Լրահոս

Իրանի համարձակ առաջարկը Հայաստանին

 

irani hamardzak arajarky hayastanin

lragir.am-ը գրում է. Ինչպես հայտնում է իրանական Fars գործակալությունը, Իրանի նավթի նախարար Ալի Մեջեդին հայտարարել է, որ Իրանը դիտարկում է Հայաստանի տարածքով Եվրոպա գազ արտահանելու տարբերակը: Իրանի նախարարը ասել է, որ թուրքական կողմի հետ քննարկել են Թուրքիայի տարածքով իրանական գազը Եվրոպա արտահանելու ծրագիր: Նա նաեւ նշել է, որ կա դեպի Եվրոպա իրանական գազն արտահանելու եւս երկու տարբերակ՝ Սիրիայով, Լիբանանով եւ Միջերկրական ծովով դեպի Եվրոպա, եւ տարանցում Հայաստանի ու Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա:
Թե որն է այդ երթուղիներից ամենահարմարը, դժվար է ասել: Պարզ է, որ խնդիրը միայն երթուղիների աշխարհագրական երկարությունը չէ, կան բազմաթիվ այլ գործոններ: Հետաքրքիր է սակայն, որ Իրանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես Եվրոպա գազի տարանցման տարածք:
Արդյոք Եվրոպան դիտարկում է իրանական գազի տարանցման այդ տարբերակը: Ընդհանրապես, Եվրոպան ի՞նչ ակնկալիք ունի Իրանի գազի կապակցությամբ: Օրերս տեղի էր ունեցել Մեծ Յոթնյակի երկրների էներգետիկայի նախարարների հավաքը Հռոմում, որտեղ քննարկվել էր Ռուսաստանի «էներգետիկ զինաթափման», Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը հաղթահարելու խնդիրը:
Այդ հանդիպման մասին տեղեկատվության մեջ նշված չէ, որ Եվրոպան այլընտրանքային տարբերակների թվում դիտարկում է իրանական գազի հեռանկարը: Խոսք է գնում ամերիկյան եւ կանադական սեղմած գազի մասին:
Հասկանալի է, որ Եվրոպան Իրանի գազի մասով կցուցաբերի զգուշավորություն: Չնայած Իրան-Արեւմուտք հարաբերության կարգավորման գործընթացի դրական միտումներին, Ռուսաստանին Իրանով հակակշռելու լուծումը Եվրոպայի համար իհարկե լավագույնը չէ: Մյուս կողմից, հազիվ թե ԱՄՆ եւ Կանադան համաձայնեն Իրանի գազի խոշոր ծավալների մուտքին Եվրոպա, քանի որ հյուսիսամերիկյան սեղմած գազի հիմնական շուկա դիտվում է հենց Եվրամիությունը:
Այդ իրավիճակում, դեպի Եվրոպա Իրանի գազը հասցնելու հարցը կարծեք թե այդքան էլ հրատապ-ռազմավարական չէ, առավել եւս, որ գազամուղի կառուցումը կպահանջի տարիներ, մինչդեռ Հյուսիսամերիկյան գազը Եվրամիություն կարող է հասնել ավելի շուտ: Բացի այդ, Եվրամիության երկրներում էլ ներկայում կատարվում են մեծ ներդրումներ թերթաքարային գազի արդյունահանման ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ, խնդիրը բուն գազը եւ տարանցումը չէ: Թեհրանն էլ անկասկած գիտակցում է, որ այդ հարցում ներկայում մրցակցությունը բավական մեծ է, եւ կան նաեւ մի շարք այլ հանգամանքներ, որոնք իրանական գազը Եվրոպա հասցնելու հեռանկարները բարդացնում են:
Խնդիրն այն է, որ իրանական կողմը հանդես է գալիս քաղաքական նախաձեռնությամբ եւ փորձում է օրակարգում հաստատել ու ամրապնդել այդ հարցը: Եվ այստեղ ակնհայտ է, որ Իրանը խոսելով Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցման տարբերակի մասին, Հայաստանին էլ անում է քաղաքական այդ նախաձեռնության մեջ ներգրավվելու առաջարկ:
Երբ Իրան-Հայաստան գազամուղն էր կառուցվում, տարանցման մասին առաջարկը գալիս էր Վրաստանից եւ Ուկրաինայից՝ 2004-05 թվականներին: Սակայն Հայաստանն այդ առաջարկները մերժեց, եւ գազամուղը Ռուսաստանի պահանջով կառուցվեց շատ ավելի նեղ տրամաչափով, քան պետք էր տարանցիկ ենթակառուցվածքի համար: Իսկ հետո էլ այն ընդհանրապես հանձնվեց Ռուսաստանին՝ 2006 թվականին:
Ներկայում առաջարկը գալիս է Իրանից, որն ընդհանրապես վերջին շրջանում երեւի հոգնեց Երեւանին նախաձեռնողականության ակնարկներ կամ բաց տեքստով հայտարարություններ անելուց: Բայց Հայաստանը ներկայում էլ ավելի է հանձնվել Ռուսաստանի գերիշխանությանը, որպեսզի համարձակվի տոն տալ իր տարածքով «ռուսական գազին այլընտրանքի» առաջարկին:
Հայաստանի իշխանությունը սառնասրտորեն եւ հաստատակամ հրաժարվել է միջազգային քաղաքական սուբյեկտությունից, հանուն սեփական հանրակությանն ու պետությունն ունեզրկելու միջոցով հարստության ու իշխանության իրավունքի, որի արտաքին հովանին է դարձել Մոսկվան: Իսկ այդ ամենի ծանր հետեւանքը կարող է կրկնապատկվել, որովհետեւ Հայաստանն այդպիսով արդեն ոչ միայն իր ապագան է վտանգում, այլ իր հավատարիմ ու կարեւոր հարեւաններին, ինչպիսին Իրանն է:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...