոշումը, սակայն, ամենայն հավանականությամբ, Իրանը հարաբերություն է ունեցել ոչ Թուրքիայի, ոչ էլ Ռուսաստանի, այլ Ադրբեջանի (ավելի շատ) եւ Հայաստանի հետ:
Տարածաշրջանային քաղաքականության գործընթացում գտնվողների համար լիովին հասկանալի է դարձել, որ Իրանն այլեւս հակված չէ պաշտպանել Հայաստանին ղարաբաղյան հակամարտությունում եւ ցանկանում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այս աղետալի իրավիճակի պատճառը հայկական արտաքին քաղաքականությունն է, նախեւառաջ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Իրանը հոգնել է Ռուսաստանից Հայաստանի անիմաստ կախվածությանը հետեւելուց, Իրանին սպառազինություն վաճառելու մասով Ռուսաստանի բացահայտ դավաճանությունից:
Ադրբեջանն ավելի գործունակ եւ բարենպաստ պետություն է, որի միջոցով կարելի է լուծել Արեւմտյան ուղղությամբ Իրանի կոմունիկացիոն խնդիրները: Հնարավոր է, Իրանը փոխի իր վերաբերմունքը, եւ դա հիմնականում կախված է Իրանի քաղաքական ղեկավարությունում ուժերի դասավորությունից:
Այդ պայմաններում ԱՄՆ-ին եւ նրա եվրոպական գործընկերներին դժվար կլինի շարունակել աջակցությունը Հայաստանին, եւ առավել հավանական է, որ Հայաստանի հարցը դրվի ԱՄՆ եւ Իրանի հարաբերություններում:
Իհարկե, Թուրքիան նոր իրավիճակում ավելի մոբիլ կլինի եւ Ադրբեջանի հետ միասին կփորձի աշխարհքաղաքականապես խեղդել Հայաստանին եւ հիմա շատ կարեւոր է, թե արդյոք Իրանը կմիանա Հայաստանի լիակատար խեղդմանը:
Ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է Իրանի հետ ներդաշնակեցնել հարավային ուղղությամբ Ռուսաստանին արգելափակելու քաղաքականությունը: Իրանը դժվար թե հրաժարվի այդ փորձերից:
Իրանը վաղուց սարսափելի արհամարհանքով է վերաբերվում Էդվարդ Նալբանդյանին, որին համարում է ռուսական ագենտուրայի տարր: Իրանցիները հենց մի շարք պաշտոնյաների գործունեության հետ են կապում Հայաստանի մահվան հեռանկարները:
Տեսնենք, հայերին մնում է միայն հետեւելը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...