Իրավապահների անսպասելի փոփոխությունը

185

«Խուզարկություն է կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն»:

Սա հատված է ԱԱԾ այսօրվա հաղորդագրությունից, որը վերաբերվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի տանը կատարված խուզարկությանն ու հայտնաբերվածին:

Շատերն են նկատել, որ սկանդալային բացահայտումների վերաբերյալ վերջին օրերի պաշտոնական հաղորդագրությունները քիչ ինչ դուրս են իրավական «կաղապարներից», դրանցում առկա է էմոցիոնալ պահ ու նույնիսկ «բարոյախոսություն»: Իրավական, քաղաքական շրջանակների շատ ներկայացուցիչների սա առիթ է տվել քննադատության, թե իրավապահների գործողությունները հաճախ չեն տեղավորվում իրավական-սահմանադրական շրջանակներում: Որ այդ հաղորդագրություններն իրենց մեջ բարոյական ճնշում են պարունակում, ուղղորդող են, ստեղծում են համապատասխան մթնոլորտ եւ այլն:

Մյուս կողմից, իրավապահներին էլ կարելի է հասկանալ՝ ոչ վաղ անցյալում նրանց թույլ չէին տալիս կատարել իրենց սահմանադրական պարտավորությունները, ստիպում էին կոծկել հանցագործությունները, ծառայել մի խումբ մարդկանց շահերին: Հիմա նրանց վերադարձրել են իրենց իսկական գործառույթը, եւ այստեղ անխուսափելի է էմոցիան՝ տասնամյակների նվաստացված վիճակից հետո:

Բացի այդ, այնպիսի այլանդակ բաներ են բացահայտվում, որ դժվար է թերեւս անտարբեր մնալ:

Պետք է հաշվի առնել նաեւ, որ այն, ինչ կատարվում է ներկայում, դա պայքար չէ կոռուպցիայի դեմ, այլ նախկին իշխող քրեա-օլիգարխիայի համակարգի ապամոնտաժումը: Պետք չէ մոռանալ, որ նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին էր, եւ այս պարագայում խնդրի բարոյական կողմը ձեռք է բերում մեծ նշանակություն: Համակարգի ապամոնտաժումից հետո արդեն սկսելու է պայքարը կոռուպցիայի դեմ, որպեսզի վերջ տրվի թղթային խեղկատակությանը: Այդ ժամանակ պահանջվելու են խիստ իրավական պաշտոնական տեքստեր:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache