Իրարանցում ընտրություններից առաջ

119

Կուսակցությունները հաշվում են շանսերն ու բոնուսները. ինչ են խոսում ինսայդերները

Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ արձակուրդ է վերցրել, եւ քաղաքական ուժերը մի երկու օր կարող են ազատ շունչ քաշել ու սկսեն նախապատրաստվել արտահերթ ընտրություններին առանց տեղեկատվական ֆորս մաժորի:

Կուսակցություններն սկսել են գնահատել ընտրություններին մասնակցելու հեռանկարները՝ փորձելով հաշվել ծախսերն ու բոնուսները չմասնակցելու դեպքում: Կարող է պարզվել, որ որոշ դեպքերում բոնուսներն ավելի թանկ են, քան մանդատը:

Հայկական թերթերը ինսայդերական տեղեկություններ են հրապարակում կուսակցությունների ներսից, որոնցով կարելի է երեւակայել քաղաքական գործընթացների մասին:

Տեղեկություն կա, որ Հայ ազգային կոնգրեսը որոշել է չմասնակցել ընտրություններին: Մասնակցելու կարիք էլ չկա՝ ՀԱԿ շատ ակտիվիստներ, հատկապես երիտասարդները վաղուց քաղաքականության մեջ են, դեռ հեղափոխության օրերից: Նրանք կարող են հայտնվել գործադիր իշխանությունում կամ էլ ՔՊ ցուցակով մտնել խորհրդարան: «Ավագները» արդեն իրենց գործն արել են՝ մարտի 1-ի քննությունը դարձել է քննչական մարմինների առաջնահերթությունը, Քոչարյանին թեկուզ մեկ շաբաթով ճաղերի հետեւում են պահել, Խաչատուրովին ազատել են պաշտոնից, եւ ում պետք է «պատժել» են: Չնայած այդպես էլ չի պարզվել, թե ով է սպանել 10 հոգուն, բայց ոչինչ: ՀԱԿ համար «գլխավոր բոնուսը» անկյուն քշված ՀՅԴ-ն է, որը խորհրդարան մտնելու հնարավորություն չունի:

Ինսայդերական տեղեկություններ են գալիս նաեւ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից: Ասում են, իբր նրա ցուցակում չեն լինելու Նաիրա Զոհրաբյանն ու այլ «հայտնիներ», նրանք դեսպաններ են նշանակվելու եվրոպական երկրներում, իսկ Գագիկ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեփականությամբ զբաղվել: Այնպես որ, խորհրդարանում երկրորդ տեղի համար պայքարելու ոչ մի պատճառ չկա: Ծառուկյանը որպես բոնուս կստանա սեփականության օրինականացում եւ սեփականատեր դարձած գլխավոր գործարարի տեղը:

Լույս դաշինքում եւս ամեն ինչ հարթ չէ: Հայկ Կոնջորյանը հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցությունից դուրս գալու եւ Քաղաքացիական պայմանագրին միանալու մտադրության մասին: Լուսավոր Հայաստանն իր հերթին հայտարարել է, որ միայնակ է մասնակցելու ընտրությանը, ոչ Հանրապետություն կուսակցության հետ:

Էդուարդ Շարմազանովն ասում է, որ հեղափոխությունն անհնար կլիներ առանց ՀՀԿ կառուցած ժողովրդավարության: Այսինքն, հանրապետականներն ակնարկում են, որ հեղափոխությանը լավագույնս ՀՀԿ-ն կարող է աջակցել: Հնարավոր է, դրա համար կուսակցությունը պետք է հեռավորություն պահի Քոչարյանից, ինչն էլ անում է: ՀՀԿ-ն իր բոնուսը ստացել է. գործող Ընտրական օրենսգրքով խորհրդարան մտնող նվազագույն ուժերի թիվը երեքն է, եւ ՀՀԿ-ում կարծում են, որ հնարավորություն կա ստանալու մանդատների քառորդ մասը:

Քաղաքացիական պայմանագիրը վերածվում է իսկական ցանցային կուսակցության: Ասում են, կուսակցությունն արդեն 150 հոգու ընդունել է, պատասխանի է սպասում եւս 7000-ը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache