Լրահոս

Իրանի կոշտ նախազգուշացումն Ադրբեջանին

 

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաեւ Արցախի խնդրին: Ինչպես հայտնում է Արմենպրեսը, Քասեմին ասել է, որ ուշադրությամբ հետեւում են իրադարձությունների զարգացմանը եւ թույլ չեն տա, որ դրանք վնասեն Իրանի հյուսիսային շրջանների բնակչությանը:
Քասեմին կրկնել է նաեւ, որ Իրանին մշտապես մտահոգել է այլ ուժերի հնարավոր միջամտությունը:
Մի քանի ամիս առաջ Թեհրանում ընդունելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, Իրանի պաշտպանության նախարարն էր «հույս հայտնել, որ հակամարտության կողմերը չեն անի քայլեր, որոնք միջամտության առիթ կտան երրորդ երկրների»:
Անաթաքույց է, որ խոսքն իհարկե պատերազմի վտանգի եւ դրա հետեւանքով խաղաղապահների հնարավոր միջամտության մասին է, իսկ այլ կերպ ասած՝ պարզապես Ռուսաստանի միջամտության, որը կարող է տեղի ունենալ պատերազմի պարագայում:
Տարածաշրջանը, եւ այդ թվում նաեւ Իրանը բավական մոտ էր կանգնած իրեն «մշտապես մտահոգող» այդ խնդրին ապրիլյան քառօրյայի ընթացքում: Ապրիլի քառօրյա պատերազմը գործնականում ռուս-ադրբեջանական մի քանի տարի տեւած սերտ ռազմա-քաղաքական եւ ռազմա-տեխնիկական գործակցության տրամաբանական արդյունքն էր, որում կողմերից յուրաքանչյուրն իհարկե ուներ իր ակնկալիքը վերջնարդյունքի իմաստով:
Եթե Բաքվի մասով դա Արցախում հնարավորինս մեծ տարածքային հաջողության հասնելն էր` հնարավորինս արագ, մինչ բանը կհասներ Ռուսաստանի միջամտությանը, ապա Ռուսաստանի մասով իհարկե ակնկալիքը պատերազմի առիթն օգտագործելով արցախյան գոտում ռազմական ներկայություն ապահովելն է՝ հայկական կողմին օգնելու առիթով: Հենց այդ օգնության խնդրանքը նախապատրաստելու ակնկալիքով էլ Մոսկվան տարիներ շարունակ հետեւողականորեն օգնում էր Ադրբեջանին թե քաղաքական, թե ռազմա-տեխնիկական իմաստով մեծացնել առավելությունը Հայաստանի հանդեպ, որպեսզի նվազեր առանց Ռուսաստանի Ադրբեջանի գրոհին դիմագրավելու հայկական կողմի կարողության հավանականությունը:
Ապրիլին գուցե Ադրբեջանն էր ֆալստարտ տվել, գուցե սխալվել էին հայկական զինուժի մարտունակության հարցում, համարելով, թե ժամանակն է ու չի լինի դիմադրություն: Բայց բլից-կրիգը տապալվեց եւ հայկական զինուժը գործնականում կարողացավ խափանել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործակցության ակնկալվող արդյունքը:
Եթե դրա դեպքում իրեն «գցված» պետք է համարեր որեւէ մեկը՝ կամ Ռուսաստանը, կամ ավելի հավանական է՝ Ադրբեջանը, իհարկե հայկական կողմի հետ միասին, ապա այս դեպքում հայկական զինուժը պարզապես կատարելով իր առաքելությունը, ստեղծեց մի վիճակ, երբ «միմյանցից գցված» վիճակում հայտնվեցին ռազմավարական գործընկերներից երկուսն էլ՝ թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը: Թերեւս նաեւ հենց այդ հանգամանքով է ներկայում պայմանավորված Մոսկվայի եւ Բաքվի միջեւ վստահության անթաքույց կորուստը, թեեւ երկու կողմում էլ շարունակում է նկատվել փոխադարձ անհրաժեշտությունը:
Կասկած չկա, որ ապրիլյան պատերազմի այդ վտանգը շատ մոտ զգացել է նաեւ Իրանը, որը մշտապես դեմ է արտահայտվել ստատուս-քվոյին «երրորդ ուժի» միջամտության հեռանկարին: Ապրիլի պատերազմից գրեթե մեկ տարի անց, Թեհրանի խորհրդարանում ունեցած ելույթում Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացահայտել էր, որ Թեհրանը 2016-ի ապրիլի այդ օրերին պատվիրակություններ էր գործուղել Երեւան ու Բաքու՝ կրակի դադարեցման եւ կայունության հաստատման հասնելու համար:
Դրանից հետո Իրանը պաշտպանության նախարարի եւ այժմ արդեն ԱԳՆ խոսնակի մակարդակով կրկնում է, որ թույլ չի տա այդօրինակ զարգացում:
ԱԳՆ խոսնակ Քասեմիի հայտարարությունը մի կողմից իհարկե նախազգուշացում է Ռուսաստանին, մյուս կողմից Բաքվին, հաշվի առնելով նաեւ այն, որ Իրանի հյուսիսային շրջանների բնակչության մեջ զգալի թիվ են կազմում ադրբեջանցիները, եւ պատերազմի դեպքում Բաքուն գուցե հույս է փայփայում որեւէ զարգացում հրահրել այդ ուղղությամբ:
Չի բացառվում, որ այդ հույսը փայփայում է ոչ միայն Բաքուն, այլ նաեւ Մոսկվան, փորձելով այդ գործոնի միջոցով թուլացնել Իրանի դիմադրունակությունը արցախյան գոտում ռուսական ռազմական ներկայության հնարավոր պլանները կանխարգելելու հարցում:
Հատկանշական է, որ Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը հնչում է նախագահ Ռոհանիի երկրորդ ժամկետի պաշտոնամուտի արարողությունից անմիջապես հետո: Ի դեպ, առավել հետաքրքիր է, որ այդ արարողությանը չի մասնակցել Ադրբեջանի նախագահ Ալիեւը, նշանակալից մասնակցություն չի ունեցել նաեւ Մոսկվան: Իսկ Երեւանը մասնակցել է Սերժ Սարգսյանի մակարդակով: Ավելին, Սարգսյանը Իրան այցից առաջ բավական ուշագրավ շեշտադրումներով հարցազրույց է տվել իրանական մամուլին, խոսելով Հայաստանն Իրանի համար դեպի Սեւ ծով տարանցիկ ճանապարհ, ընդհուպ գազի տարանցման հնարավորություն դիտարկելու, ինչպես նաեւ անվտանգության ու կայունության ուղղությամբ համատեղ ջանքերի մասին:
Ի դեպ, Սերժ Սարգսյանն Իրանին այդ ուղերձները փոխանցում էր այն ժամանակ, երբ Հայաստանի զինուժի ստորաբաժանումը մասնակցում էր Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ վարժանքին, որտեղ նույնպես բացակայում էր Ադրբեջանը: Իսկ այդ վարժանքի մեկնարկին Վրաստանում էր նաեւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Դրանից առաջ նաեւ Հայաստանում ընդունել էին Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարարին: Ինչ խոսելիք կա այդ առումով Երեւանի եւ Իսրայելի նկատմամբ զգայուն Իրանի միջեւ, դժվար է ասել: Բայց, չի բացառվում, որ նաեւ երեւանյան այդ հանդիպումից հետո ստացած որոշակի ազդակի հիման վրա Թեհրանը նախընտրել է կոշտ զգուշացում ուղղել Բաքվին եւ նրա հնարավոր ռազմավարական գործընկերներին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing